Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպիսի՞ն է անցնող տարին Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի համար

Դեկտեմբեր 28,2012 21:51

Երեկ մարզխորհրդի տարեվերջյան նիստի ժամանակ մեծ ուշադրությամբ ունկնդրելով մարզպետարանի բոլոր վարչության պետերի ամփոփիչ զեկույցներն ու որոշակի դիտողություններ անելով`  Շիրակի գեներալ մարզպետ Աշոտ Գիզիրյանը ևս հանդես եկավ հաշվետվությամբ`  ներկայացնելով թե ինչ գործեր են կատարվել Շիրակի մարզում 2012 թվականի ընթացքում: «Ինչպես անցնող ամեն տարի,  2012 էլ նշանավորվեց իր լավ ու վատ կողմերով, ի՞նչ կարողացանք անել, ինչի՞ հասանք այս հարցերի պատասխանը միանշանակ չէ: Քաղաքական առումով տարին լարված էր, բայց մենք կարողացանք այդ փորձություններից պատվով դուրս գալ, ընտրությունները անցան ազատ, արդար և թափանցիկ:

Այն նոր ծրագրերը, որ նախանշել էինք 2012 թվականին հիմնականում կյանքի են կոչվել: Դրանց մասին արդեն խոսեցին վարչության պետերը, հակիրճ ներկայացնեմ իմ նկատառումները: Ինչպես տեսաք, բնակարանային փոփոխություններ են արձանագրվել հատկապես բնակարանային շինարարության մեջ, անօթևաններին բնակարաններով ապահովելու ծրագրի իրականացումը Հայաստանի հանրապետության նախագահի  նախընտրական խոստումն էր , որը լիովին կյանքի է կոչվում, չեմ ասում լրիվ մենք դա վերջացրել ենք, խնդրում եմ ուշադիր լինեք, կյանքի է կոչվում, իհարկե,  մենք դեռ անելիքներ ունենք: Հաջորդ տարում ու առաջիկա ժամանակաշրջանում անելիքները շատ են ու բազմաբնույթ, այսօր տասնյակ ընտանիքներ ապրում են վթարային շենքերում, տնակներում, պետք է  լուծենք այդ խնդիրը»,- ասաց մարզպետը:

Նա խոսեց նաև ճանապարհաշինությունից , կտուրների վերանորոգումից,  Գյումրու նորակառույց բժշկական  կենտրոնից, Գյումրին տեխնոքաղաք դարձնելուց, Արփա լճի տարածքում բնապահպանական ծրագիր իրագործելուց  ու առհասարակ  անելիքներից, որոնց մեջ մտնում էր նաև  առաջիկա նախագահական ընտրությունները: Մարզպետը, երբեմն դադարեցնելով իր ելույթը, անմիջական, անկեղծ երկխոսության մեջ էր մտնում  գյուղապետերի հետ` նրանց որոշակի խորհուրդներ տալով: Խոսելով գյուղատնտեսության  ոլորտում պետության ցուցաբերած աջակցությունից.  արտոնյալ պայմաններում հատկացված դիզվառելանյութից,  տրամադրած առաջին վերարտադրության սերմնացուից, Աշոտ Գիզիրյանը   ընդհատեց իր ելույթը ու դառնալով գյուղապետերին` ասաց. «Մենք պետք է փնտրենք  ճանապարհներ, որ կարողանանք օգնենք գյուղացուն, որ իր աճեցրած բերքը հասնի սպառողին: Գիտե՞ք ինչ , սա զուտ խոսքեր չեն, կարող է սա էն տեղը չէ, բայց պետք է ասեմ: Մարդը, որ կարտոշկա է ման գալիս, ես ասել եմ` մեր մարզում կա,  արի, մեր մարզից գնի, էսօր վաղը պետք է մի 5-10 տոննա ուղարկեք: Կառավարությունը շատ բան է անում, բայց խնդրում եմ դուք հասկանաք, ինչո՞ւ եմ սա ասում.ցանկացած մարդ, ցանկացած պաշտոնյա կարող է դա անել, ծրագիր չունենք  այսօր, որպեսզի  կարողանանք   ամբողջ  կարտոֆիլը  իրացնենք, որտե՞ղ պետք է իրացնենք.  կամ պետք է տանք Պաշտպանության նախարարությանը, կամ հարևան Վրաստանի հանրապետություն: Եթե դուք ուզեք, ցանկություն ունենաք,  կարող եք շատ լավ աշխատել, համայնքապետեր կան, որոնք իրենք զբաղվում են կարտոֆիլագործությամբ,  իրենց ստացած եկամուտը շատ լավ իրացվում է, այ,  որ բնակչին է պետք իրացնել, դուք պետք է օգնենք»:

Մարզպետի ելույթի մեջ տեղ-տեղ  դիտողություններ կային ` ուղղված  համայնքապետերին: Ըստ  նրա, երբ համայնքապետերը համայնքների առաջնահերթ խնդիրները լուծելու համար իրեն են մոտենում, ինքը   փորձում  է լուծել ամենատարբեր միջոցներով, անգամ սեփական ուժերով , սակայն չգիտես, ըստ պարոն Գիզիրյանի,  համանքապետերի մեծ մասը այդ խնդիրների լուծումը տեսնում է ընդամենը    բարձրաձայնելով: Մինչդեռ, ըստ նրա, յուրաքանչյուր համայնքապետ կարող է ճիշտ օգտագործել իր գործարար կապերը, նվազեցնել գործազրկությունը: Պարոն  Գիզիրյանը  նաև հիշեցրեց, որ ինքը մարզպետ ընտրվելու օրվանից հայտարարել է, որ  նախընտրում է  աշխատել այն համայնքապետերի հետ, որին ընտրել է ազգաբնակչությունը:

Այնուհետ  դառնալով իր կողքին նստած Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին` Աշոտ Գիզիրյանը ասաց, որ ուրիշ  մարզերի  բիզնեսմենները  ավելի մեծ ներդրումներ են կատարում իրենց մարզերում  ու քաղաքներում, քան շիրակցիներն ու գյումրեցիները: «Ինձ համար անհասկանալի է, թե ի՞նչն է պատճառը, մենք` ես, դուք` պարոն Բալասանյան,  դուք պարոն Աբրահամյան (ի նկատի ուներ Արթիկի քաղաքապետին ), հիմնականում խոսքս քաղաքային համայքներին է վերաբերում,  ոչ թե պետք է խոչընդոտենք, այլ շահագրգռենք, որպեսզի նրանք կարողանան մեր մարզում, մեր քաղաքներում ներդրումներ կատարեն, հավատացած եղեք,  այդ ցանկությունը նրանց մոտ կա, պետք է ուղղակի հետևողական լինեք և աշխատանքեր տանեք», -ասաց Աշոտ Գիզիրյանը:

Ամփոփելով  իր խոսքը` մարզպետը  հիշեցրեց, որ  առջևում  նախագահական ընտրություններն են: «Տարին սկսվում է  լուրջ քաղաքական իրադարձությամբ, տեղի են ունենալու նախագահական ընտրություններ,  մեր երկրում այս կարևորագույն  միջոցառումը անթերի անցկացնելու համար ամեն մեկիս առջև  կազմակերպչական կարևոր խնդիրներ են դրված, խոսքս առաջին հերթին  ուղղում եմ համայնքապետերի ղեկավարներին, նախագահական ընտրությունները կազմակերպված, առանց լարվածության, առանց խախտումներ թույլ տալու անցկացնելը յուրաքանչյուրիս պատվի գործն է», -ասաց  Աշոտ Գիզիրյանը`հորդորելով չմոռանալ, որ սա մեր հայրենիքն է, և  յուրաքանչյուրը պարտավոր է  աշխատել  հայրենիքի բարօրության համար:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31