Ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 26-ին «Դալմա Գարդեն մոլ» առևտրային կենտրոնում տեղի ունեցած գողության փաստով:
Ինչպես shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` այդ օրը, 20:40 -ի սահմաններում, անհայտ անձը առևտրի կենտրոնում գտնվող Ավան-Առինջի բնակիչ 33-ամյա Ռոբերտ Էվանեսյանի գրպանից գողացել է դրամապանակը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դրամապանակում եղել է 2600 ԱՄՆ դոլար, 100 վրացական լարի, 350 հազար դրամ և «Էյջ-Էս-Բի-Սի բանկ» ՓԲԸ-ի և «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի 2 բանկային քարտեր:
Դեկտեմբերի 27-ին, առավոտյան, Ռ Էվանեսյանը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի Կիևյան մասնաճյուղում բանկային քարտերը կասեցնել է տվել: Եվ որոշ ժամանակ անց բանկից հայտնել են, որ բանկային հաշիվները համացանցով օգտագործելու փորձ է կատարվել:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ռ. Էվանեսյանը աշխատում է «Դիջի ընդ Հադսոն» ՍՊԸ տնօրեն: