Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Կազմակերպության (ՀԵՀԵԿ) կենտրոնական գրասենյակն այսօր Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Սարգիս Եկեղեցու «Արարատ» հոգևոր միության հետ համատեղ ԱՀԹ Առաջնորդարանի դահլիճում կազմակերպեց նախատոնական միջոցառում:
ԱՀԹ Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» միության հոգեւոր պատասխանատու տեր Հակոբ քահանա Խաչատրյանը ելույթի խոսքում նշեց, որ միջոցառումն առիթ է` մասնակիցներին հոգեւոր գիտելիքներ փոխանցելու համար. «Մեր ժողովրդի կյանքում շատ դրսեւորումներ կան, որոնք հաճախ խարսխված չեն հոգեւոր բովանդակության վրա: Օրինակ, մարդկանց մի մասը Սուրբ Սարգսի տոնի առթիվ ճաշակում է աղի բլիթ, բայց չգիտի, թե ով է Սուրբ Սարգիսը: Մեր գործունեության առանցքն է ` հոգեւոր գիտելիքներ փոխանցել ժողովրդին եւ յուրաքանչյուրին հնարավորություն ընձեռել իր մասնակցությունը բերել եկեղեցու քարոզչությանը: Մեզ միավորում է այն զգացումը, որ այսօրվա թոհ ու բոհի եւ հազար տեսակ գայթակղությունների առջեւ մի պահ պետք է կանգ առնենք եւ հոգեւոր զգացումներ ապրենք»:
Միջոցառման ընթացքում ազգագրագետ, նկարչուհի Լուսիկ Ագուլեցին ներկայացրեց Ամանորի խորհրդանիշներից բաղկացած տոնական տաղավարը: «Տոնական կենաց ծառը պատրաստված է բնական բույսերից` ավելից եւ աքլորակատարից: Ծառը զարդարող տիկնիկներից յուրաքանչյուրն ունի իր գործառույթը. մեկը հաց է թխում, մյուսը` խնոցի հարում եւ այլն: Ամանորի ծառը խորհրդանշում է արական եւ իգական սեռերի միասնության գաղափարը: Նախկինում Սուրբ ծնունդ ավելի ճոխ են տոնել, իսկ մինչ այդ պաս են պահել: Սուրբ Ծննդյան խորհրդանիշը խաչն է` զարդարված նռներով, մեխակներով եւ վարդերով»,-ասաց տիկին Ագուլեցին:
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը, ներկայացնելով տոնական սեղանը, նշեց, որ Ամանորի ծիսական ուտեստներն են քաշիկան, որը հարիսայի տարատեսակ է, աղանդերը` փոխինդե գնդիկներ, որոնք համարվում են «Սնիկերսի նախահայրը», կենդանիների եւ մարդկանց կերպարներով պատրաստված խմորեղեններ, հալվա, մեղրով, չամիչով եւ ընկույզով լցոնած մրգեր եւ այլն:
Կարդացեք նաև
Միջոցառման ընթացքում ելույթներ ունեցան ԱՀԹ «Արարատ» միության համանուն երգչախումբը եւ պարախումբը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ