Լրահոս
Օրվա լրահոսը

«Վտանգավոր» բարձրաստիճան պաշտոնյաների ցուցակ

Դեկտեմբեր 28,2012 15:51

Այսօր Ուրբաթ» ակումբում «Մատաղիսի» գործի հետ կապված մի շարք բացահայտումներ արեցին սպանված զինծառայողների ծնողները եւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, որը եղել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում արդարացման դատավճիռ ստացած 3 մեղադրյալների փաստաբանը: Նրանք «ՎՏԱՆԳԱՎՈՐ Է» ցուցանակով հրապարակել էին մի խումբ բարձրաստիճան նախկին եւ ներկա պաշտոնյաների ցանկ, թե ովքեր են ներգրավված այս գործում եւ ովքեր ունեն իրենց մեղքի բաժինը: Այսպես՝ մեղավորների ցուցակում է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, նախկին ռազմական ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ներկայիս զինդատախազ Գեւորգ Կոստանյանը, գլխավոր զինդատախազ Աղվան Հովսեփյանը, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, գլխավոր դատաբժիշկ Շոթա Վարդանյանը, Վերաքննիչ դատարանի դատավորներ Աղրամանյանը, Արմեն Դանիելյանը, նախկին քննիչ, ոստիկանության վարչության պետ Արմեն Հակոբյանը եւ մի շարք այլ պաշտոնյաներ, քննիչներ, դատավորներ, որոնք իրենց որոշմամբ նպաստել են գործի կեղծմանը:

Սպանված զինծառայող Հովսեփ Մկրտումյանի հայրը՝ Մովսեսը, իր հետ նկարներ էր  բերել Մատաղիսի զորամասի մոտ գտնվող այն կամուրջից, որտեղ եղել է դեպքը, եւ որտեղից մարդասպանները գցել են դիակը գետը: Նրա խոսքերով՝ տարածքը հիմա վերափոխել են: Վկաներ կան, որոնք ցուցմունք են տվել, որ ձայներ են լսել, կռիվ է եղել, գնացել են այդ ուղղությամբ, դեպքը տեղի է ունեցել  զորամասի պատի տակ՝ զուգարանների մոտ: Իսկ հիմա այդ զուգարանները քանդել են, տարածքը ձեւափոխել, մոտակա խանութն են քանդել:

«2003-ի  դեկտեմբերի 24-ին արդեն այդ տղեքրը կորել են՝ իմ տղան ու Ռոման Եղիազարյանը: Մենք ծնողներ ենք: Երեխեքի կորելուց 12 օր հետո նոր մեր տուն  գալիս են զինվորական իրենց հրամանատարությունից, որ ձեր երեխեն փախել է, եկել ենք տուն տանենք: Եթե իմ երեխեն կորել էր, ինչի՞ չէին հայտաբերել: Ես հարեւանից եմ իմացել, հարեւանիս տղան նամակ էր գրել, որ մի վատ լուր պիտի ասեմ՝ Հովսեփը զորամասից կորել է, բայց հրամանատարությունից ոչ մեկը ինձ տեղյակ չի պահել: Ես զանգում եմ զորամաս, Մարտակերտ, իմանում եմ, ինձ ասում են, որ քո երեխեն ոստիկանությունում է: Նիուժելի՞ էդ հրամանատարությունը, այդքան ժամանակ կորել էր երեխես, լուր չէին տարածում, իրենք արդեն իմացել էին: Երեխուս գտել ենք 2004-ի հունվարի 9-ի առավոտյան: Ես այնտեղ եմ եղել, իմ երեխեն եղել է թարմ՝ մի օրվա մահացած ոնց որ: Հերձող բժիշկը էդքան անգրագետ չէր կարող լինել: Տվել է, որ իմ երեխու մահը վրա է հասել 1-2 օր առաջ»,-պատմեց Հովսեփի հայրը ու ցույց տվեց փաստաթղթերը:

Ինչ վերաբերում է 3 տղաներին, որոնք ազատազրկման էին դատապարտվել զինծառայողների սպանության համար, ըստ սպանվածի հոր՝ «Էս անմեղ երեխեքը իմ երեխու նման  երեխեք են էլի: Իմ երեխուն սպանել են, հերիք չի, մի հատ էլ ուզում էին 3 հոգու դատել, որ հանցագործներին պահեն»:

Զարուհի Փոստանջյանը պատմեց, որ «Երբ առաջին անգամ գնացի այդ զորամասը, տեսա Արայիկ Զալյանին, նիհար, ձեռքերի հաստությունը բարակ: Իբր ուտելիքի համար վիճաբանություն է ծագել եւ իրար ծեծել են: Այն վարկածը՝ Արայիկը կարո՞ղ էր ծեծեր, էն էլ ո՞ւմ՝ մարզված, կարատեի սեւ գոտի ունեցողի, հաղթանդամ: Իրավաբանները պետք է լուրջ մոտենային: Երեւում է, որ իրենց խնդիրն է եղել ոչ թե լուրջ գործ անեն, այլ սարքեն»:

Ժաննա Ալեքսանյանն էլ հայտարարություն արեց. «Սկսած Արթուր Մկրտչյանից՝ ցմահ ազատազրկումը Գագիկ Ջհանգիրյանի սիրած պատիժն է, դա ուղղակի նրա հոբբին է: Եթե նրա գործերը նայենք, հիմնականում 15 ազատազրկվածների գործերի ժամանակ Ջհանգիրյանն է աշխատել: Առնվազն 5 գործեր ապօրինի մեղադրանքով են: Ինքը խստացրել է պատիժը եւ ցմահ ազատազրկման է դատապարտել»: Զարուհի Փոստանջյանն էլ ավելացրեց, որ «այն մարդիկ, որոնք իր հետ գործարքի մեջ չեն մտել, նրանց բոլորին….այդպես է արել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31