Այսօր ՍԻՄ կուսակցության համագումարում միաձայն որոշվեց պաշտպանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ «երկրի նախագահի ելույթը ՀՀԿ-ի 14-րդ համագումարում ամբողջությամբ համահունչ է ՍԻՄ ծրագրերին: Այն շեշտադրումը, որ նա արել է՝ մեզ համահունչ է, եւ մենք, ելնելով դրանից, կատարել ենք մեր որոշումը: Երկրի նախագահի վարած քաղաքականությունը վերջին 5 տարիների ընթացքում ապահովել է երկրում կայունություն՝ բոլոր առումներով, ապահովել է հնարավորություն՝ ունենալ փորձառու ղեկավար եւս եւ կանխատեսելիություն՝ ինչպես արտաքին աշխարհի համար, այնպես էլ երկրի քաղաքացու համար: Այդ կարեւոր դիրքորոշումը մենք գնահատում ենք»:
Մեր հարցին՝ Սերժ Սարգսյանը խոսում էր ապահով Հայաստանի մասին, ինչքանո՞վ է ապահով այսօր Հայաստանը, ինչի՞ց կամ ումի՞ց է ապահով՝ Հայկ Բաբուխանյանը պատասխանեց. «Այսօր Հայաստանը ապահով է, մեր սահմանները ամուր են, մեր զինված ուժերը կանգնած են մեր խաղաղության պահպանության գործին, բանակը, մեր հարաբերությունները դաշնակից պետությունների հետ թույլ են տալիս ապահովել երկրի անվտանգությունը, խաղաղությունը: Մնացած խնդիրները՝ սոցիալական վիճակի բարելավումը, տնտեսական խնդիրները նույնպես նախագահի քաղաքական թիմի ուշադրության կենտրոնում է: Ինչպես տեսնում եք, ցնցումներից հեռու պահեց մեր նախագահը երկիրը այն վիճակում, երբ աշխարհը շատ խորը տնտեսական ճգնաժամ էր ապրում»:
Նա վստահեցրեց, որ մեզ սպասում են ազատ ընտրություններ, ընտրություններ, որոնք արտահայտելու են հայ ժողովրդի կամքը:
Համագումարից հետո կուսակցականներն ու համակիրները համբուրում էին Հայկ Բաբուխանյանին, սեղմում նրա ձեռքը եւ շնորհավորում «ցնցող ելույթի» համար:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ