Լրահոս
Օրվա լրահոսը

Աբորտներն ու սեռավարակները՝ անպտղության հիմնական պատճառ

Դեկտեմբեր 28,2012 14:49

Հայաստանում գրեթե ամեն 2-րդ հղիություն ընդհատվում է արհեստական ճանապարհով: Հայ կանայք իրենց կյանքի ընթացքում իրականացնում են միջինը 2 աբորտ: Սա փաստում են ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հրապարակած տվյալները: Հաշվի առնելով Հայաստանի ժողովրդագրական պատկերը եւ պտղաբերության ցուցանիշը, որը 1 կնոջ հաշվով կազմում է 1.4 երեխա, իսկ ժողովրդագրական եւ առողջության հարցերի հետազոտության տվյալներով՝ 1.7, յուրաքանչյուր առողջ երեխայի կյանքն արհեստական ճանապարհով ընդհատելը, կարելի է ասել, աղետ է: Պտղաբերության ցուցանիշը, ըստ վիճծառայության՝ 1 կնոջ հաշվով կազմում է 1.4 երեխա՝ այն դեպքում, երբ բնակչության պարզ վերարտադրության ապահովման համար անհրաժեշտ է 2.1 երեխա:

29-ամյա Նաիրան ամուսնության 8 տարիների ընթացքում 3 անգամ աբորտ է արել: Նրա պատմելով՝ առաջնեկի՝ դստեր ծննդից հետո ցանկություն չի ունեցել եւս մեկ աղջիկ ունենալ. սոցիալական վատ պայմանները՝ ցածր եկամուտն ու վարձակալած անհարմար բնակարանը նրա համար իսկական սթրես են եղել, էլ ուր մնաց՝ 2-րդ երեխան ունենար: «Առավոտի» հետ զրույցում Նաիրան պատմեց, որ թեեւ մինչ ամուսնությունը ծրագրել էր 3 երեխա ունենալ, բայց կյանքն այլ ճակատագիր է թելադրել. «Ես ի՞նչ իմանայի, որ ամուսնուս գործերն էդքան վատ կլինեին: Ես հասկանում եմ՝ 3 անգամ մարդ եմ սպանել, բայց ախր ինձ էլ հասկացեք՝ ես այդ երեխաներին լույս աշխարհ բերելով՝ գուցե ավելի դժբախտացնեի: Սոված ու տկլոր երեխա չեն մեծացնում, հետո չկարողանայի գիրք ու տետր առնել, բա մի օր էր ինձ չէի՞ն ասի՝ չէիր կարող պահել, չծնեիր: Չգիտեմ, երեւի Աստված ինձ կհասկանա ու կների»: 3 աբորտները Նաիրայի վրա շատ «թանկ են նստել». հիմա, երբ որոշել է 2-րդ երեխան ունենալ, այն էլ ամուսնու պահանջով՝ «Տղա չբերես, ուրիշ կնոջից կունենամ», Նաիրան չի կարողանում հղիանալ՝ առողջական լուրջ խնդիրների պատճառով: Տիկնոջ խոսքերով՝ «Բռերով դեղեր եմ խմում, մի «փեշ» փող եմ ծախսում, բայց չեմ հղիանում. բժիշկս ասում ա՝ աբորտների պատճառով ա: Գիտեի, որ աբորտը կարող ա չբերություն առաջացնի, բայց էն պահերին դրան լուրջ չէի վերաբերվում»:

Աբորտները, ինչպես վստահեցնում են մասնագետները, վտանգավոր են հղիության մեծ ժամկետում՝ 12 շաբաթականից հետո, եւ եթե հաշվի առնենք, որ Հայաստանում սեռով պայմանավորված աբորտներն առաջին տեղում են, ապա դրանք միանշանակ կարող են լուրջ ազդեցություն թողնել կնոջ առողջության վրա:

«Աբորտի հետեւանքները շատ բարդ են լինում, կարող են լինել անմիջապես միջամտության ընթացքում, քանի որ աբորտը կույր միջամտություն է, բժիշկը այն կատարում է՝ հիմնվելով զգացողականի վրա: Եթե անգամ այդ պահին բարեհաջող ընթացավ, կարծես թե կինն իրեն լավ է զգում, կա նաեւ ուշացած բարդություն, որը հենց անպտղությունն է: Անցել է որոշ ժամանակ, կինը մտքափոխվել է, ուզում է երեխա ունենալ, փորձում է եւ չի կարողանում հղիանալ: Իսկ երբ հարցուփորձ ենք անում, տեսնում ենք, որ անցյալում ունեցել է հղիության ընդհատում: Ոչ մի բժիշկ, անգամ ամենափորձառուն, երբեք ոչ մի կնոջ չի կարող տալ 100%-անոց երաշխիք, որ այդ կնոջ մոտ բարդություն չի լինի»,- մեզ հետ զրույցում նշեց մանկաբարձ-գինեկոլոգ Սաթենիկ Մաթեւոսյանը: Իր պրակտիկայում, գրեթե 100% դեպքերում, բոլոր այն կանայք, որոնք դիմել են հղիության արհեստական ընդհատման, միշտ հետո փոշմանել են. «Միշտ եկել են ու ինձ ասել՝ բժիշկ ջան, ինչո՞ւ ձեզ չլսեցի ու աբորտ արեցի: Հիմա էլ մի կին, որին 2 տարի առաջ փորձում էի համոզել չգնալ աբորտի, եկել է ինձ մոտ ու բուժվում է անպտղությունից: Սա շատ դժվար բուժվող հիվանդություն է: Երկրորդային անպտղության դեպքում կպումներ են առաջանում արգանդափողերում, արգանդի խոռոչում, շատ-շատ դժվար է բուժել, հնարավոր է արհեստական բեղմնավորման դիմել, արտամարմնային բեղմնավորման, իսկ դա հսկայական գումարների հետ է կապված, եւ ամեն ընտանիք չէ, որ դրա հնարավորությունն ունի, այն էլ տալ 100%-անոց երաշխիք՝ անհնար է: Կանայք պետք է այս ամենն իմանան՝ նախքան աբորտի գնալը: Ի վերջո, անցանկալի հղիությունից խուսափելու մի շարք միջոցներ կան»: 3 անգամ աբորտի դիմած Նաիրայից երբ հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ հակաբեղմնավորիչներ չի օգտագործել, եթե այն ժամանակ չի ցանկացել հղիանալ, ասաց. «Ես լսել եմ, որ դրանք հորմոնալ խանգարումներ են առաջացնում, իսկ ամուսինս էլ հրաժարվում էր պահպանակ օգտագործել»: Ընտանիքի պլանավորման կաբինետի մասին էլ Նաիրան առաջին անգամ մեզանից լսեց: Հայաստանում ընտանիքի պլանավորման կաբինետները ստեղծվել են դեռեւս 90-ականների սկզբին, այսօր արդեն 75 նման կենտրոն կա: Բեղմնականխիչների տարածվածության ցուցանիշը 1994թ.-ից մինչեւ 2010թ.-ը 1%-ից աճել է 27%-ի: Սա՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի տվյալներով: Այդուհանդերձ, Հայաստանում այդ կաբինետների մասին տեղեկացվածությունը ցածր մակարդակի է: Այսօր ժամանակակից դեղագործությունն արդեն այնպիսի հակաբեղմնավորիչներ է արտադրում, որ դրանք հազվադեպ դեպքերում են կողմնակի ազդեցություն թողնում, սակայն անգամ մայրաքաղաքի որոշ դեղատներում կատարած մեր հարցումները փաստեցին, որ ամիսը ընդամենը 2-3 կին է գնում հակաբեղմնավորիչ:

«Հին սերնդինը՝ այո, բացասական ազդեցություն էր թողնում, սակայն նոր սերնդի հակաբեղմնավորիչների մասով մտավախությունն անտեղի է: Այն, որ ընտանիքի պլանավորման կաբինետների մասին տեղեկացվածությունը ցածր է, դա պետության բացթողումն է, ստեղծեցինք այդ կաբինետները, բայց պետությունը մինչեւ հիմա հակաբեղմնավորիչներ չի առնում, որ տրամադրի կանանց, մենք ենք առնում ու բաժանում: Պետք է գիտակցությունը բարձրացնենք, որ կանայք չգնան աբորտների, այլ օգտվեն մի շարք բեղմնականխիչ մեթոդներից»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գարիկ Հայրապետյանը:

Միայն աբորտները չեն, որ հանգեցնում են անպտղության, նաեւ սեռավարակները, որոնք երկար ժամանակ չբուժելու դեպքում եւս անպտղություն են առաջացնում: 23-ամյա Մարինեն ամուսնության առաջին 2 տարիների ընթացքում չի հղիացել, իսկ սկեսուրն իրեն էր մեղադրում՝ «էս ինչ չբեր հարս եմ բերել»: Մինչդեռ, ինչպես Մարինեն պատմեց, երբ դիմել են բժշկի, պարզվել է՝ փողերի անանցանելիություն ունի, որը խլամիդիոզ սեռավարակի պատճառով է առաջացել, իսկ սեռավարակն էլ ամուսնուց է փոխանցվել: Երկարատեւ ու ծախսատար բուժումից հետո, երբ վերջապես հղիացել է, 2 անգամ վիժում է ունեցել, ու էլի սկեսուրը հարսին է մեղադրել: 3-րդ անգամ հղիանալուց որոշ ժամանակ անց բժիշկը պարզել է, որ կրկին Մարինեն սեռավարակ ունի: Այս անգամ սկեսուրը ստիպել է ազատվել պտղից՝ պատճառաբանելով. «Եսի՞մ ինչ հիվանդոտ երեխա կծնվի»: Իսկ մասնագետները փաստում են՝ ոչ մի սեռավարակ ցուցում չէ հղիության ընդհատման: «Ամեն մի սեռավարակի դեպքում հատուկ հղիների համար սխեմա կա բուժման, եւ հղիության ընդհատում պետք չէ անել, եթե պտղի մոտ ոչ մի խնդիր չկա: Այսօր շատ լավ դեղամիջոցներ կան Հայաստանում, որոնք շատ լավ բուժում են սեռավարակները: Նույնիսկ ՄԻԱՎ-ի դեպքում հղիության ընդհատման ցուցում չկա»,- Առավոտի հետ զրույցում ասաց մաշկավեներաբան Հովհաննես Հովհաննիսյանը: Իսկ Ս. Մաթեւոսյանն էլ ասաց, որ սեռավարակն ախտորոշելը բարդ չէ, բայց վարակը, օրինակ՝ խլամիդիոզը ախտահարում է արգանդափողերը, բորբոքում է առաջացնում, կպումներ, ու փողերը փակվում են, ինչի պատճառով էլ հղիությունն անհնար է դառնում, իսկ սեռավարակը բուժելն ավելի հեշտ է, քան դրա հետեւանքով առաջացած անպտղությունը:

Առողջապահության նախարարության մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանի խոսքերով էլ՝ պաշտոնական տվյալներով ամեն տարի մոտ 45 հազար ծննդաբերության պայմաններում 7000-7500 աբորտի դեպք է գրանցվում, սակայն վերջին շրջանում այդ թիվը նվազել է: Ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի՝ վերարտադրողական տարիքի յուրաքանչյուր 6 կնոջից մեկը ունի անպտղություն: Մեզ մոտ դա տոկոսային արտահայտությամբ կազմում է 168%, ԱՀԿ սահմանած ճգնաժամային ցուցանիշը 15% է:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31