Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի երիտասարդական հիմնադրամում (ՀԵՀ) այսօր ՀԵՀ-ը կրթաթոշակների հավաստագրեր կտրամադրեց սիրիահայ ուսանողներին։ Հավաստագրերը հանձնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Հավաստագրերի մի մասը սիրիահայ ուսանողներին հանձնեցին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Դիմելով ուսանողներին` Սփյուռքի նախարարն ասաց. «Դուք բախտավոր եք, որ ունեք ազատ եւ անկախ Հայաստանի Հանրապետություն, որը Ձեր մեջքին է կանգնած: Դուք պետք է իմանաք, որ բոլորը Ձեր կողքին են, այդ թվում` վարչապետը եւ նախագահը: Ձեր թիվ 1 խնդիրն է` լինել օրինակելի ուսանող, ստանալ գերազանց գնահատականներ, որպեսզի Ձեզ բուհում մատով ցույց տան»:
Շնորհավորելով սիրիահայ ուսանողների գալիք տոները`տիկին Հակոբյանը ցանկացավ, որ 2013թ-ին Սիրիայում խաղաղություն հաստատվի, եւ ՀՀ-ում գտնվող սիրիահայերը հանգիստ լինեն իրենց ծնողների եւ բարեկամների համար:
Կարդացեք նաև
Նախարարը նաեւ ուսանողներին առաջարկեց իրենց բուհերում ստեղծել սիրիահայ ուսանողների ուսանողական խորհուրդներ` խնդիրները քննարկելու եւ ուսանողական կյանքն ակտիվացնելու համար:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը վստահեցրեց, որ նախարարությունը խտրականություն չի դնում տեղացի եւ սիրիահայ ուսանողների միջեւ. «Հայաստանաբնակների բոլոր ծրագրերը հասանելի են լինելու նաեւ սիրիահայ ուսանողների համար: Առ այսօր նախարարությունը բացառություններ անելով` ընդունել է սիրիահայ ուսանողների դիմումները` առանց փաստաթղթերի ամբողջական փաթեթի»:
Աշոտյանն ասաց, որ շատ լավ է հասկանում սիրիահայ ուսանողների իրավիճակը. «Ժամանակին պապս Հալեպից հայրենադարձվեց Հայաստան եւ զրոյից կառուցեց պապենական օջախը: Վստահ եմ, որ ապագայում ձեզանից շատերը կփայլեն մշակույթի, սպորտի, եւ, ինչու չէ, քաղաքականության բնագավառում: Ի դեպ, ինձ կարող եք դիմել նաեւ Facebook-ով»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ