«Մենք ինքներս ենք կործանում մեր հոգեւոր արժեքները: Ահաբեկչին պետք է մեկուսացնել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց երաժշտագետ, դիրիժոր Դանիել Երաժիշտը: Նրա պնդմամբ ադրբեջանցիներին հաջողվել է երաժշտական մշակույթի ծագումը խախտել եւ ավելի խորը տանել, դա հանցագործություն է, պետք է արմատախիլ անենք. «Ադրբեջան երեւույթը կեղծիքի ծնունդ է: Ինչպե՞ս կարող է քոչվոր ժողովուրդը թառ ունենալ: Թառը երբեք չի եղել և չի կարող լինել ադրբեջանական գործիք»:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ թառը ադրբեջանական գործիք է հայտարարվել,իսկ Իրանը պնդում է, թե այս հնագույն նվագարանը իրանական ծագում ունի: Դրա հետ համաձայն չէին բանախոսները եւ փորձում էին ապացույցներ ներկայացնել:
«Տկզար» Հայաստանի հնագույն շնչական նվագարանների նվագախմբի հիմնադիր Կառլեն Միրզոյանի պնդմամբ, թառը անհիշելի ժամանակներից միակ կսմիթային նվագարանն է, որը ունի ոչ թե կիսատոն, այլ քառորդ լադեր, այն մեր ազգային երաժշտությանը շատ բնորոշ է. «Վերջին 20 տարում ուշադրությունը ազգային նվագարանների նկատմամբ թուլացել է: Ունենալով հարուստ ժառանգություն՝ բարձիթողի ենք արել: Համաշխարհային թառային բոլոր կատարողները հայեր են եղել, հենց Բաքվում թառահար բոլոր հսկաները հայեր էին` Շահեն Բեգլարյան, Հովհաննես Դարբինյան, Արտեմ Խաչատուրը, Ալեքսանդր Սարգսյանը»:
Կարդացեք նաև
Լրագրող Հակոբ Մարտունին էլ կարծում է, որ չպետք է նվնվալ, այլ համակարգված գործել, վայ-վույով ոչ մի հարց չի լուծվի: Սա նման է հավի եւ ձվի պատմությանը, ոչ մեկն էլ չի կարող ասել, թե որտեղի ծնունդ է թառը: Ադրբեջանը, այս մարտավարությունը շարունակելով, դուդուկն էլ իրենը կհամարի:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ