Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյուլբենկյան 43 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի պատասխանում հեռախոսի և դռան զանգերին:
Ինչպես shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված շենք են ժամանել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ: Բնակարանի դուռը բացելու համար ժամանել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի հերթապահ խումբը և Հատուկ փրկարարական ջոկատի աշխատակիցները:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բացելով բնակարանի դուռը, ներսում հայտնաբերվել է 83-ամյա Կիմ Եգանյանի դին: Դատաբժշկի նախնական եղրակացության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չկան: 83-ամյա ծերունին հանկարծամահ է եղել:
Շենքի բակում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել են, որ Կ. Եգանյանը բնակվում էր միայնակ: Նա Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանի հորեղբայրն էր, իսկ նրա որդին՝ Ռաֆիկ Եգանյանը, «Օջախ» ռեստորանային համալիրի սեփականատերն է:
Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում: