Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 29-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ինչպես shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ժամը 19:00-ի սահմաններում, ԱՄՆ քաղաքացի, ժամանակավորապես Վահագնի թաղամասում բնակվող 58-ամյա Ռիչարդ Դիկրան Բեզջյանը վարելով «Lexus GX 470» մակնիշի 09 ՍՏ 660 համարանիշի ավտոմեքենան, Ջանիբեկյան փողոցում վրաերթի է ենթարկել 9-ամյա Հովիկ Շահբազյանին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթից հետո վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է Նաիրի բժշկական կենտրոն: Երեխայի կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում, իսկ երեխան սովորում է թիվ 166 միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ հատուկ պահպանման տարածք:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ռիչարդ Դիկրան Բեզջյանը աշխատում է «Էներջայս գլոբալ սերվիս» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի