Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դեկտեմբեր 28,2012 20:25

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ

Գլուխ տասնյոթերորդ

ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լեւոն Ներսիսյանի մասին իմ էս գրածների կարեւորությունն էն է, որ ուրիշներն իմ գրածների անկարեւորությունը գիտակցելով՝ կշտապեն իր մասին ավելի կարեւոր եւ ավելի հիշարժան հիշողություններ ու տպավորություններ  հաղորդել, եւ ինքը՝ Լեւոն Ներսիսյանն էլ անտիկ գրականության բացառիկ մասնագետն ու նվիրյալը լինելով՝ շատ լավ գիտեր, որ հին ու հնագույն գրականության բազմաթիվ նմուշներ նախ բանավոր են հորինվել ու ստեղծվել, հետո նոր հաջորդների միջոցով սերնդեսերունդ են փոխանցվել, եւ  ինքը պիտի որ ենթադրեր նաեւ, որ իր բանավորն էլ պահպանելով ու գուրգուրելով՝ սերունդներն իրար կփոխանցեն, չնայած, շատ հնարավոր է, ինքն իր առումով էս ասածս բաների մասին երբեւէ մտածած էլ չլինի, բայց հակառակն էլ հաստատ մտածած չի լինի, որովհետեւ ինքն իսկական իմաստուն ու իմաստասեր լինելով՝ իր հանդեպ մեր ու ինտերնետի էս մեծ ու ահավոր լռությունն էլ չէր կարող ենթադրել, քանզի ինքն իրոք իմաստուն ու իմաստասեր լինելով՝ հակված ու տրամադրված էր ենթադրել, որ իր հանդեպ անտարբերությունն ու մանավանդ թշնամանքը զուտ սովետական երեւույթներ են, այլ ոչ թե՝ մարդկային, ավելի ճիշտ՝ անմարդկային, եւ հիմա, երբ Սովետն ու Լեւոն Ներսիսյանն անվերադարձ են հեռացել մեզնից, իր հանդեպ անտարբերությունն ավելի ու ավելի է շարունակվում՝ լռության ձեւով եւ ինտերնետի ու բոլորիս միջոցով, եւ ամենաէականն էն է, որ իր հանդեպ էս քար լռությունը պահպանելով ու սահմանելով՝ չենք հասկանում, որ դրանով ոչ թե Լեւոն Ներսիսյանին ենք վնասում, այլ՝ ինքներս մեզ, ինչպես նաեւ՝ գալիք մոտակա ու հեռավոր սերունդներին, եւ եթե բախտի բերմամբ իր բանավոր հանճարի ունկնդիրն ենք եղել, պարտավոր ենք հիշելով գրի վերածել իր ասածները՝ ինչպես որ ժամանակին ինչ-որ մարդիկ  Եզոպոսի ասածներն են հիշելով գրի առել, եւ նույնը կարող եմ ասել էպոսների ու ժողովրդական բանահյուսության այլ նմուշների վերաբերյալ, ու էդ բոլոր դեպքերում գրիչների ու գրի առնողների գործի նշանակությունը չափազանց մեծ ու չափազանց կարեւոր է, եւ եթե  Եզոպոսի ասածները լսողներ, գնահատողներ, հիշողներ ու հիշելով գրի առնողներ չլինեին, էսօրվա դրությամբ ոչ միայն Եզոպոսի ասածները չէինք իմանա, այլեւ չէինք իմանա, որ ժամանակին Եզոպոս անունով էդքան գեշ ու էդքան  իմաստուն մի իմաստախոս է ապրել եւ իմաստախոսել, եւ նույնը կարող եմ ասել Նասրեդին կոչեցյալ խոջայի եւ այլոց մասին. այսինքն, եթե համեստագույն, աշխատասեր ու աշխատավոր գրիչներն ու գրչակները չլինեին, էդ վերոհիշյալ ու վերոնշյալ իմաստունների ու իմաստախոսների մասին գաղափար անգամ չէինք ունենալու, եւ նույնը կարող եմ ասել մեր էպոսը բերնեբերան ու սերնդեսերունդ  փոխանցած ասացողների ու մասնավորապես  Ասացող Կրպոյի մասին, ավելի ճիշտ՝ Ասացող Կրպոյի եւ այլ տարանուն ու անանուն ասացողների ասածներն ու պատմածներն ի վերջո գրի վերածած եւ գրավոր կերպով մեզ հասցրած էդ աշխատավոր, աշխատասեր, անհավակնոտ, անխոնջ ու անանուն գրիչների վերաբերյալ, եւ էդ բոլորի բոլոր օրինակները հաշվի առնելով՝ պիտի հաշվի առնենք ու նկատի ունենանք, որ եթե ժամանակին Լեւոն Ներսիսյանին լսողներս իրենից լսած իմաստություններն ու իմաստախոսությունները հիշելով գրի չառնենք ու գրի չվերածենք, սերունդները չեն իմանա, որ քսաներորդ դարի երկրորդ կեսերին Հայաստանում ապրում եւ աջուձախ իր իմաստություններն էր սփռում Լեւոն Ներսիսյան անունով ու ազգանունով մեկը՝ ով  իմաստախոսությամբ Եզոպոսին ու մյուս նախկիններին առանձնապես չէր զիջում, իսկ արտաքնապես Եզոպոսին ու նախկիններին էապես էր գերազանցում. այսինքն, ձեւի ու բովանդակության մի բացառիկ ներդաշնակություն էր, եւ իրեն նայելիս ու իրեն լսելիս գերագույն բավականություն էիր ստանում, եւ որպեսզի  հետագա  սերունդներն էլ անմասն չմնան Լեւոն Ներսիսյան անվանյալ հմայքից ու հրաշքից, պարտավոր ենք առիթների դեպքում եւ նույնիսկ էսպես անառիթ հիշել նրան, ավելի ճիշտ՝ նախ էդ հրաշքը տեսածներին հիշեցնելով տեղեկացնել, որ ժամանակին իրենց բախտ է վիճակվել նման մի հրաշքի ականատեսը հանդիսանալ, եւ հատկապես էդ հրաշքը չտեսածներին է հարկավոր տեղեկացնել էդ հրաշքի մասին, որպեսզի Աստծո արարչագործության էդ բացառիկ ու կատարյալ նմուշը շարունակի շողշողալով ապել եւ ապրելով շողշողալ, եւ էդ հանարավորությունը կա ու կա՝ քանի դեռ մեր հիշողության մեջ իր պատկերն ու իր ձայնն էապես է առկա, եւ քանի դեռ ինքներս ենք առկա եւ ձեռքներիս տակ էլ գրիչ ու համակարգիչ ունենք, եւ քանի դեռ հետաքրքրություն  ունենք մեր իսկ կյանքի ու մեր իսկ խոսքի հանդեպ, եւ քանի դեռ որոշներն էլ որոշ հետաքրքրություն ունեն մեր իսկ խոսքի հանդեպ, ձեր խոնարհ ծառան եւ Լեւոն Ներսիսյան կոչվող հրաշքն ու գեղեցկությունն ըմբոշխնած ուրիշներն իրենց հիշածի եւ իրենց շնորհքի չափով նկարագրելով՝ պարտավոր են հնարավորինս վերականգնել ու վերակենդանացնել միանգամայն լսելի էդ, ուրեմն, հրաշքը. այսինքն, Լեւոն Ներսիսյանի կապակցությամբ անել այն՝ ինչը հիմա ես եմ անում ու շարունակելու եմ անել, եւ նախկինում էլ եմ արել, ընդ որում՝ բավական շատ եմ արել, եւ, ընդ որում, արել եմ՝ առանց արածիս կարեւորությունն ու նշանակությունը հասկանալու ու գիտակցելու, ընդ որում՝ նախկինում շատ ավելի հաջող եմ արել, քան հիմա՝ երբ արածիս նշանակությունը  հասկանում ու գիտակցում եմ, եւ եթե իր մասին  բոլոր գրածներս գումարեմ, առնվազն երկու հատոր կստացվի, եւ մարդիկ իմ էդ գրածները կարդալով՝ իր մասին որոշակի պատկերացում կկազմեն, որովհետեւ իր մասին իսկապես ահագին գրել եմ, եւ չնայած իրականում իր մշտական բարեկամն ու հաճախորդը չեմ հանդիսացել, այդուհանդերձ, ինչպես տեսնում եք, իր մասին բոլորից շատ եմ գրել, ավելի ճիշտ՝ ոչ թե իր մասին եմ գրել, այլ փորձել եմ իր ասածները հիշելով գրի առնել, իսկ  ավելի ճիշտ՝ հիշողությանս միջոցով փորձել եմ էդ ահռելի մարդուն պատկերել ու նկարագրել, եւ հիմա արդեն մտածելով հասկանում եմ, որ Լեոն Ներսիսյանի  մասին որոշ պատկերացում հաղորդելու համար առնվազն պիտի  կինոռեժիսոր լինես՝ ոչ միայն էն իմաստով, որ ինքը բնատուր ու բնածին արտիստ էր, այլեւ ու առաջին հերթին էն իմաստով, որ առանց իրեն տեսնելու ու առանց իրեն լսելու՝ հնարավոր չի իր մասին բավարար պատկերացում կազմել, եւ առնվազն Ֆելինի պիտի լինես, որպեսզի հաջողացնես ճշմարտացիորեն ցույց տալ ու խոսեցնել իրեն, բայց, Լեւոն Ներսիսյանի չար բախտից, իր ունկնդիրների ու իր հաճախորդների  շարքերում Ֆելինի չկար, եւ առավել եւս Ֆելինին էր անբախտ, որ իր տեւական կյանքի երկարուձիգ ընթացքում Լեւոն Ներսիսյանին չտեսավ ու չլսեց, եւ ահա, էսօրվա օրով ու էս պահի դրությամբ, տեսնողներիս ու լսողներիս հույսին է էդ բանավոր հանճարը մնացել, ավելի ճիշտ՝ ոչ թե ինքն է տեսնողներիս ու լսողներիս հույսին մնացել, այլ մենք՝ մեր տեսածի ու մեր լսածի հույսին, բայց, ցավոք սրտի, իրեն ամենից շատ տեսածներն ու լսածները գրելու հետ առանձնապես սեր չունեն, ու էս ասելով՝ առաջին հերթին քանդակագործներ  Արա Շիրազին ու Եսայան Ռուբոյին նկատի ունեմ, որովհետեւ յոթանասունականներին ու ութսունականներին Լեւոն Ներսիսյանը Նկարիչների սրճարանում ամենից շատ էդ երկուսի հետ էր նստում, ինչպես նաեւ՝ Ֆրունզիկի ու Շերենցի, բայց  հիմնականում՝ Շերենցի, ինչպես նաեւ՝ Վաղինակ Մարգունու ու Հովհաննես Աշուղյանի, որոնց առանձնահատուկ պատկառանքով էր վերաբերվում, որովհետեւ իր հոր՝ Հրաչյա Ներսիսյանի մտերիմներն ու գործընկերներն էին, եւ երբեմն-երբեմն նրանց հետ էր իր հորից խոսում, եւ հատկապես Ֆրունզիկին էր Հրաչյա Ներսիսյանի մասին  խոսելու  իրավունք ու հնարավորություն տալիս, ինչպես նաեւ՝ Հովհաննես Շիրազին, եւ երբ Շիրազը հերթական անգամ ասում էր՝ «Հրաչյա Ներսիսյանը հայոց թատրոնի Հովհաննես Շիրազն է», Լեւոն Ներսիսյանը քահ-քահ ծիծաղում էր, եւ երբ Շիրազը Լեւոն Ներսիսյանին հարցնում էր՝ «համաձայն չե՞ս», Լեւոն Ներսիսյանը ժպտալով ասում էր՝ «ես ո՞վ եմ, որ համաձայն լինեմ կամ չլինեմ», եւ Շիրազը ժպտալով ասում էր՝ «դու շատ մեծ մարդու շատ մեծ զավակն ես, Լեւոն ջան», եւ երբ Շիրազն էդ ասաց, Լեւոն Ներսիսյանն Արա Շիրազին մատնացույց անելով՝ Հովհաննես Շիրազին ասաց՝ «ահա՛ շատ մեծ մարդու շատ մեծ զավակը», եւ Շիրազը մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «համաձայն եմ, Լեւոն ջան», եւ, հիշում եմ, Շերենցը փռթկացնելով  Շիրազին ասաց՝ «ինչի՞ համաձայն չես էղնի օր», եւ Շիրազը  ժպտալով Շերենցին ասաց՝ «դու սո՛ւս, Ազատ տղա» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝  «դու էլ ես մեծություն» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բայց՝ քո՛ չափով» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «ինչքան էլ Ֆրունզի քովը նստես, մեկ է՝ Ֆրունզիկ չես դառնա», եւ Արայիկը հորն ասաց՝ «Շերենցին մի նեղացրու, պապ», եւ Շիրազը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Ազատն իմ ընկերս է», եւ Եսայան Ռուբոն ասաց՝ «մենակ վարպետն ա Շերենցին Ազատ ասում», եւ Շիրազը ժպտալով ասաց՝ «որովհետեւ ազատն իմ ընկերս է» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ոչ մեկն Ազատին ինձնից շատ չի սիրե ու չի գնահատե», եւ Շերենցը մեղավոր ժպտալով Շիրազին ասաց՝ «շնորհակալ եմ, վարպետ Շիրազ ջան» եւ մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով ավելացրեց՝ «ինձի համար շատ մեձ պատիվ է, օր ինձի քո ընկերը կհամարես», եւ Շիրազը մի քիչ մտածեց ու Շերենցին ասաց՝ «համ Ֆրունզն ա իմ ընկերը, համ էլ՝ դու» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «դու մեծ ընկերս ես, Ֆրունզը՝ փոքր» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «Ֆրունզը մեր փոքրն է, բայց ինքը շատ է մեծ» եւ մի քիչ էլ մտածեց ու Լեւոն Ներսիսյանին նայելով ավելացրեց՝ «Ֆրունզը շատ է մեծ, բայց Ֆրունզն էլ չի կրնա Հրաչյա Ներսիսյան դառնա», եւ Արայիկը հորն ասաց՝ «հերիք ա մարդկանց իրար հակադրես», եւ Լեւոն Ներսիսյանը ժպտալով ասաց՝ «Շիրազը հակադրությունների ու համեմատությունների մեջ է կյանքի իմաստը տեսնում», եւ Շիրազը մի քիչ մտածեց ու ասաց՝ «պիտի համեմատես, օր մարդիկ իմանան՝ վով վով է», եւ Արայիկը փռթկացնելով ասաց՝ «համեմատելով Շեքսպիրից սկսում ա, վերջում խեղճ Շերենցին ա կպնում», եւ Շերենցը ժպտալով Արայիկին ասաց՝ «ինձ ու վարպետ Շիրազին չեք կրնա իրար հետ կռվացնեք», եւ Շիրազը թարս նայեց որդուն ու ասաց՝ «հերիք է խորոզնաս, թե չէ՝ քեզ էլ Երվանդ Քոչարի  հետ կհամեմատեմ», եւ էդ պահին որտեղից որտեղ հայտնվեց քանդակագործ Խորոզը, եւ Եսայան Ռուբոն փռթկացնելով ասաց՝ «շան անունը տուր՝ փետը առ ձեռդ», եւ Շիրազը Ռուբոյին հարցրեց՝ «Խորոզի անունը վո՞վ է տվել», եւ Ռուբոն ծիծաղելով Շիրազին ասաց՝ «դու նոր Արայիկին չասեցի՞ր՝ հերիք ա խորոզնաս», եւ Խորոզը, որ լավ հարբած էր ու հազիվ էր ոտքի վրա կանգնում, մի աթոռ քարշ տալով ու մեր սեղանին մոտեցնելով՝ հանկարծակի գայթեց ու ընկավ, եւ սեղանի  վրայի բաժակներից մեկն ընկավ ու փշուր-փշուր եղավ, եւ Նկարիչների սրճարանի հանրահայտ մատուցողուհի ու հավաքարարուհի Շողիկ մայրիկը մեր սեղանին մոտենալով՝ Խորոզի վրա գոռաց՝ «էլի էկա՞ր, վայրենի», եւ Խորոզն ընկած տեղից Ռուբոյի օգնությամբ վեր կենալով՝ նայեց նստածներին ու ասաց՝ «բարով տեսանք» եւ Շիրազին նկատելով հարցրեց՝ «ի՞նչ ենք խմում, Վարպետ ջան», եւ Շողիկը թարս նայեց Խորոզին ու ասաց՝ «գրող ես խմում», եւ Ռուբոն Շողիկին ասաց՝ «ինչո՞ւ այդքան կոպիտ, Շողիկ մայրիկ», եւ Շողիկը տհաճությամբ Խորոզին նայելով՝ Ռուբոյին ասաց՝ «ո՞նց կոպիտ չըլնեմ, ա՛յ Ռուբո. օր չկա, որ էս վայրենին բաժակ կամ աման չջարդի», եւ Խորոզը կողմնորոշվելով ու գրպանից մի մանեթանոց հանելով՝ խցկեց Շողիկի գրպանը, եւ Շիրազը ժպտալով Շողիկին ասաց՝ «էս գիզալական տղին ի՞նչըղ վայրենի կըսես, Շողիկ  քույրիկ», եւ Շողիկը փափկելով պատասխանեց ու ասաց՝ «որ չափից ավել ա խմում, իսկական վայրենի ա դառնում, Վարպետ ջան», եւ Ռուբոն ծիծաղելով ասաց՝ «վայրենի ա դառնում ու սկսում ա փողերն աջուձախ շաղ տալ», եւ Շողիկը  թարս նայեց Ռուբոյին ու գնաց, եւ Շիրազը Ռուբոյին ասաց՝ «էս խեղճին որտեղի՞ց փող, որ աջուձախ շաղ տա», եւ Ռուբոն ժպտալով ասաց՝ «էրկու օր առաջ մի հատ գերեզմանի քանդակ ա վերջացրել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մինչեւ վերջին կոպեկը քամուն չտա, չի հանգստանա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «գերեզմանի քանդակ ա, բայց իսկական գլուխգործոց ա», եւ Շիրազը Ռուբոյին հարցրեց՝ «ո՞ւմ է քանդակել», եւ Ռուբոն փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «մի հատ զակոննի գողի  արձան ա, բայց ոնց որ Ռոդենի «Մտածողն» ըլնի»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31