Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանը Հաղթական կամարն ու Հայոց թագավորների արձանները գերադասեց ծնողազուրկ երեխաներից

Դեկտեմբեր 28,2012 18:11

Մի քանի ամիս առաջ` իր երդմնակալման  արարողության օրը, Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը գյումրեցներին խոստացավ քաղաքի մուտքի մոտ Հաղթական կամար կառուցել` ցույց տալու համար, որ Գյումրին հզոր քաղաք է: Իսկ թե քաղաքի ո՞ր  մուտքի մոտ, նա այդպես էլ չպարզաբանեց:

Երեկ Գյումրու 2013 թվականի  բյուջեն հաստատելիս` կամարը դարձավ  վիճաբանության նոր թեմա քաղաքապետի և ավագանու անդամ, «Ասպարեզ » ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի միջև: Պարոն Բարսեղյանը դեմ կանգնեց քաղաքապետի այս առաջարկին՝ հիշեցնելով, որ Գյումրին թաղված է սոցիալական խնդիրների մեջ, մի նորմալ փողոց չկա, բնակիչները անտուն  են ու աղքատ, հետևաբար և բյուջեից կամարի համար գումար հատկացնելը անտեղի է:

Սակայն նրանց քննարկման ընթացքում պարզվեց, որ  Սամվել Բալասանյանի երազած հաղթական կամարի հիմքերը Վարդան Ղուկասյանը վաղուց է գցել, քանդակագործի հետ պայմանագիր է կնքել, նրա փողի կեսն էլ տվել է: «Կամարի շինարարության համար 50 միլիոն դրամ ծախսելը առայժմ անտեղի է իմ կարծիքով , քաղաքը ունի բազմաթիվ պրոբլեմներ. անօթևանություն, քանդած փողոցներ, կարծում եմ, որ դա հիմա պիտի շռայլություն համարվի: Լավ կլինի Հաղթական կամարներ կառուցել  այն բանից հետո, երբ որ անօթևանության հարցը քաղաքում լուծված լինի, այլևս չենք ունենա անօթևաններ, փողոցներն ու բակերը բարեկարգ կլինեն և այլն,  և այլն: Նոյեմբերի 16 –ին «Շիրակ կենտրոն»-ը առաջարկություն է ուղարկել այն մասին, որ անօթևանության պայմաններում ապրող միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաների մանկապարտեզ հաճախելը պետք է դարձնել անվճար: Ես հարցրեցի մոտավորապես քանի՞  հոգու մասին է խոսքը, Վահան Թումասյանն ասաց` մոտ 250 երեխայի,մոտավոր հաշվարկ կատարեցի`ամսական  նախատեսելով  6 հազար դրամ, 250 երեխայի համար կկազմի 16-18 մլն դրամի ծախս կլինի տարեկան: Եթե բյուջեի նախագծի մեջ փոփոխություն լինի, ապա 250 երեխա տարեկան կարող են հաճախել անվճար մանկապարտեզներ: Առաջարկում եմ կրճատել 5 միլիոն դրամի  կամարի շինարարությունը: Լավ գաղափար է, բայց կարծում եմ, որ կամարը կսպասի», -ասաց  Լևոն Բարսեղյանը` իր այս առաջարկը ներկայացնելով  նաև գրավոր:

«Ի՞նչ անենք ավագանիներ, շատ լավ առաջարկ է, բայց ի՞նչ անենք թագավորների արձանների հետ, կամարին  դեմ եք, ես էլ եմ դեմ , ի՞նչ անենք թագավորների արձանների հետ, որպեսզի կարողանանք թագավորների արձանը ամրացնենք պատ պետք է հավաքենք, որը արժե 30 միլիոն դրամ: Կա պայմանագիրը, կա արվեստագետը, որի հետ կապված գումարի կեսը վճարվել է, 10 միլիոն  պիտի վճարվի: Հիմա ի՞նչ անենք թագավորների արձանները: Շատ լավ առաջարկություն է, օրինակ` ի՞նչ կամար, հլը բերեք մեր էրեխանցը նայեք, անապահով և այլն, հետագայում թագավորների, կամարների հետ գործ կունենանք: Բայց ոնց որ թե փող տված լինենք, հիմա շարունակում ենք փող տալ, որովհետև պայմանագիր ունենք: Եվ հիմա էդ արձանները բերո՞ւմ ենք, բերենք պադվա՞լ, ի՞նչ անենք,  չենք բերում, էդ դեպքում  հիմա ես էդ մարդուն կհրավիրեմ պայմանագիրը լուծարենք, տեսնեմ ոնց կլուծարեք: Կես գումարը վճարել ենք, տեսնեմ  ինչ պտի անենք վճարված գումարը», -ասաց քաղաքապետը:

Այնուհետ իր քայլը արդարացնելու համար, շարունակեց. «Ես ուրեմն  երեխաների հետ կապված գումարը դրել եմ , անապահով ընտանիքների հետ կապված 100 երեխայի հետ կապված  խորհրդակցել եմ, մոտավորապես ամեն մի մանկապարտեզի հետ կապված մի 24 մանկապարտեզ ունենք, 5 երեխա սկզբից, եթե գումար ունեցանք, մի 5 երեխա էլ կավելացնենք, կլինի մոտավորապես 9-10 միլիոն, որը մենք նախատեսել ենք ներառել բյուջեի մեջ: Էնպես որ էդ պահը ապահովել ենք, մի 5-10 երեխա կհաճախեն մեր նախակրթարանները, էդ կապ չունի որևէ արձանի կամ կամարի հետ»:

Քաղաքապետը մեկ անգամ ևս հարցրեց ավագանու անդամներին` ի՞նչ անել, հանե՞լ 50 միլիոն դրամը բյուջեից, թե թողնել, որպեսզի  կամարը կառուցվի մուտքի մոտ  արձանները կարողանան դրա վրա  հավաքել: Ըստ քաղաքապետի,  այլ տարբերակ չկա: Ավագանին հաստատեց քաղաքապետի առաջարկը `տվյալ պահին  անտեսելով աղքատ երեխաներին:

«Ես գտնում եմ, որ Գյումրի քաղաքի մուտքը պետք է լինի հզոր մուտք, Գյումրի քաղաքը հզոր քաղաք է, պատմություն ունեցող քաղաք է»,- եզրափակեց քաղաքապետը:

Ի  դեպ, պարոն Բալասանյանը ակնհայտորեն հիացած է  Փարիզով,   ամեն կերպ  Գյումրին փորձում է նմանեցնել եվրոպական այդ մայրաքաղաքին, դեսպանների հետ հանդիպումների ժամանակ միշտ ընդհանրություններ է գտնում, Փարզիի ճարտարապետական տեսքից  մեջբերումներ անում :

Նունե  ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31