Գյումրեցի երիտասարդ ակտիվիստներ` Հասմիկ Տոնապետյանը, Արսեն Վարդանյանը և Մարինե Խաչատրյանը «Շիրակ կենտրոն»-ի տեսանյութերում ներկայացված գյումրեցի անօթևան բազմազավակ և միայնակ մայրերի ընտանիքներին երեկ բաժանեցին վառելափայտ, սնունդ և հագուստ: Երիտասարդները վառելափայտը ձեռք էին բերել Հասմիկ Տոնապետյանի ֆեյսբուքյան «պարզապես ամերիկացի քրիստոնյա» ներկայանալ ցանկացող ընկերներից մեկի կողմից ուղարկված գումարով: «Շիրակ կենտրոն»-ի հետ համատեղ անցկացված բարեգործական ակցիայի հագուստը տամադրել էր ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանը, իսկ սնունդը երևանցի երիտասարդ գործարարներ Արմենը և Արմանը:
Վաղուց շարքից դուրս եկած, պաղ և խոնավ տնակներում մի կերպ պատսպարված անօթևան և սոցիալապես ծանր պայմաններում գտնվող այս 7 ընտանիքներից և ոչ մեկը վառելափայտ չէին կարողացել ձեռք բերել և որպես վառելիք օգտագործում էին այս ու այն կողմից հավաքված պլաստամասե շշեր, ծառի ճյուղեր և արկղեր:
Ամանորի նախաշեմին երիտասարդ ակտիվիստների կողմից կազմակերպված այս ակցիայի շնորհիվ շուրջ 25 երեխաներ և նրանց ծնողները Նոր տարին կդիմավորեն տաք պայմաններում:
Երիտասարդ ակտիվիստների և «Շիրակ կենտրոն»-ի համատեղ բարեգործական ակցիայի մասին պատմող տեսանյութը` առանց մեկնաբանության:
«Շիրակ կենտրոն»-ի մամուլի հաղորդագրություն