«Հանրությունը տեղյակ է, որ ՀՀԿ-ն նախորդ ընտրություններում ընտրակաշառք է բաժանել։ Ընտրակաշառք տալը և վերցնելը քրեորեն պատժելի արարք են։ Հետեւաբար, կարծում եմ՝ ՀՀԿ-ն չունի բարոյական, քաղաքական և իրավական իրավունք մասնակցել ընտրություններին իր թեկնածուով։ Հայաստանի համար լավ կլիներ, եթե ՀՀԿ-ն հրաժարվեր ընտրություններում մասնակցելուց իր սեփական որոշմամբ եւ ոչ թե հանրային ճնշման տակ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:
Պարոն Ղուկասյանը հունվարի 15-ին պատրաստվում է դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ՀՀԿ թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանի գրանցումը անվավեր ճանաչելու պահանջով.
«Նախկինում ընտրակաշառք բաժանող կուսակցության մասնակցությունը ընտրություններում ուղղակիորեն խախտում է իմ ընտրական իրավունքը։ Այդ սուբյեկտիվ իրավունքը պաշտպանելու համար, օրենքով սահմանված կարգով դիմելու եմ հանձնաժողով, որ այն իրականացնի բոլոր անհրաժեշտ գործողություններն ինձ համար ազատ եւ արդար ընտություններ ապահովելու համար։ Դա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանադրական պարտականությունն է»:
Ա. Ղուկասյանը վստահեցնում է՝ հենց ԿԸՀ որոշումից էլ պարզ կդառնա ընտրություններին մասնակցող թեկնածուների ուժային դասավորությունը:
Կարդացեք նաև
Նա նաեւ որոշել է «ջրի երես» հանել այս ընտրություններում գործող նախագահի օգտին առաջադրված թեկնածուներին. «Հունվարի 8-ին առաջարկելու եմ բոլոր ընդիմադիր թեկնածուներին միասնական հանել իրենց թեկնածությունները։ Այն թեկնածուներին, ովքեր չեն միանա այդ առաջարկին, դիտարկելու եմ որպես Սերժ Սարգսյանի կողմակիցներ»:
Պարոն Ղուկասյանի համար արժեք չունեն ՀՀԿ-ականների պնդումները, թե իրենց թեկնածուից բացի, մյուսները պայքարելու են 2-րդ տեղի համար. «ՀՀԿ-ականների պնդումները կես կոպեկ չարժեն․ Ես գտնում եմ, որ եկել է այդ կուսակցությունը լուծարելու ժամանակը։ Դա իմ նախընտրական ծրագրի առանցքային կետերից է»:
Նա նաեւ ասաց, որ երեկ առաջադրվելու վերաբերյալ ԿԸՀ ներկայացրած իր փաստաթղթերը ամբողջական ու անթերի են: Նա արդեն վճարել է 8 միլիոն դրամ գրավը եւ փաստաթղթերին կցել է նաեւ վճարման տեղեկանքը:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը «Ռադիո Հայ» ՍՊԸ ժողովի նախագահն է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ