Ուրախ լուր բոլոր նրանց համար, ովքեր սիրում ու հետևում են Mocak.am մանկական ժամանցային կայքի նորություններին: Mocak.am-ն արդեն ներկայացնում է էլեկտրոնային առաջին մանկական ամսագիրը՝ հայերեն լեզվով, աշխարհի բոլոր հայ երեխաների համար: Ամսագիրը հասանելի է iPad-ի և Android օպերացիոն համակագով աշխատող պլանշետների համար: «Նոր տեխնոլոգիաները ավելի ու ավելի արագ են մեր կյանք մտնում, իսկ այդ ամենը բոլորից արագ կլանում են երեխաները: Ամսագիր ստեղծելու գաղափարը ունենալով՝ մենք որոշեցինք նրանց հետաքրքրություններին համապատասխան մի բան ստեղծել», – ասաց Mocak.am-ի խմբագիր Անահիտ Ալեքսանյանը: Էլեկտրոնային ամսագիրը հասանելի է լինելու նաև Սփյուքում, մի շարք համայնքներին ավելի մատչելի դառնալու համար էլ շուտով կներկայացվի նաև ամսագրի արևմտահայերեն տարբերակը: Անահիտի խոսքով՝ Սփյուռքում շատ է հայալեզու ընթերցանության նյութերի բացը, մանկական ամսագրեր տպագրվում են շատ քիչ համայնքներում, իսկ Հայաստանից ոչ մի ամսագիր չի արտահանվում: Ունենալով շատ սփյուռքահայ ընթերցողներ և տեղյակ լինելով նրանց ցանկություններին ու խնդիրներին՝ ընտրվեց ամսագրի այս տարբերակը: Խոսելով ամսագրում տեղ գտած նյութերի մասին, Անահիտն ասաց. «Շեշտը դրվելու է հայկական մշակույթի ու պատմության վրա, այդ ամենը մատուցելու ենք երեխաներին հասկանալի ոճով, հետաքրքիր նկարազարդումներով: Իհարկե լինելու են նաև հեքիաթներ, հայերեն աուդիհեքիաթներ, հայկական մուլտեր, երգեր և խաղեր»:
Ամսագիրը այժմ հասանելի է Beta տարբերակով և ամսագրի անձնակազմն ընդունում է առաջարկություններ և քննադատություններ [email protected] էլ. փոստի հասցեով և հաշվի առնելով բոլոր ցանկություններն ու առաջարկությունները՝ ճիշտ մեկ ամսից կներկայացնի «Մոծակ» մանկական ամսագրի առաջին ավարտուն համարը:
Տիգրանուհի Թասլակյան