Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին կարելի՞ է, իսկ ինձ՝ ո՞չ»

Դեկտեմբեր 30,2012 16:46

Պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի խմբագիր, ՀՀ              նախագահի  թեկնածու Գարեգին Ղազարյանը, այսօր Վարչական դատարանում բողոքարկեց վերջին 10 տարում Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ իրեն տեղեկանք չտրամադրելու ՀՀ Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության որոշումը:

Պարոն Ղազարյանը, ընտրություններում իր հաղթելու շանսերը, ինչպես ինքն է գնահատում` «զրոյին ձգտող է», իսկ տեղեկանք ձեռք բերելն էլ ընտրություններում ամեն գնով առաջադրվելու նպատակ չի հետապնդում: «2007-ին, երբ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվեցի,  ինձ էլի  տեղեկանք չտվեցին: Ես հպարտ եմ, որ ապրել եմ Արցախում ու աշխատել եմ Քաշաթաղի շրջանում:  Չեմ ժխտում, անձնագրային նշումս էլ պահպանվում է,  բայց եկեք հիշենք նախադեպերը: Ռոբերտ Քոչարյանը 1997-ի մարտին եկավ Երեւան, մշտապես բնակվում էր Արցախում,  ընտրվել էր 5 տարով  նախագահ , բայց 1998 –ին արտահերթ նախագահական ընտրություններում նույն վարչությունը նրան առանց խնդիրների տվեց տեղեկանք : Հիշենք նաեւ գործող նախագահի նախադեպը՝ 1990-ին,  մշտապես բնակվելով Ստեփանակերտում, ընտրվեց Հայաստանի գերագույն խորհրդի պատգամավոր:  2003-ին էլ ինքը դեռ 6 տարի էր բնակվում Երեւանում էլի 10 տարվա տեղեկանք տվեցին:  Վերին ատյան կա՞, արտոնյալ խավ կա՞, որին կարելի է, իսկ ինձ չէ՞: Հիմա հանուն արդարության , սկզբունքի եւ  ոչ թե հավակնությունների եմ պայքարում: Պարտադրում եմ պետությանը, որ ինձ տեղեկանք տա»,- Aravot.am-ին ասաց պարոն Ղազարյանը:

Նա համոզված է, որ այս ընտրությունները առանց կեղծիքների են անցնելու. «Փայլուն ընտրություններ են լինելու: Ղեկավարներն արդեն ապրում են 2018 թվականի օրացույցով , մտածում են՝  2018-ին ո՞վ է լինելու նախագահ, իրենց ժառանգորդ:  Աշխարհն ու Եվրոպան կարող են ծափահարել, որ լինելու է անկեղծիք ու թափանցիկ ընտրություն, ուղղակի կեղծիքի կարիք չկա: Մաքուր ընտրություններ՝ մեկ փուլով»:

Պարոն Ղազարյանի հայցով դատավճիռը կհրապարակվի վաղը, բայց նա վստահ է՝ այս անգամ էլ են մերժելու:

Հիշեցնենք, որ այսօր կրկին Վարչական դատարանում ՀՀ Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության՝  տեղեկանք չտրամադրելու որոշումը բողոքարկել էր նախագահի մեկ այլ թեկնածու՝ Սուրենավանի բնակիչ Մարտիկ Սարգսյանը:

Արփինե ՍԻՆՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31