Արդեն անցել է շուրջ տասը տարի այն ցրտաշունչ, չարաբաստիկ օրից, երբ ոճրագործի գնդակից սպանվեց Հանրային հեռուստառադիոխորհրդի առաջին նախագահ Տիգրան Նաղդալյանը: Խելամիտ, տաղանդավոր, բանիմաց, բազմակողմանի զարգացած և իր ժողովրդին անսահման նվիրված երիտասարդ: Նրա սպանությունը մեծ հարված էր ողջ հայության համար:
2002թ. դեկտեմբերի 28-ին, մեր երկրի սաֆարովները, որոշակի ժամանակ հետապնդելով Տիգրանին, կարողացան իրականացնել իրենց նպատակը, զրկելով նրան ապրելու և իր ազգին ծառայելու իրավունքից:
Ինչպես ընթացան իրադարձությունները այս տասը տարիների ընթացքում: Սպանությունից անմիջապես հետո սկսվեցին փոխադարձ մեղադրանքներ իշխանությունների և ընդդիմության միջև: Ընդդիմության առաջին շարքում էր Վ. Սարգսյանի կրտսեր եղբայրը՝ Արամ Սարգսյանը: Նա ջանասիրաբար (ինչպես հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից, այնպես էլ Տիգրան Նաղդալյանի սպանությունից հետո) մեղադրում էր Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին, նրանց համարելով այդ երկու ոճրագործությունների պատվիրատուներ:
Արամ Սարգսյանը այդ ժամանակ հոկտեմբերի 27-ի գործով իրենց դատապաշտպան Յունիշևին հորդորում էր ամեն գնով ոճրագործություն կատարողներից կորզել իրենց համար այդքան բաղձալի անունները՝ Սերժ Սարգսյան և Ռոբերտ Քոչարյան, ընդհուպ մարդասպաններին խոստանալով ազատություն, մոռանալով, թե նրանք ինչպիսի դաժանությամբ էին սպանել իր եղբորը: Երևի հենց դա էր պատճառը, որ կատարվեց Հայաստանի պատմության մեջ մի աննախադեպ երևույթ, կարճ ժամանակ անց հայտնաբերվեցին և ձերբակալվեցին մի խումբ ոճրագործներ, որոնց գլխավերևում կանգնած էր ոչ այլ ոք, քան Վ. Սարգսյանի և Արամ Սարգսյանի մյուս եղբայրը՝ Արմեն Սարգսյանը: Թվում էր, թե արդարությունը մասնակիորեն կվերականգնվեր (մասնակիորեն, քանի որ Տիգրանին վերադարձնելը անհնար էր ): Բայց ավաղ, անարդարությունը սկսվեց հենց այն պահից, երբ պատվիրատուն և սպանությունն իրականացնողը դատապարտվեցին 15 տարվա ազատազրկման (ելնելով սպարապետի եղբայր լինելու հանգամանքից ): Նույնիսկ հենց ինքը՝ Արմեն Սարգսյանն էր հայտարարել, որ եթե իր մեղքն ապացուցվի, ապա ինքն արժանի է ցմահ ազատազրկման, իսկ ապացույցներն առավել քան համոզիչ էին:
Կարդացեք նաև
Բանտում անցկացրած 5 տարիների ընթացքում Արմեն Սարգսյանը հաճախակի եղել է դրսում (իրենց ձևակերպմամբ՝ կարճատև արձակուրդում), որը առավել ծանր հանցագործության համար ազատազրկվածներին, ըստ օրենսգրքի, արգելվում է: Դեռ դա էլ քիչ էր, 2008թ. «քաջ Նազարը» հայտնվեց ազատության մեջ:
Դեռ դատավարության ժամանակ խուսափելով ստոր արարքի համար պատասխանատվություն կրելուց, նա վախկոտի պիտակը վաստակեց (պարզապես անհավանական է հավատալ, որ Վ. Սարգսյանի եղբայրը, ով շրջապատված է երկրապահների աջակցությամբ, կարող էր վախից ինչ-որ մեկին 75000 դոլար գումար տալ): Որ նա վախկոտ է՝ դա փաստ է, քանի որ նման ճանապարհով ազգի պարծանքին կյանքից զրկելը միմիայն վախկոտի գործելաոճ է: Բայց զարմանում եմ, թե ինչպես է այդ վախկոտ անձնավորությունը կռվել Ղարաբաղյան պատերազմում, դեռ իր եղբոր կողմից ստեղծված «երկրապահների» կուսակցության կողմից էլ պարգևատրվել արիության շքանշանով:
Հա, ի դեպ, եղբոր կողմից ստեղծված «մահապարտների» ջոկատում է մարտնչել նաև անմիջապես սպանությունը իրականացնողը, ինչը շատ խորհելու առիթ է տալիս:
Արմեն Սարգսյանը իր անմեղությունն ապացուցելու համար նույնիսկ իր որդով էր երդվում և նունիսկ հայտարարում էր, թե եթե ինքն է պատվիրատուն, ապա թող իր որդին էլ Տիգրան Նաղդալյանի բախտին արժանանա, հաշվի չառնելով, որ այսպես, թե այնպես, միշտ էլ որդիներն են պատասխան տալիս իրենց ծնողների գործած մեղքերի համար: Նա հաճախակի գտնվում է լրագրողների (և ոչ միայն ) ուշադրության կենտրոնում և տալիս հարցազրույցներ, որոնց ժամանակ մշտապես հայտարարում է, որ ինքը ոչ մի կապ չունի Տիգրանի սպանության հետ (բայց հակառակն ապացուցելու համար ոչ մի քայլ չի ձեռնարկում) և նույնիսկ հարցնում է, թե ում էր դա ձեռնտու: Իրոք, տեսնես ո՞ւմ էր ձեռնտու նման մարդուն կյանքից զրկելը: Միգուցե ընդիմությանը, որ ամեն ինչ անում էր բարձր պաշտոններ գրավելու համար (հանձինս իր եղբայր Արամ Սարգսյանի, ով հայտնի է նախկինում որպես, մեղմ ասած՝ անհաջող վարչապետ ):
Այդ ժամանակ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կողքին էր Տիգրան Նաղդալյանը, ում ձայնը լսելի, հասանելի և ընդունելի էր հանրության կողմից, ինչը մեծ խոչնդոտ էր ընդդիմությանը՝ իրենց բաղձալի նպատակին հասնելու համար (ավաղ, Սերժ Սարգսյանն էլ այդ ամենը շատ շուտ մոռացավ):
Լրագրողի հարցին, թե ինչու չեք դիմում Եվրադատարան, Արմեն Սարգսյանը պատասխանում է, որ ինքն ամեն ինչ ուզում է կատարել իր երկրի օրենքներով: Հետաքրքիր է, թե ո՞ր օրենքների մասին է խոսքը. որով իրեն դատապարտեցին 15 տարվա ազատազրկմա՞ն, թե՞ այն, որով երկրի նախագահի օգնությամբ ապօրինի հայտնվեց ազատության մեջ: Սպանության մեղադրանքով ազատազրկվածը առիթը չի կորցնում հայտարարելու, թե ինքը Տիգրանի սպանության հետ առնչություն չունի, բայց այնուհանդերձ ոչինչ չի ձեռնարկում դա ապացուցելու համար՝ թեկուզ և իր ընտանիքի բարի անունը վերականգնելու նպատակով: Նա ոճրագործի պիտակը կկրի այնքան ժամանակ, քանի դեռ հակառակն ապացուցված չէ:
Արմեն Սարգսյանը նշում է, որ ինքը շատ նման է իր եղբորը և բոլորը երևի իր մեջ փնտրում են Վազգենին: Հետաքրքիր է՝ արդյոք Վազգենը կցանկանա՞ր, որ իրեն փնտրեին իր վախկոտ եղբոր մեջ կամ արդյոք նա կհամաձայնե՞ր, որ իր ընտանիքին իբր մոտ կանգնած անձնավորությունը եղբորը արջի ծառայություն մատուցեր՝ հակասահմանադրորեն նրան հանելով ճաղերի ետևից: Ըստ իս՝ դժվար թե: Ինչո՞ւ հակասահմանադրորեն, որովհետև 13.09.2008թ. լրագրողների հետ իր հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը լրագրողի հարցին, թե արդյոք կարելի՞ էր Տիգրան Նաղդալյանի սպանության պատվիրատուին ներում շնորհել, պատասխանել է. «Նրան ներում չի շնորհվել, ես ինձ տրված իրավասություններով կրճատել եմ պատիժը կրելու ժամկետը»: Հետաքրքիր է, որտեղ են արձանագրված այդ իրավասությունները:
Ըստ ՀՀ սահմանադրության, նման իրավասություն պարզապես գոյություն չունի: Լավ կլիներ, որ երկրի նախագահը գոնե ծանոթ լիներ Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավասություններին:
Ինչպես հանրապետության վարչապետն է հաճախակի կրկնում, երկրի ղեկավարները իրենց օրինավոր պահվածքով պետք է օրինակ ծառայեն մյուսներին: Իսկ ի՞նչ օրինակ մենք կարող ենք վերցնել նրանցից…
Ժամանակն է ուշքի գալ և թույլ չտալ, որ մեր իշխանավորները իրենց գրաված պաշտոնները օգտագործեն միմիայն իրենց ընտանիքի, կուսակիցների և ընկերների համար:
Հաճախակի կրկնում են, որ ժամանակը բուժում է բոլոր վերքերը, բայց այս տասը տարիներն առանց Տիգրանի ապացուցեցին, որ դա ամենևին էլ այդպես չէ: Տասը տարիների ընթացքում վերքերը ոչ միայն չսպիացան, առավել ևս՝ չբուժվեցին, այլ ավելի ու ավելի խորացան հատկապես այն պատճառով, որ դրան շատ նպաստեցին այն անձինք, ովքեր իբր թե Տիգրանի կողքին էին:
Մայրս սիրում էր ասմունքել և ամեն անգամ Համո Սահյանի «Կտակը» արտասանելիս կարծես դիմում էր Տիգրանին. «Եվ լայն օրում թե ընկերներ, թե բարեկամ ճանաչիր, իսկ նեղ օրում ընկերներին ոչ որոնիր, ոչ կանչիր»: Մոր սիրտ է, չէ՞, կարծես կանխազգում էր ինչ-որ բան:
Այս տասը տարիները դրա ապացույցը եղան նրա համար: Տիգրանի սպանությունից հետո նրա, այսպես կոչված, ընկերները հեռուստաէկրանից բազմաթիվ խոստումներ էին տալիս, նշում ստույգ ժամկետներ (մասնավորապես՝ Տիգրան Նաղդալյանի անվան հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի հիմնումը ), բայց իրականում դրանք լոկ հայտարարություններ էին: Տիգրանի խոսքը գործ էր և նրա հանդեպ նման անտարբերությունն ու անպատասխանատվությունը պարզապես անբարո է: Վերջին տարիներին Հ1-ի եթերից ընդհանրապես չի խոսվում Տիգրանի մասին, փոխարենը գովազդվում է ոճրագործության պատվիրատուն: Գուցե դա է՞լ վերևից տրված հերթական ստոր հրամանն է: Համենայնդեպս, Տիգրանը նրանց չդավաճանեց եւ երբ նրանցից ոմանք նեղության մեջ էին, չկառչեց աթոռից և պաշտոնից, այլ իրեն պահեց ընկերոջը, իսկական մարդուն վայել ձևով: Իսկ նրա՞նք… Ինչպես կյանքը ցույց տվեց, Տիգրանի սպանությունը ձեռնտու էր նաև նրանց (բացառությամբ մեկի, ով, այնուամենայնիվ, հիշում էր, որ Տիգրանը ընտանիք ունի և ծնողներ):
Մեկ բան պետք է անպայման հիշել, որ անմեղ թափված արյունը վաղ թե ուշ փոխհատուցում է պահանջում:
Կարինե ՆԱՂԴԱԼՅԱՆ