Պատմական գիտությունների թեկնածու Արշավիր Գասպարյանը Aravot.am-ի հետ զրույցում առաջիկա նախագահական ընտրությունները անհետաքրքիր ու դժգույն որակեց, քանի որ, ըստ նրա, ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը իրականում այդպես էլ չունեցավ լուրջ մրցակից: Սակայն այս հարցում մեր զրուցակիցը ոչ միայն մեղադրում է առանձնին քաղաքական ուժերին, որոնք թեկնածու չառաջադրելով ճանապարհ բացեցին ՀՀԿ առաջնորդի դիմաց, այլ ժողովրդին: «Չեմ ուզում ասեմ, որ մեր հասարակությունը տգետ է, բայց կասեմ , որ քաղաքականապես զարգացած չէ: Ես ուզում եմ, որ առաջին հերթին ձևավորվի քաղաքական դաշտ, այսինքն մենք առաջին հերթին պետք է բարձրացնենք մարդկանց, քաղաքացու քաղաքական ինքնագիտակցությունը: Մարդիկ, իրոք հուսախաբված են մոտենում ընտրությանը, նրանք կարծում եմ, որ ընտրությունը մի ձևական երևույթ է, որ իրենց ձայնը ոչինչ չարժի: Բայց մենք պետք է այնպես անենք, որ հասարակությունը դառնա իր ձայնի տերը:
Տեսեք քաղաքակիրթ, նորմալ երկրներում , կարծեմ դա Շվեդիայում է, եթե մարդը չի մասնակցում ընտրություններին , պատասխանատվություն է կրում դրա համար, իսկ այսօր մեր երկրում 30 տոկոսն է մոտավորապես մասնակցում, էն էլ մենք գիտենք ինչ ձևով, ինչ մեխանիզմով է մասնակցում , այ վատը դա է: Հասարակությունը ավելի ակտիվ պիտի մասնակցի` 70-80-90 տոկոս ու նման դեպքում եթե շատ են մասնակցում տվյալ իշխանության լեգիտիմությունը ավելի բարձր է լինում, տվյալ իշխանությունը իր թիկունքին զգում է ժողովրդի ուժը, ձայնը և այլն, նոր էդ ժամանակ կարելի է խոսել: Այսինքն պետք է ժողովուրդը հասկանա, որ քվեն դա իրոք ուժ է , որ քվեն կարող է որևիցե բան փոխել, իսկ ներկա իրավիճակում ժողովուրդը ցավոք դա չի ընկալում: Նա անտարբեր լինելով ասում է`միևնույնն է իմ ձայնը ոչինչ չարժե, դա արդեն ժողովրդի մոտ առաջ է բերում կոմպլեքսավորում, թերարժեքության բարդույթ», -ասում է մեր զրուցակիցը:
Նկատենք, որ մեզ մոտ էլ պակաս պատասախանատվության չեն ենթարկում ընտրություններին չմասնակցողներին, միայն թե խոսքը այստեղ վերաբերում է պետական կառույցի աշխատողներին, որոնց չմասնակցելու ու ընտրազանգված չապահովելու դեպքում առնվազն սպառնում է է գործազրկություն:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև