Լրահոս
Օրվա լրահոսը

Բանկային համակարգը տարին վատ չի փակելու

Դեկտեմբեր 30,2012 11:45

Այս տարվա 11 ամիսներին բանկային համակարգում ավանդների ծավալն աճել է Դ178 մլրդ-ով կամ մոտ 17,8%-ով։ Վարկային պորտֆելի աճը կազմել է 23,7% կամ Դ301 մլրդ։ Հաշվետու ժամանակահատվածում բանկերի չբաշխված շահույթները կազմել են Դ34,23 մլրդ՝ մոտ Դ3 մլրդ-ով գերազանցելով ամբողջ 2011-ի ծավալը։

Չնայած շահույթների ծավալային աճին, բանկային համակարգում խորացել են նաև ռիսկերը։ Խնդիրն այն է, որ այս տարվա տասնմեկ ամիսներին շարունակել է ավելանալ արտարժույթով ավանդների ծավալը. նոյեմբերի վերջին ավանդների 70%-ը եղել է արտարժութային՝ անցած տարվա դեկտեմբերի վերջի 69,8%-ի համեմատ։

Ազգային արժույթի նկատմամբ վստահությունը նվազել է հիմնականում ռեզիդենտների մոտ. եթե ոչ ռեզիդենտների արտարժույթով ավանդների ծավալը հաշվետու ժամանակահատվածում աճել է 5%-ով, ապա ռեզիդենտներինը՝ 24,5%-ով։ Ուշագրավ է, որ ոչ ռեզիդենտների դրամային ավանդների աճը կազմել է 60%, ռեզիդենտներինը՝ 15%։

Ազգային արժույթով ավանդների ծավալի աճը պայմանավորված է հիմնականում բանկերի տոկոսադրույքային քաղաքականությամբ։ Մեկ տարի ժամկետով դրամային ավանդների միջին տոկոսադրույքը այս հունվար-նոյեմբերին աճել է մոտ 2 տոկոսային կետով՝ նոյեմբերին կազմելով 12,9%։ Այս ընթացքում արտարժույթով ավանդների տոկոսադրույքի աճը կազմել է 0,3 տոկոսային կետ՝ հասնելով 8,18%-ի։

Համաձայն հայաստանյան օրենսդրության՝ ցպահանջ է ավանդը, թե ժամկետային, ավանդատուի կողմից գումարը հետ ստանալու պահանջի դեպքում բանկերը պարտավոր են անմիջապես վերադարձնել այն։ Նման պայմաններում փոխարժեքային ռիսկերը բավական փոքր են։ Պարզ ասած՝ դրամի կտրուկ արժեզրկման դեպքում ավանդատուն ցանկացած պահի կարող է դրամային ավանդը վերաձևակերպել արտարժութայինի։

Ավանդների կառուցվածքի փոփոխությունն ու այս տարվա ընթացքում դրամի արժեզրկումը բանկերին ստիպել են ավելի շատ արտարժութային վարկեր տրամադրել՝ ռիսկերը մեղմելու նպատակով։ Դեկտեմբերի վերջի դրությամբ բանկերի վարկային պորտֆելի 64,2%-ը կազմել են արտարժույթով վարկերը, այն դեպքում երբ անցած տարվա ցուցանիշը 61% էր։

Արտարժույթով վարկեր բանկերը տրամադրել են հիմնականում ձեռնարկություններին (ծավալը տասնմեկ ամիսներին աճել է 40%-ով)։ Վարկերն ուղղվել են հիմնականում արդյունաբերության և առևտրի ոլորտներ։

Արդյունաբերությունում արտարժութային վարկերի 55%-ը (մոտ Դ50 մլրդ) ուղղվել է հանքարդյունաբերություն։ Թեև այս ոլորտի արտադրանքն ամբողջությամբ արտահանվում է, և ընկերությունները չեն կրում արտարժութային ռիսկեր, համաշխարհային շուկայում պահպանվող անորոշության պայմաններում ռիսկային է ամբողջ ոլորտը։

Ուշագրավ է, որ առևտրի ոլորտին տրամադրված մոտ Դ45 մլրդ-ի արտարժութային վարկերի Դ26 մլրդ-ը կամ մոտ 60%-ն ուղղվել է մանրածախ առևտրի ոլորտ։ Սա նշանակում է, որ դրամի հետագա արժեզրկման պայմաններում տնտեսվարողներն արտարժութային այդ ռիսկերը տեղափոխելու են սպառողների ուսերին՝ գների բարձրացման ճանապարհով։

Արմենակ ՉԱՏԻՆՅԱՆ

«Օրակարգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31