Լրահոս
Օրվա լրահոսը

Իրատեսության մունետիկը

Դեկտեմբեր 28,2012 14:36

ՀՀ նախագահի հավանական թեկնածուներից մեկը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, հայտարարեց, որ չի մասնակցելու առաջիկա ընտրապայքարին: Առաջին հայացքից տեղի ունեցածը սովորական մի դեպք է, բայց դրա մակերեւութային դրսեւորումների տակ թաքնված են խորքային երեւույթներ, որոնք արժանի են զննման ու անկողմնակալ քաղաքագիտական գնահատականի:

Խնդիրն այն է, որ նա միայնակ չհեռացավ գործուն քաղաքական կյանքից, այլ իր այդ քայլով եզրափակեց քաղաքական կյանքի մի ժամանակաշրջան, որը եզակի եղավ թե իր տեսական ու աշխարհայացքային հիմնադրույթներով, եւ թե գործնական արդյունքով: Դա վերլուծական քաղաքականության ժամանակաշրջան էր՝ իր գործնական առաջնորդ-վերլուծաբաններով, որոնց շարքում Տեր-Պետրոսյանը փայլում է շլացուցիչ լույսով:

Քաղաքականության այդ դպրոցը տարիներ շարունակ հրապարակավ ներկայացնում էր հանրության առջեւ ծառացած խնդիրները, որդեգրած տեսական դրույթներից ածանցում գործնական քաղաքականության ճիշտ քայլեր, դրանք ներկայացնում հասարակությանը եւ իրականացնում: Տեր-Պետրոսյանը այդ դպրոցի իրատեսական թեւի գաղափարախոսն էր ու առաջատար գործիչը. ռոմանտիզմն ու արկածախնդրությունը տեղ չունեին նրա քաղաքական համոզմունքների ու գործունեության մեջ: Ու շատ դեպքերում նա գործել է հայ ավանդական մտածելակերպին հակառակ՝ մնալով ընկալված սահմանափակ մարդկանց կողմից միայն: Նրա այդ հատկությունը կարծես հավասարակշռվում էր քաղաքական դպրոցի մյուս ներկայացուցիչների ռոմանտիզմով, եւ դպրոցը գործում էր անխափան: Քաղաքական մշակույթ չունեցող հայ ժողովրդի համար դա առանձնահատուկ դեպք էր: Տեր-Պետրոսյանի հռետորական ձիրքը դպրոցի ծանր հրետանին էր՝ կործանում էր հակառակորդի ամենապինդ ամրություններն ամգամ:

Տեր-Պետրոսյանի վերլուծական հզոր կարողությունները ճանաչվել էին նաեւ միջազգային քաղաքական միջավայրում: Թերեւս նա միակ միջազգայնորեն ճանաչված հայ քաղաքական գործիչն է: Նա իր դիպուկ գնահատականներով ու որակումներով վայելում էր մյուս առաջնորդների հարգանքն ու ակնածանքը: Խորհրդային ժողովուրդների առաջնորդներից միայն նա կարողացավ հստակ բանաձեւել իրավիճակը Խորհրդային Միության փլուզման օրերին: Նրա բանաձեւը՝ «Կենտրոնը մահացած է», որ տրվեց ԽՍՀՄ իշխանության բարձրագույն մարմնի նիստում, դարձավ ուղենիշ մյուս առաջնորդների հետագա գործունեության համար:

1988 թվականին նա հստակ ձեւակերպեց ղարաբաղյան շարժման տեղը գլոբալ քաղաքական զարգացումների ծիրի մեջ՝ կամ Գորբաչովը կհրաժարվի գլոբալ փոփոխությունների իր ծրագրից ու տանկերի թրթուրների տակ կճնշի շարժումը, կամ շարժումը կշարունակվի ու կծավալվի:

Համարել, թե նա անթերի է եղել իր գործունեության մեջ, առնվազն մանկամտություն կլինի: Ըստ իս՝ նրա մեծագույն սխալը 1996 թվականին էր: Մյուսը 2008 թվականին էր, երբ նա անավարտ թողեց հանրային ընդզվումը: Եթե պատմական այդ պահերին նա հարազատ մնար իր իրատեսական հայացքներին, այսօր հայ ժողովուրդը միջազգային ասպարեզում՝ ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի կունենար առաջատար ու ազդեցիկ մի գործիչ:

Ինչեւէ: Լ. Տեր-Պետրոսյանը մնում է պատմական դեմք, ոչ միայն այն պատճառով, որ եղել է Հայաստանի հիմնադիր նախագահը, այլեւ նրա համար, որ իրատեսական ու օգտապաշտ քաղաքական դպրոցի հիմնադիրն է, իրատեսության մունետիկը նորածին հայ քաղաքական մշակույթի մեջ:

Հիմա այդ իմաստուն դպրոցի դուռը շռնդալից փակվեց նրա հեռանալու հետ: Մինչ այդ վաղուց ասպարեզը թողել էին դպրոցի մյուս ներկայացուցիչները եւս: Չկա այլեւս այդ զարմանահրաշ քաղաքական մեքենան: Ու նրա հեռանալով հայ հասարակության համար մյուս խնդիրների շարքում ավելացավ մեկը եւս՝ շարունակել, պահպանել, վերականգնել քաղաքական այդ հրաշալի դպրոցի ավանդույթներն ու գաղափարախոսական հիմնադրույթները, որոնք փայլուն հաղթանակներ բերեցին հայ ժողովրդին: Սակայն իրականությունն այլ բան է վկայում. հայ հասարակական ու քաղաքական կյանքը արագորեն գնում է դեպի անհայտն ու անորոշությունը, որտեղ տեղ չկա Տեր-Պետրոսյանի ու իր քաղաքական դպրոցի բերած բարձր արժեքների ու լուրջ քաղաքական մտածելակերպի համար:

ԱՐԱՄ ՄԱՅԻԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31