Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդկային կորստի ցավը. հրադադար

Դեկտեմբեր 28,2012 15:53

Երկար էր սպասել առաջնեկին

Պայմանագրային զինծառայող Դավիթ Աբգարյանը տարիների սպասումից հետո իմացել էր, որ հայր է դառնալու։ Դավիթն ու կինը՝ Ասյան, ծանոթացել են վեց տարի առաջ։ Ասյան այդ ժամանակ ուսանող էր: «Վեց տարի առաջ ծանոթացանք, մեկ տարի հանդիպել ենք ու 2007թ. սեպտեմբերի 24-ին ամուսնացանք: Առաջին հանդիպմանը ծաղիկներ նվիրեց ինձ, շատ ուշադիր էր»,- հիշում է Ասյան։

Դավիթ Աբգարյանն ապրում էր սահմանամերձ Տավուշի մարզի Բերդ քաղաքում. մայրը՝ Սոֆյան, պատմում է. «Փոքր ժամանակ Դավիթս շատ վախկոտ էր, մի հատ կրակոց էր լսում, մտնում էր փեշիս տակ: Բայց զինվորական ծառայության ընթացքում շատ էր արիացել ու ավարտելուց 4 ամիս հետո անցավ պայմանագրային ծառայության»:

Դավիթը երկու քույր եւ մեկ եղբայր ունի, ով նույնպես զինվորական է: Քույրն ասում է, որ Դավիթը կյանքում, շրջապատում ուրախ մարդ է եղել, առաջիններից մեկն է եղել կազմակերպչական հարցերում: Դավիթն ընկերների հետ թաղի երեխաների համար կազմակերպում էր երեկոներ, տոներ՝ Վարդավառ, Ամանոր: «Դիսկոտեկա էին անում մեր թաղի երեխաների համար, մի անգամ էլ իր ընկերների հետ գնացել էին սար` մագնիտոֆոնով քեֆ անելու: Ամեն անգամ իր արտասովոր կատակներով ուրախացնում ու զարմացնում էր մեզ: Շատ էր սիրում ուտելիք պատրաստել»,- հիշում է քույրը:

 

Դավիթի հարազատներն ու ընկերները պատմում են, որ նա շատ էր սիրում հող մշակել, ծառեր ու ծաղիկներ տնկել: «Դավիթը, որ գալիս էր տուն, մի կտոր հող ուներ` կվարեր, կջրեր»,- ասում է մայրը։

Ծառայակից ընկերները պատմում են, որ մինչեւ հիմա նստում են իրենց ընկերոջ տնկած ծաղիկների մոտ, խնամում են նրա աճեցրած բանջարեղենը:

«Դավիթը սովորություն ուներ մեծ թղթի վրա նկարել ու գեղեցիկ պատկերներ պատրաստել այդ նկարներից։ Նա շատ կատակասեր եւ ուրախ մարդ էր. ինչքան էլ տխուր լինեինք, 5 րոպեում տրամադրություն էր բարձրացնում: Շատ կուզեի, որ Դավիթի նման լինեին բոլոր ընկերներս՝ սրտանց նվիրված մեր հայրենիքին: Ես 20 տարի էլ հաճույքով կծառայեի նրա հետ: Երբ իմացա, որ ինքը զոհվել է, արտասուքով չեմ լացել՝ ես փշաքաղվել եմ ներսից, եւ շատ ցավում եմ ու տխրում»,– ասում է Դավիթի ծառայակից ընկերը։

Ընկերներն ասում են, որ դիվերսիային զոհ գնացած Դավիթն, Արամն ու Արշակը կանխել են մի մեծ ողբերգություն։ Եթե տղաները չհանդիպեին դիվերսանտներին, հայտնի չէ, թե որքան զոհեր ու կորուստներ կլինեին:

Դավիթի մայրը շատ է ցավում, որ այդքան երկար տարիների սպասումից հետո իր որդին այդպես էլ չկարողացավ տեսնել իր զավակին: «Այս 4 տարիների ընթացքում ինչ աշխատեց, տվեց բժիշկներին, որ երեխա ունենան: Նա կերազեր կնոջը հիվանդանոց տաներ, որդի ունենար, բայց Աստված կարոտ պահեց այդ երջանկությունից իմ որդուն,- արտասվելով պատմում է տիկին Սոֆյան:- Շատ են մեզ մխիթարում, մեր կողքին են, բայց իմ վերքին բուժում չկա։ Եթե անգամ լսեմ սաղ Ադրբեջանը ջուրը տարել է՝ իմ սրտին հովություն չի լինի, անգամ եթե աշխարհի չորս օվկիանոսների ջուրը իմ սրտին լցնեք՝ իմ կրակը չի հանգչի։ Իմ որդին եւ նրա հետ երկուսը զոհվել են խաղաղ պայմաններում, ու դուք սա համարում եք խաղաղությո՞ւն. ո՛չ, սա խաղաղություն չի, խաղաղություն էր այն, որ ես նստում էի ավտոբուս, գնում Ադրբեջանից առեւտուր էի անում ու գալիս էի տուն, այ դա՛ էր խաղաղություն, նրանք մեզ էին հարգում, մենք՝ նրանց: Այսքանից հետո մեկը մեկին չեն ների»։

Դավիթն ու հորեղբայրը շատ մտերիմ եւ վստահելի ընկերներ են եղել ու ազատ ժամանակ միշտ միասին բլոտ են խաղացել: «Վերջին անգամ, որ տուն եկավ, իրար հետ բլոտ խաղացինք, խաղը կիսատ մնաց։ Ասեց՝ պիտի գնամ, թուղթը պահի, հերթապահությունից կգամ, խաղը կշարունակենք»,- խորը ցավով հիշում է հորեղբայրը։

«Որդուս անունը կդնեմ Դավիթ ու կպատմեմ նրան, թե ինչ հերոս է եղել իր հայրը, ինչ ուշադիր, հոգատար ու լավ մարդ է եղել»,- ասում է Ասյան՝ Դավիթի 24-ամյա կինը։

2012թ. դեկտեմբերի 5-ին՝ Դավիթի ծննդյան օրը, ծնվեց նրա առաջնեկը՝ փոքրիկ Դավիթը:

Դավիթ Աբգարյանը մեկն է այն երեք երիտասարդներից, ովքեր զոհվեցին 2012թ. ապրիլի 27-ին, Տավուշի մարզի սահմանին՝ ադրբեջանական կողմի զինվորականների դիվերսիայի հետեւանքով: Նա 28 տարեկան էր։

«Մարդկային կորստի ցավը. հրադադար» ակնարկների շարքը պատրաստում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը:

Եթե ունեք տվյալներ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով զոհված զինվորների եւ քաղաքացիական անձանց մասին, ապա խնդրում ենք գրել հետեւյալ էլեկտրոնային հասցեին՝ ceasefire.

[email protected] կամ զանգահարեք 098804800:

Ակնարկը պատրաստվել է բրիտանական կառավարության ֆինանսական աջակցությամբ։ Տվյալների հավաքագրմանն աջակցել է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Լուսանկարները՝ ԿԱՐԻՆԵ ԻՈՆԵՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31