Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը` սիրիահայ ուսանողներին. «Մենք հետեւելու ենք, թե ինչպես են ընթանում Ձեր գործերը բուհում»

Դեկտեմբեր 28,2012 14:19

Հայաստանի երիտասարդական հիմնադրամում (ՀԵՀ) այսօր ՀԵՀ-ը կրթաթոշակների հավաստագրեր կտրամադրեց սիրիահայ ուսանողներին։ Հիմնադրամի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը հայտնեց, որ կառավարության համապատասխան որոշմամբ` Հայաստանում սովորող ավելի քան 110 սիրիահայ ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման նպատակով ՀՀ կառավարությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամին է հատկացրել 40 միլիոն դրամ. «Մենք տարբերություն չենք դրել` ուսանողը պետական, թե ոչ պետական բուհում է սովորում»:

Հավաստագրերը սիրիահայ ուսանողներին հանձնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետը կարեւորեց ուսանողների հետ հանդիպումը, քանի որ այն թույլ է տալիս ներկայացնել կառավարության դիրոքորոշումը սիրիահայերի խնդիրների վերաբերյալ. «Մենք ձեռնարկել ենք մի շարք միջոցառումներ, որպեսզի սիրիահայերը զգան, որ պետությունն իրենց կողքին  է եւ օգնելու է հաղթահարել դժվարությունները: Մենք պետք է լինենք յուրաքանչյուր սիրիահայի կողքին եւ տեղյակ լինենք նրա կարիքների մասին:  Այս պահի դրությամբ Հայաստանում է գտնվում 7000 սիրիահայ, որոնցից շատերը Հայաստան գալուց մտածում էին, որ ժամանակավոր են գտնվելու այստեղ, որ կվերադառնան Սիրիա եւ կշարունակեն զբաղվելն իրենց առօրյա գործերով: Իրադարձությունները զարգացան այլ ճանապարհով, եւ այժմ շատերը մտադիր են մնալ Հայաստանում, ունենալ աշխատանք եւ իրենց երեխաների համար կրթություն ապահովել: Հասկանալի է, որ պետությունը պարտավոր  է իրականացնել համապատասխան ծրագրերը` սիրիահայերի անցումային փուլը հեշտացնելու համար:  Բացի այդ, հատուկ ծրագրեր են իրականացվում դպրոցահասակ սիրիահայերի համար: Այդ առումով կարեւոր են ամառային ճամբարները, որոնց շնորհիվ հարյուրավոր երեխաներ եկան եւ ծանոթացան հայրենիքին»:

Դիմելով ուսանողներին` վարչապետն ասաց. «Մենք հետեւելու ենք, թե ինչպես են ընթանում Ձեր գործերը բուհում եւ միշտ Ձեր կողքին ենք լինելու»:

Կառավարության անունից Տիգրան Սարգսյանը շնորհավորեց ուսանողների գալիք Ամանորը եւ Սուրբ Ծնունդը` ցանկանալով, որ 2013թվականը լինի դժվարությունների հաղթահարման տարի:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31