Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ ընդունել է «Ազատություն» կուսակցության կողմից Հանրապետության նախագահի 2013թ.-ի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում թեկնածու առաջադրվելու համար կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի փաստաթղթերը: Այս մասին «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնեց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
Սա այսօր ներկայացված չորրորդ հայտն է: Մինչ այդ ինքնքնաառաջադրման միջոցով առաջադրվել էին անկուսակցականներ` Պավլիկ Սարգսյանը, Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը և ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
Այսպիսով` ԿԸՀ-ն դեկտեմբերի 25-ից ի վեր արդեն ստացել է թեկնածուների առաջադրման 10 հայտ:
Նախորդ երեք օրերին առաջադրվել էին ՀՀ գործող Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, անկուսակցականներ, ոչ մի տեղ չաշխատող` էպոսագետ, 1967թ.-ին ծնված Վարդան Սեդրակյանը և 1970թ.-ին ծնված Մհեր Հայրապետյանը, «Ռադիո Հայ» ՍՊԸ ժողովի նախագահ, 1970թ.-ին ծնված Անդրիաս Ղուկասյանը: Ս.Սարգսյանն առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից, մնացած հինգը` ինքնաառաջադրման միջոցով:
Հիշեցնենք, որ Հանրապետության Նախագահի թեկնածուների առաջադրման գործընթացը կտևի մինչև հունվարի 4-ը: