Լրահոս
Օրվա լրահոսը

Ահա եւ վերջ. իսկ այժմ՝ բոյկոտ, բոյկոտ, մինչեւ…

Դեկտեմբեր 28,2012 14:33

Բոյկոտը այլեւս Սերժ Սարգսյանի իշխանության «ջրաղացին ջուր լցնել» չէ

Երեկ քաղաքական առօրյայում նշանակալի իրադարձություններ տեղի ունեցան: Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ Սեյրան Յուզբաշյանը ԿԸՀ է ներկայացրել նրա առաջադրման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը: Հայ ազգային կոնգրեսն էլ հանդես եկավ հայտարարությամբ, որից պարզ դարձավ, որ ՀԱԿ-ը, ինչպես եւ ԲՀԿ-ն, նույնպես չի մասնակցելու առաջիկա նախագահական ընտրություններին եւ որեւէ առաջադրված թեկնածուի չի պաշտպանելու, նույնիսկ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանին:

ՀԱԿ-ը հիմնավորել է իր քայլը հետեւյալ տրամաբանությամբ. «Կեղծելով 2008թ. նախագահական ընտրությունները եւ արյան մեջ խեղդելով ընտրակեղծարարության դեմ բողոքի ելած ժողովրդի ընդվզումը՝ Սերժ Սարգսյանի ռեժիմը հինգ տարի շարունակ հետեւողականորեն զբաղված է եղել ժողովրդավարական, մրցակցային ընտրությունների որեւէ հնարավորության ոչնչացմամբ: Հակառակ Հայաստանի հասարակությանը եւ միջազգային հանրությանը տրված ամպագոռգոռ խոստումներին՝ հիմնովին կեղծվեցին 2009թ. Երեւանի ավագանու, 2012-ի խորհրդարանական, ինչպես նաեւ այս ժամանակաշրջանում տեղի ունեցած բոլոր տեսակի ՏԻՄ ընտրությունները»: ՀԱԿ-ը փաստել է, որ երկրում ստեղծվել է պետականորեն կազմակերպված ընտրակաշառքի բաժանման եւ բազմակի քվեարկության «հանցագործ մի համակարգ, որին աջակցում են պետական կառավարման եւ իրավապահ բոլոր մարմինները, ինչպես նաեւ իշխող կուսակցությունը», եւ որ «ընտրությունների կեղծման գլխավոր գործիքը՝ ընտրողների ցուցակը, ուռճացված է մոտ 700.000 ընտրողների ձայներով»: Եվ քանի որ իշխանությունը տապալել է ԱԺ-ում ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» ջանքերը՝ «արմատապես փոխելու ընտրական համակարգը երկրում եւ ապահովելու օրինական, թափանցիկ, ազատ եւ արդար ընտրություններ, հաշվի չառնելով նաեւ միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պահանջները՝ ոչնչացված է մրցակցային ընտրությունների մեխանիզմը, ահաբեկվում են ընդդիմությանը սատարող գործարարները, 500-ից 700 հազար ձայների կեղծումով իսպառ բացառվել է ընտրություններով իշխանություն փոխելու որեւէ հնարավորություն», ՀԱԿ-ը անիմաստ է համարում ֆարս դարձած ընտրություններին մասնակցությունը եւ որեւէ առաջադրված թեկնածուի պաշտպանումը, ինչը «կնպաստի ապօրինի ռեժիմի լեգիտիմացմանը»:

Նախ ուշագրավ է, որ ՀԱԿ-ի հայտարարության մեջ 2008թ. նախագահական ընտրությունները եւ «արյան մեջ խեղդելով ընտրակեղծարարության դեմ բողոքի ելած ժողովրդի ընդվզման» հասցեատերը բացառապես «Սերժ Սարգսյանի ռեժիմն» է: Ինչպես նկատում ենք, Ռոբերտ Քոչարյանի անունը չի շոշափվում 2008թ. նախագահական ընտրական գործընթացները հիշատակելիս:

Ինչեւէ, մի կողմից՝ պետության, քաղաքական դաշտի՝ իշխանության, ընդդիմության եւ հասարակության համար թերեւս ամենավտանգավորն այն է, որ Սերժ Սարգսյանը ընտրությունների է գնում առանց ազդեցիկ, ընդդիմադիր թեկնածուի: Սրա հետեւանքներն իրականում կարող են բավական ծանր լինել մեր պետության եւ ժողովրդի համար: Հարց է՝ իշխանությունները կցուցաբերե՞ն այն աստիճանի զգոնություն, որպեսզի գիտակցեն, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել առաջիկայում, որպեսզի Հայաստանը չնույնացվի ասիական որեւէ պետության հետ:

Մյուս կողմից՝ պետք է ամրագրել նաեւ, որ ընդդիմությունն էլ զիջեց դիրքերը: Փաստն այն է, որ Գագիկ Ծառուկյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը դուրս չեկան ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանության: Սա ռազմավարական, մարտավարական խորքային հաշվա՞րկ է, թե՞ ստեղծած անելանելի իրավիճակի սթափ գնահատում, կարեւոր չէ, ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը իրեն խոչընդոտող ազդեցիկ հակառակորդ չի ունենալու նախագահական ընտրապայքարում, եթե, իհարկե, անսպասելիորեն օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանը չորոշի առաջադրվել:

Սակայն հարկ է նկատել, որ ընդամենը մի քանի ամիս առաջ Ազգային ժողովի ընտրություններում, երբ Հայաստանը կանգնած էր նույն խնդիրների առջեւ, որոնք այսօր մատնանշում է ընդդիմությունը, այնուամենայնիվ՝ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը մասնակցեցին խորհրդարանական ընտ

րություններին եւ իրենց իսկ գնահատականներով՝ «կեղծված ընտրությունների» արդյունքում ստացված ձայներով չհրաժարվեցին խորհրդարանական մանդատներից:

Ավելին, մինչեւ ԲՀԿ-ի հայտնի որոշումը՝ նախագահական ընտրությունները բոյկոտելու կողմնակից հանդես եկողները ՀԱԿ համակիրների կողմից բուռն քննադատության էին արժանանում ՝անվանվելով Սերժ Սարգսյանի իշխանության «ջրաղացին ջուր լցնողներ»: Այսօր ահա, ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը, ըստ էության, բոյկոտում են նախագահական ընտրությունները:

Ինչի՞ կարող է հանգեցնել այս բոյկոտը, ի՞նչ են շահելու դրանից այդ ուժերը՝ դժվար է ասել: Սակայն մի բան միանշանակ է՝ ընդդիմության համախմբումը «ռեժիմի վախճանին» հասնելու նպատակով, բոյկոտի դրսեւորմամբ թերեւս ամենաարդյունավետ ձեւը չէ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31