Լրահոս
Օրվա լրահոսը

Լսողության խնդիր ունեցող Սենիկ Սերոբյանը մտադիր է դառնալ ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն

Դեկտեմբեր 28,2012 15:49

 

Ամեն օր՝ վաղ առավոտյան, վանաձորցի 16-ամյա Սենիկ Սերոբյանը կամացուկ բացում է տան դուռն ու ելնում բակ՝ կերակրելու իր սիրելի ճագարներին: Այնուհետեւ, մինչ դասերը կսկսվեն, շտապում է վազելու: Վազքից տուն՝ նախաճաշելու, տնից դպրոց, հետո մի փոքր հանգիստ, ու նորից Սենիկը դրսում է՝ այս անգամ ըմբշամարտի պարապմունքի:

Թեեւ երկրորդ տարին է, ինչ Սենիկ Սերոբյանը ըմբշամարտով է զբաղվում, այնուամենայնիվ, հասցրել է մասնակցել տարբեր մրցաշարերի եւ պատվոգրեր ու հաղթանակները վավերացնող մեդալներ բերել իր հետ: Սենիկ Սերոբյանը լսողական խնդիր ունի: Մի ականջում դրված լսողական սարքն էլ, ինչպես ինքն է ասում, իր երկրորդ ականջն է: Նրա խոսքերով, լսողության խնդիր ունենալը խոչընդոտ չէ նպատակներին հասնելու ճանապարհին, շատ հաճախ ինքն էլ է մոռանում իր խնդրի մասին: «Իմ վատ լսելը ոչ ես, ոչ էլ ընտանիքս խնդիր չենք դարձրել, ես ապրում եմ լիարժեք կյանքով, ու երբեք չեմ զգացել, որ խնդիր ունեմ»,- ասում է Սենիկը: Նա նպատակ է դրել իր առջեւ՝ որքան էլ դժվար լինի, դառնալ ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն: Երբ ֆուտբոլով ու լողով զբաղվելու տարիներին հասկացավ, որ ապագան ավելի հեռանկարային է ըմբշամարտով զբաղվողների համար, որոշեց այն կապել հենց այս սպորտաձեւի հետ:

«Որոշեցի ըմբշամարտով զբաղվել: Սա ինձ համար ամեն ինչ է, ինձ ուժ է տալիս, տեխնիկա, արագ կողմնորոշվելու ունակություն»,- «Առավոտի» հետ զրույցում նշում է նա: Նրա մայրը՝ Արաքսյա Միրզախանյանը, մեզ հետ զրույցում նշում է, որ ընտանիքում վաղուց երեխայի վատ լսելը դադարել է խնդիր լինելուց: «Երբ հասկացանք, որ Սենիկը վատ է լսում, այդպես է ծնվել, որոշեցինք, որ ամեն գնով նա չպետք է հետ ընկնի իր հասակակիցներից: Շահագրգռված ենք եղել, որ նա ավելի շատ մարդկանց մեջ լինի: Երբեք չենք մեկուսացրել: Դա այլեւս մեզ համար խնդիր չէ»,- ասում է մայրը: Նա նշում է, որ, թեեւ հասարակությունը որոշ չափով հաղթահարել է կարծրատիպային մտածելակերպը, այնուամենայնիվ, անելիքներ դեռ կան: «Կարծրատիպային վերաբերմունքը հաղթահարվել է, թեեւ ոչ լիարժեք: Նոր սերունդն ավելի հանդուրժող է, քան մեր մեծերը: Նրանք ծանր են տարել տանը հաշմանդամություն ունեցող անձ ունենալու հանգամանքը: Շատ հաճախ կարծրատիպային մտածելակերպի հիմքը պետք է ընտանիքում փնտրել, ամեն ինչ ընտանիքից է սկսվում, եթե ընտանիքում հասկանան, որ մեկուսացնելը, թաքցնելը սխալ է, շատ հարցեր ինքնին կշտկվեն»: Բացի սպորտը՝ Սենիկը հետաքրքրվում է նաեւ համակարգչով, եւ ամեն մրցաշարից հետո ընդլայնում ընկերների շրջանակը:

«Որքան էլ զբաղված եմ լինում, հասցնում եմ նաեւ շփվել ընկերներիս հետ, ովքեր էլ հեռու են՝ համացանցն է մոտեցնում: Ազատ ժամանակ ընկերներիս հետ ֆուտբոլ եմ խաղում, նաեւ սիրում եմ կենդանիների մասին հաղորդումներ դիտել: Ամառներն էլ տանը չեմ նստում, տատ ու պապին եմ օգնում»,- ասում է Սենիկ Սերոբյանը՝ խոսելու ընթացքում ցույց տալով հաղթանակած պատվոգրերն ու մեդալները:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31