Աստղագետներն իրավացիորեն խորհուրդ են տալիս չհավատալ հորոսկոպներին, Հայ առաքելական եկեղեցին՝ նույնպես: Սակայն բոլոր մարդկանց ներսում էլ փոքր երեխա է ապրում, որը կարիք ունի գեղեցիկ հեքիաթի, ինչը կարող է մի օր իրականություն դառնալ:
Ըստ արեւելյան հորոսկոպի, 2013-ը Օձի տարի է, ընդ որում՝ Օձն իր իրավունքները կստանձնի գալիք տարվա փետրվարի 10-ից:
Ասում են՝ Օձի տարին խոստանում է անկանխատեսելի դրական փոփոխություններ, սակայն այն պահանջում է ավելի ուշադիր եւ
հավասարակշռված վերաբերմունք դրսեւորել՝ ցանկացած հարցի նկատմամբ, լինել համբերատար, բարեխիղճ եւ բարի: Ըստ արեւելյան հորոսկոպի, Օձի տարին հաջող է լինելու հատկապես մտավոր աշխատանքով զբաղվողների ու մշակույթի ոլորտի մարդկանց համար:
«Առավոտը» տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներից հետաքրքրվեց, թե ինչ կբարեմաղթեն ժողովրդին 2013-ի համար:
«Օրրան» բարեգործական կազմակերպության հիմնադիր
Արմինե Հովհաննիսյան եւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան. «Սուրբ ծննդյան ոգու մեջ թող բոլորս պարուրվենք եւ մեր հոգու տոնածառից կախենք մի քիչ հույս ու մի քիչ հավատ, մի քիչ ազնվություն ու մի քիչ արդարություն, համբերություն ու համեստություն եւ մեր հոգու կենաց ծառը ծոփենք սիրո թելերով, ծիծաղներով մանկական լուսավորենք այն հավերժ: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»:
Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյան. «Շնորհավորում եմ, մենք ընդառաջ ենք գնում Օձի տարվան, ես մեր ժողովրդին խաղաղություն եւ օձի իմաստություն եմ ցանկանում, հավասարակշռվածություն, պետականության զգացողություն եւ պետական մտածողություն եւ ցանկանում, ուզում եմ, որ բոլոր ընտանիքներում գերիշխի խաղաղությունը, առողջ լինեն բոլորը, որ կարողանան նվիրվել մեր պետության կայացմանը, բոլորին մաղթում եմ հավատ, որ այսօր լավ է, բայց վաղն ավելի լավ է լինելու»:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզան Սիրունյան. «2013 թվականի խորհրդանիշը թող լինեն լավատեսությունն ու բարությունը, եւ մարդիկ շատ լսեն դասական երաժշտություն, ինչը հաստատ խթանում է նշածս որակները»:
Կոմպոզիտոր Մարտին Վարդազարյան. «Ամեն տարին մի էջ է յուրաքանչյուրիս կյանքում: Չգիտեմ ինչու,
բայց կուզենայի, որ 2013-ը ոչ թե էջ, այլ բազմահատոր գիրք լիներ՝ ուրախ, լուսավոր, ժպտուն էջերով: Ցանկանում եմ, որ յուրաքանչյուրն իր նվիրած ժպիտին ի պատասխան՝ ստանա հազարապատիկը: Այդ դեպքում մեր կյանքն ավելի բարի ու մարդկային կլիներ: Բոլորին առողջություն եմ մաղթում, բայց հարուստ լինելն էլ չէր խանգարի…»:
Խամաճիկների պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյան. «Ես բարեմաղթեմ Վիլյամ Սարոյանի «Մեր կյանքի ժամերը» պիեսի Ջոնիի բառերով, որին ժամանակին մարմնավորել եմ՝ կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որպեսզի այդ քաղցր ժամերին ոչ քեզ, ոչ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը»:
Ազգային օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյան. «Բախը, որ ողջ ստեղծագործական կյանքում բոլորից շատ է անդրադարձել
հոգեւոր երաժշտությանը եւ միայն ինքն ունի Սուրբ ծննդյան օրատորիա, միշտ կրկնել է, թե Հիսուսն իրեն շատ է սիրում: Դա յուրօրինակ աղոթք է:
Կուզենայի, որ մեզանից յուրաքանչյուրը Բախի օրինակով դիմեր բարձրյալին ու բարիք ցանկանար: Եվ երբ շատ մարդիկ բարիք ցանկանան,
այն ժամանակ աշխարհը կողողվի բարությամբ»:
Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյան. «2013-ը Օձի տարի է, իսկ օձը հավատալիքներում իմաստության խորհրդանիշ է, կուզենայի, որ այս խորհրդանշական տարում մեր քաղաքական գործիչները լինեին էլ ավելի իմաստուն, ընկալեին ժողովրդի անհրաժեշտությունները եւ սատար կանգնեին, գիրքն էլ շարունակեր լինել մեր ժողովրդի կարեւորագույն արժեքներից մեկը, քանի որ այն բոլոր իմաստությունների աղբյուրն է»:
Պատրաստեցին ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆՆ ու ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ