Aravot.am-ը Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի ազատականություն գաղափարի ներկայիս դրսեւորումների մասին:
«Մեր պարագայում ոչ թե ազատականություն է, այլ սանձարձակություն: Ասում են` «ես ազատ եմ եւ սենց եմ ուզում անել»: Հիմա մեր ազատությունը վերցնենք եւ խիարի պես հարեւանի գլխի՞ն տանք, թե` ում աչքը մտցնենք: Ազատականությունը «ստեպ բայ ստեպ» (քայլ առ քայլ-խմբ.) պետք է գա: Պատկերացրեք` վագրին վանդակից գցեն անտառ…»,-ասաց Մազմանյանը:
Նա նշեց, որ ազատությունը ամեն օր տեսնում է Պրոսպեկտում` իր տան դիմաց, որտեղ երկու գիշերային ակումբ կա. «Ասում ենք` Մատենադարանը, Խորենացին, Պրոսպեկտը, բայց ամեն օր գիշերը ժամը 1-ից հետո ակումբների դիմաց իրար մռութ են ջարդում, կանայք հայհոյելով իրար են ծեծում տղերքի համար, տղերքն էլ ծեծում են իրար` չգիտեմ ինչի համար: Մի օր պարսկերեն հայհոյանք եմ լսում, մի օր` ռուսերեն, մի օր` հայերեն: Արդյոք պե՞տք էր այդ ազատականությունը մեզ: Արդյոք լավ չէ՞ր լինի դրա փոխարեն ընդհամենը օրենք հանել` «night club-երը` Երեւանից դուրս»: Տարրական բան է, չէ՞, բայց չի արվում»:
Մեր զրուցակցի խոսքով. «Անընդհատ ասում են, թե սոցիումը չի հերիքում, բայց ինձ ոչ մեկ չի կարող բացատրել, թե ինչու է Հայաստանում լոտոն ոչ պետական: Աշխարհում չկա այդպիսի բան. լոտոն հնարել է պետությունը, մասնավորապես` Նապոլեոնը` իր բյուջեն լցնելու համար: Առ այսօր Ամերիկայի լոտոների 80-85 տոկոսը պետությանն է: Լոտոն խաղացնողն է 15 տոկոսի տերը: Եթե մեր «տոտո-պոտո» լոտոները պետությանը լինեին, մեր թոշակառուն կստանար 60-70 հազար դրամ: Երբ այդպիսի տարրական բաները չեն անում, վրադ ունայնություն է գալիս»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ