Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղը հարակից է «Շիկահող» պետական արգելոցին: Գյուղի անմիջապես դիմացը «Սոսու պուրակ» արգելավայրն է: Անտառի մեջ գտնվելով` գյուղացիները շատ ժամանակ ստիպված են լինում զգուշանալ վայրի կենդանիներից: Լինում են դեպքեր, երբ գայլերը եւ շնագայլերն ուշ ժամերին կեր փնտրելու նպատակով գյուղամեջ են իջնում: Ներքին Հանդի բնակիչներն ասում են, որ գայլերը կխուսափեին գյուղում ազատ տեղաշարժվել, եթե գյուղը լուսավորված լիներ: Այնինչ գյուղում փողոցային լուսավորություն չկա եւ մութ ժամերին տեղաշարժվելն անվտանգ չէ:
«Փողոցային լույսերից միայն մի տեղ կա գյուղում, բայց մեկը քիչ է մի ամբողջ գյուղի համար, որոշ մարդիկ էլ տանից լույսը քաշել են դեպի դարպասները: Մութ ժամերին, եթե մարդ է ուզում գալ տուն, նախապես զանգում է, որ հայաթի լույսը վառենք` դուրսը մի քիչ լուսավորվի ու աչքների առաջները տեսնեն: Անտառի մեջ ենք. գայլերը, չախկալները կարելի է ասել գյուղի մեջ են: Գիշերվա կես, որ ձայները լսում ես, էնենց է արձագանքում ու էնքան մոտիկից է լսվում, կարծես թե տանդ մեջ լինեն: Եթե գյուղը լուսավորվի, գոնե որոշ չափով դրանք կվախենան գյուղ գալ ու ազատ ելումուտ չեն անի այլեւս», – ասում են Ներքին Հանդի բնակիչները:
Եթե ձմռանը գայլերի ու շնագայլերի պատճառով է վտանգավոր չլուսավորված գյուղում տեղաշարժվելը, ապա ամռանն էլ`օձերի: Մութն ընկնելուն պես ոչ միայն տեղաբնակներն էին հանդիպում հով ասֆալտի վրա փռված օձերի, այլեւ` ամառվա սեզոնին գյուղ եկած բազմաթիվ հովեկները, ովքեր մութ գյուղում ստիպված էին լինում տեղաշարժվել լուսատու տարբեր առարկաներով:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ