Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանի կազմած բյուջեում Վարդան Ղուկասյանի «լեվի» հաստիքները տեղ չունեն

Դեկտեմբեր 28,2012 19:51

Երեկ Գյումրու ավագանին 20 կողմ ու 1 ձեռնպահ հարաբերակցությամբ   հաստատեց   քաղաքի գլխավոր փաստաթուղթը, որի վրա, ըստ նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի, բավականին  երկար են աշխատել, շատ են  չարչարվել,  նույնիսկ` շաբաթ –կիրակի: Բյուջեն կազմում է 3 միլիարդ 729 միլիոն դրամ: Իսկ  պետության կողմից Գյումրուն հատկացվող դոտացիան  1 միլիարդ 800 միլիոն է:  Քաղաքապետ Սամվել Բալասանյանի ասելով, իրենց հիմնական նպատակն այն է, որ 8,2 տոկոսով աճ ունենան: Հայտարարելով, որ բյուջեն  իրատեսական է, Գյումրու քաղաքապետը այդուհանդերձ անդրադարձավ քաղաքի  գրադարանների աշխատակիցների բողոքին, որոնք դժգոհում էին Սամվել Բալասանյանից, թե  վերջինս եկած-չեկած որոշել է իրենց անգործ թողնել, գրադարաններում օպտիմալացում անել:

Այս ավագանու նիստի  ժամանակ էլ  Սամվել Բալասանյանը հարկադրված եղավ խոսել Վարդան Ղուկասյանի ատկատներից` նեղսրտելով, որ վերջինս ուռճացած հաստիքներ է պահել մշակույթի ոլորտում`գրադարաններում, երաժշտական դպրոցներում և  մանկապարտեզներում: «Ասեմ, հիմնականում հաստիքները ուռճացրել են հունիս ամսից սկսած , տարբեր մշակութային օջախներում և գրադարանների հետ կապված և  երաժշտական դպրոցների, եղել են շատ նոր մարդիկ ընդունված, և էնքան շատ մարդ են ընդունվել, որ փաստորեն աշխատանքային ֆոնդից հիմա դուրս են մնում, դրա համար  ստիպված ոնց որ մենք կարողանանք տեղավորվել    մեր աշխատավարձի ֆոնդի մեջ, բայց էսպիսի պատկեր է ստացվում», -նեղվեց քաղաքապետը:

Ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը հետաքրքրվեց, թե  ի՞նչ աշխատակազմ է  եղել գրադարաններում, և ի՞նչ  են  նախատեսում,  ավելանալո՞ւ  է աշխատակիցների թիվը, թե՞ պակասելու է: Այս հարցին պատասխանեց քաղաքի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանը. «Աշխատակազմը պակասելու է, որովհետև մեխանիկորեն ավելացված աշխատակազմ է»: Սամվել Բալասանյանն էլ շարունակեց. «Ես ձեզ ասեմ, գրադարանների հետ կապված շատ տխուր պատկեր է , էսօրվա դրությամբ ասենք 10 մարդ, ուղղակի տեղ չկա նստելու և 10 աշխատակից ունի ինչ-որ մի հատ գրադարան, որտեղ անհրաժեշտ է ընդամենը  3 աշխատակից,  ոնց որ թե անպայման վերանայելու կարիք կա: Դրա համար մենք որոշեցինք,  փորձեցինք վճարել նաև դեկտեմբեր ամսվա աշխատավարձը,  որպեսզի հունվարին հարցը  ուսումնասիրենք  տրամաբանության սահմաններում, ու նոր միայն որոշում կայացնենք: Ունենք խնդիրներ նաև նախակրթարանների հետ կապված, հունվարից սկսելու ենք ամեն մի գրադարանի, նախակրթարանի, երաժշտական դպրոցի հետ աշխատել, որպեսզի մեզ համար հասկանալի լինի, եթե անհրաժեշտ է փոփոխություն, անպայման ավագանուն կներկայացնենք»:

Լենա Ջիլավյանն էլ  տեղեկացրեց, որ գրադարանների աշխատանքային  ֆոնդում  տեղաշարժ է կատարվել 260 հազար դրամով, 41 միլիոն է պլանավորված եղել, սակայն վերջնականապես  պլանավորվել է  40 միլիոն:

Տեսնելով, որ ավագանու այլ անդամներ հարցեր չունեն բյուջեի հետ կապված,  Սամվել Բալասանյանը  ևս անկեղծորեն զարմացավ: «Վերջը հասարակ փաստաթուղթ չէ», -ակնարկեց  քաղաքապետը: Բյուջեի նախագիծը ընդունվեց ձայների մեծամասնությամբ, որից հետո Սամվել Բալասանյանը առաջարկեց . «Դե մի հատ ծափահարեք»:

Նշենք, որ ըստ Վարդան Ղուկասյանի շրջապատի մարդկանց, նախկին քաղաքապետը  «չէ» ասել չուներ, իրեն դիմողներին չէր մերժում, մի կերպ աշխատանքի էր տեղավորում, որի պատճառով էլ  ստացվել է «լեվի» հաստիքների այս պատկերը: Փաստորեն,  Ղուկասյանին մոտ  ստացվում  է`  դարձյալ վատամարդ  հանել  Բալասանյանին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31