Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից շարունակվում են բնակչության պետական ռեգիստրում մշակվող տեղեկությունների հավաստիությունն ու լրիվությունն ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Իրականացված միջոցառումների արդյունքում ձեռք բերված տեղեկություններն հերթական անգամ ամփոփվել են 2012 թ. դեկտեմբերի 28-ին:
Ոստիկանության ծառայողներն այցելություններ են կատարել պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում փոխհատուցման կարգով նոր բնակարաններ ստացած 9641 քաղաքացիների բնակարաններ, որոնցից 7175-ին պարզաբանել են բնակչության պետական ռեգիստրի մասին օրենսդրության պահանջները՝ քանդված, փլուզված կամ այլ կերպ գոյություն չունեցող հասցեների հաշվառումից հանվելու և իրական բնակության վայրի հասցեներում հաշվառվելու վերաբերյալ, իսկ 2484-ին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներն արդյունք չեն տվել:
Արդյունքում՝ 28.12.2012 թ. դրությամբ 1069 քաղաքացիներ հաշվառվել են փոխհատուցման կարգով ստացած նոր բնակելի տարածությունների հասցեներում:
Մահացած քաղաքացիների մերձավոր ազգականների շրջանում իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ ընտրողների ռեգիստրից հանվել են շուրջ 715 մահացածի անհատական տվյալներ, որոնց վերաբերյալ սահմանված կարգով և ժամկետում բնակչության պետական ռեգիստրը չէր տեղեկացվել:
Բնակչության պետական ռեգիստրում քաղաքացիների անհատական տվյալների ճշտությունն ապահովելու նպատակով, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ, բնակչության պետական ռեգիստրի պահոցից առանձնացվել են նաև այն հասցեները, որոնցում հաշվառված են 10 և ավելի քաղաքացիներ:
Ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների ծառայողները այցելություններ են կատարել 8774 հասցեներ, որոնցից 746-ում քաղաքացիներ չեն բնակվել, իսկ 278-ը եղել են սեփականատեր չունեցող հասցեներ, չհասցեավորված շինություններ, հիմնարկ-ձեռնարկություններ, հասարակական նշանակության օբյեկտներ:
Ոստիկանության աշխատակիցները սեփականատերերին պարզաբանել են տարածքային անձնագրային ծառայություններ դիմելու և իրենց բնակարաններում հաշվառված, սեփականության և օգտագործման իրավունք չունեցող անձանց հաշվառումից հանելու՝ օրենսդրությամբ վերապահված իրավունքները:
ՀՀ ոստիկանություն