«Ընտրությունները թափանցիկ են լինելու, մարդիկ իրենց հավատը դեռ չեն կորցրել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց լեզվաբան, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Լավրենտի Միրզոյանը:
Նրա պնդմամբ յուրաքանչյուրս իրավունք ունենք թեկնածություն դնել, սակայն պետք է մտորել` արդյոք վաստակե՞լ ենք այդ իրավունքը. «Ընտրել երկրի նախագահի, նշանակում է ընտրել գերագույն հրամանատարի: Ռուսաստանի նման խոշոր երկրում նախագահի ընտրություններին մասնակցում էին 8-10 անձնավորություն, իսկ մենք 10-նյակ թեկնածուներ ունենք: Թեկնածուն պետք է ունենա կենսափորձ եւ աշխատանքային հմտություններ: Իմ կյանքի կենսափորձը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր թեկնածու պետք է ունենա հստակ դիրքորոշում»:
Լեզվաբանի համոզմամբ նախագահ նշանակում է մեր բոլորի անվտանգության երաշխավորը: Գործող նախագահը իսկապես այդ արժանիքները ունի. «Յուրաքանչյուր հայտարարություն պետք է ամուր հիմք ունենա: Ժողովուրդը հիմար չէ, ամենամեծ ստեղծագործողը ժողովուրդն է, եւ նա գիտի իր ձայնը ում է տալու»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ