Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Ալբերտ Գևորգյանը և դասախոս Խաչիկ Թումանյանը խոսեցին քոլեջի տնօրենի նշանակման և իրենց անհամաձայնության մասին:
«Լուսահոգի Նարեկ Առուշանյանի մահից հետո քոլեջի նոր տնօրենի պաշտոնավարությունը տեւեց մեկ ամիս, ինչից հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար դարձավ Առուշանյանի կինը` Աննա Մնացականյանը: Փաստի հետ կապված ուսանողների եւ դասախոսների շրջանում բողոքի ալիք բարձրացավ, անգամ ցույց կազմակերպվեց ԿԳՆ շենքի դիմաց: Բողոքողները պահանջում էին տնօրեն կարգել նրան, ով ունի համապատասխան մասնագիտական կրթություն: Աննա Մնացականյանի պաշտոնավարման ընթացքում աշխատանքից ազատվել են դաստիարակության գծով փոխտնօրենը, դասախոսներից մեկը եւ հավաքարարը: Այս ընթացքում տեղի են ունեցել որոշակի բացեր, որոնք չեն գրանցվել նախկինում: Խնդրի շուրջ Նկարիչների միությունում տեղի ունեցավ քննարկում` դասախոսների, ուսանողների եւ անվանի նկարիչների մասնակցությամբ: Կազմակերպվեց ստորագրահավաք, եւ խնդրով դիմեցինք վերադաս օրգանին`ԿԳՆ-ին: Դասախոսները եւ ուսանողները չէին ցանկանում, որ քոլեջի տնօրենի պաշտոնը անցնի ժառանգաբար, այն էլ` ոչ մասնագետի ձեռքը»,-ասաց փոխտնօրեն Ալբերտ Գևորգյանը:
Նա փաստեց, որ քոլեջի տնօրենի ընտրությունները տեղի ունեցան դեկտեմբերի 24-ին. «Քոլեջի կոլեկտիվ կառավարման խորհուրդը 11 ձայնից 8-ը տվեց իր մասնագիտությամբ աշխատող Արմեն Հարությունյանին, ով փայլուն հանձնեց բանավոր եւ գրավոր քննությունները: Բայց , չգիտես ինչու, ԿԳ նախարարի հրամանով տնօրեն նշանակվեց Աննա Մնացականյանը»:
Գևորգյանի խոսքով. «Մեր քոլեջի դիպլոմը Սովետական շրջանում «անցնում» էր Եվրոպայում, իսկ այսօր քոլեջը շատ վատ վիճակի մեջ է ընկել, ինչը մեծ ցավ է նկարիչների եւ շրջանավարտների համար: Կառավարությունը եւ նախարարությունը պետք է լրջորեն զբաղվեն խնդրով եւ հանեն քոլեջն այդ վիճակից»:
Կարդացեք նաև
Խաչիկ Թումանյանն ասաց, որ իրեն անգամ անհարմար է զգում բացարձակ ճշմարտությունը բարձրաձայնելիս. «Տնօրենը պետք է լինի մանկավարժ, իսկ Աննա Մնացականյանը չունի այդ կրթությունը: Մենք խնդրում ենք, որպեսզի նորմալ ընտրություններ անցկացվեն: Նարեկ Առուշանյանին, օրինակ, ընտրել է քոլեջի կոլեկտիվը, իսկ պաշտոնի ժառանգաբար փոխանցումն անընդունելի է»:
Արվեստագետները նաեւ ասացին, որ խնդրով նամակ են գրելու նախագահին: Հիշեցնենք, որ «Առավոտի» հետ զրույցում Ա. Մնացականյանն ասել էր, որ իր կապը քոլեջի հետ միայն Առուշանյանի կին լինելը չէ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ