Լրահոս
Օրվա լրահոսը

Դե, 52 միլիոն դոլար ներդրումն ինչ է, որ իրար խառնվեն

Դեկտեմբեր 28,2012 15:02

 Հայաստանում մոտավորապես այսքան գումարի ներդրում էր պատրաստվում անել ֆրանսիական հայտնի «Carrefour» հիպերմարկետների ցանցը:

Օտարերկրյա ներդրումները սովորաբար հոսում են այն երկիր, որտեղ ներդրումային միջավայրը բարենպաստ է: Հավատալով մեր երկրի տնտեսական ոլորտի պատասխանատուների խոստումներին, թե Հայաստանում ներդրումային դաշտը բարելավված է, եւ կան մի շարք հարկային արտոնություններ, ֆրանսիական հայտնի «Carrefour» հիպերմարկետների ցանց, որն ամբողջ աշխարհում իր տեսակի մեջ հայտնի է որպես այդ ոլորտում երկրորդ խոշոր ցանցը, մտադրություն էր հայտնել Հայաստանում՝ մասնավորապես «Դալմա մոլում» առեւտրային կենտրոն բացել: Ընդ որում, այս ապրանքանիշը մեր երկիր բերելու համար բանակցությունները տարվել են ոչ թե 2 տնտեսվարողների՝ «Դալմա մոլի» եւ «Carrefour»-ի պատասխանատուների միջեւ, այլ պետական մակարդակով: «Առավոտի» տեղեկություններով՝ բանակցությունները վարել է անձամբ ՀՀ տարածքային նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ինչը հաջողությամբ է ավարտվել: «Carrefour»-ը տվել է Հայաստանում բիզնես ծավալելու իր համաձայնությունը: Այդ էին վկայում նաեւ «Դալմա մոլում» այդ ապրանքանիշի՝ մեր երկիր գալու մասին փակցված գովազդային պաստառները: Խոսքը մոտավորապես 52 միլիոն դոլար ներդրումների մասին էր: Սակայն այսօր արդեն որոշ լուրեր են շրջանառվում, որ հայրենի օլիգարխներն ամեն գնով խոչընդոտել են այդ ապրանքանիշի մուտքը մեր երկիր, քանի որ այդ հիպերմարկետը շատ լուրջ մրցակից կլիներ, կարող էր խնդիրներ առաջացնել որոշ օլիգարխների բիզնեսի համար: Ֆրանսիական ընկերության մատուցած ապրանքները մի քանի անգամ էժան են, որակյալ եւ տարատեսակ: «Carrefour»-ը կգա Հայաստան, թե ոչ՝ առայժմ որեւէ մեկը հստակ պատասխան չի տալիս: «Առավոտին» հասած տեղեկություններով՝ «Դալմա մոլ»-ում հիպերմարկետի համար նախատեսված տեղը կզբաղեցնի «Երեւան Սիթի»-ն: Ճի՞շտ է արդյոք, որ «Դալմա մոլ»-ում էլ է «Երեւան Սիթի» սուպերմարկետ բացվելու՝ մեր հարցին սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանի օգնականը հայտնեց, որ իրեն նման բան հայտնի չէ:

Նույն հարցն ուղղեցինք նաեւ «Դալմա մոլ»-ի մարքեթինգի գծով պատասխանատու Վահագն Գեւորգյանին: «Դեռ ոչինչ պարզ չէ»,- ասաց Վ. Գեւորգյանը: «Առավոտի» հարցին, թե՝ փաստորեն ձեր հաճախորդներին խաբե՞լ եք՝ հայտնելով, որ «Carrefour»-ը գալիս է Հայաստան, մարքեթինգի բաժնի ղեկավարը պատասխանեց՝ մենք մեր հաճախորդներին չենք խաբում:

«Առավոտը» տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին խնդրեց պարզաբանել, թե ճի՞շտ են արդյոք այն լուրերը, որ «Carrefour»-ը մտքափոխվել է եւ չի գալու Հայաստան, եթե այո՝ ինչո՞ւ է ֆրանսիական ընկերությունը փոշմանել: Ի պատասխան՝ նախարարությունից հայտնեցին. «Հայաստան-ԱՄԷ միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Արմեն Գեւորգյանն, իրոք, հանդիպումներ ունեցել է Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում «Carrefour» ընկերության արտոնագրային գործընկեր «Մաջիդ ալ Ֆուտտեյմ» ընկերության (ԱՄԷ) ներկայացուցիչների հետ: Հիմնականում քննարկել են մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի տարածքում առեւտրային կենտրոն կառուցելու ծրագիրը, դրա իրականացմանը պետության հնարավոր աջակցությանը վերաբերող հարցեր: Ընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ կենտրոնում պետք է «Carrefour» ցանցի հիպերմարկետ տեղակայվի: Միաժամանակ, որպեսզի մուտքը հայկական շուկա ավելի արագ կայանա, որոշել են համագործակցել հայկական մասնավոր ընկերությունների հետ՝ Երեւանի այլ շրջաններում եւս «Carrefour» հիպերմարկետ բացելու վերաբերյալ: Նման նախաձեռնությունը ողջունվել է:

Ընթացիկ տարվա մարտին տեղեկացանք, որ «Մաջիդ ալ Ֆուտտեյմ» ընկերության եւ «Դալմա գարդեն մոլի»-ի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, եւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ վերջինիս տարածքում «Carrefour» հիպերմարկետ բացելու վերաբերյալ:

Երկու մասնավոր տնտեսվարող սուբյեկտների միջեւ բանակցությունները, դրանց ընթացքում ծագած հարցերը բացառապես վերաբերում են նշված տնտեսվարողների փոխհարաբերություններին, եւ փոխվարչապետ Ա. Գեւորգյանը դրանց հետ որեւէ առնչություն չի ունեցել եւ չունի: Ինչ վերաբերում է Հայաստանում «Carrefour»-ի ներկայությանը, ապա ողջունելի է աշխարհում հայտնի խոշոր ցանցի մուտքը Հայաստան, որը ոչ միայն նոր որակի ծառայություններ է մատուցելու, այլեւ հնարավորություն է ստեղծվելու հայկական գյուղատնտեսական եւ վերամշակող արտադրանքը իրացնել աշխարհում՝ ցանցի հիպերմարկետների միջոցով»:

Որ Հայաստանում ներդրումային դաշտը գրավիչ է եւ բարենպաստ՝ բազմիցս այդ մասին հայտարարել է նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Որպես ոլորտը համակարգող՝ պարոն Դավթյանին խնդրեցինք մեկնաբանել, թե ինչո՞ւ է «Carrefour»-ը Հայաստանում ներդրում անելու մտադրությունից հրաժարվել:

Պարոն Դավթյանը մամուլի քարտուղարի միջոցով փոխանցել էր. «Տիգրան Դավթյանի տեղեկություններով՝ «Carrefour»-ի բացումը պետք է լիներ 2013 թվականին: Իսկ չբացվելու մասին նախարարը որեւէ տեղեկություն չունի»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31