«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանի համար 2013 թվականի նախագահական ընտրություններն ամենամրցակցայինն են լինելու:
«Այս ընտրություններն այնքանով են տարբերվում նախորդներից, որ ձայները պետք է բաժանվեն ըստ քաղաքացիների նախապատվության: Բոլոր նախորդ ընտրություններում կար մի թեկնածու, որին ժողովուրդը համարել է հավանական հաղթող թեկնածու, ում էլ գնում էր ընտրողների ձայների գերակշիռ մասը: 2003-ին Կարեն Դեմիրճյանն էր, 2008-ին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը. աս ընտրություններում չկա հավանական հաղթող այդ թեկնածուն»,- Aravot.am-ին ասաց պարոն Հարությունյանը եւ բացատրեց, թե ինչու է այս ընտրություններում հաղթելու իր շանսերը բարձր գնահատում. «Ես պայքարում եմ առաջին տեղի ու ընտրությունների երկրորդ փուլի համար: Երկրի վիճակն ավելի վատ է քան 2008-ին: Եթե 2008-ին ԲՀԿ-ն պաշտպանում էր Սերժ Սարգսյանին, այս անգամ չի պաշտպանում, եւ իշխանության թեկնածուի մասին ժողովուրդն ավելի վատ կարծիքի է , քան 2008-ին: Եթե խայտառակ ձեւով չկեղծեն ընտրությունները, կլինի ընտրությունների 2-րդ փուլ, իսկ այդ փուլում իշխանության թեկնածուն պետք է որ չհաղթի»:
Պարոն Հարությունյանը հարգում, բայց չի ընդունում ընտրություններին չմասնակցելու ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի որոշումը, որովհետեւ. «Երբ երկիրն այս վիճակում է, իսկ իրենք հաջորդ քայլն էլ չեն ասում, այդ դեպքում քաղաքացուն թողնում են մենակ այս մութ աշխարհում՝ որեւէ խոսք չասելով»:
Նա նաեւ ընդգծեց, որ առաջադրված նախագահի թեկնածուներից ամենասկզբունքայինն ինքն է. «Ճամբար չեմ փոխել, ինչ-որ կանխատեսել եմ՝ իրականացել է»:
Կարդացեք նաև
Թե ինչու է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավարը հրաժարվել կուսակցության կողմից առաջադրվելուց եւ ինքնաառաջադրվել է, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Ես ասել եմ՝ ուզում եմ ինքաառաջադրվեմ, որովհետեւ գտնում եմ, որ նախագահը չպետք է լինի որեւէ կուսակցությանը: Մեր հիմնական ողբերգությունների պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանը հանրապետական է, նա պետք է վեր լինի բոլոր կուսակցություններից, լինի բոլորի նախագահը: Բնականաբար, «Ազգային համաձայնություն» կուսակցությունը կսատարի ինձ, բայց չեմ ուզում նախագահ ընտրվեմ, եւ հանրապետականների մեծ մասը դառնա «Ազգային համաձայնություն» կուսակցության անդամ»:
Պարոն Հարությունյանը առաջադրվելու վերաբերյալ իր փաստաթղթերը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել երեկ, բայց առանց 8 միլիոն դրամ գրավի վճարման տեղեկանքի: «Այդ իմաստով խնդիր չկա, մենք ժամանակի մեջ կտեղավորվենք»,- վստահեցրեց նա:
ԿԸՀ առաջադրման դիմում է ներկայացրել արդեն 8 թեկնածու՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, ֆիզիկոս Մհեր Հայրապետյանը, ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, «Ռադիո Հայ» ՍՊԸ ժողովի նախագահ Անդրիաս Ղուկասյանը եւ ինքնառաջադրված Պավլիկ Սարգսյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ