Լրահոս
Օրվա լրահոսը

«Կլինի՞, որ ես իր փոխարեն չկարծեմ»

Դեկտեմբեր 28,2012 14:16

 Հովիկ Աբրահամյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշման մասին

«Ես յուրաքանչյուր քաղաքացու որոշումն էլ հարգում եմ: Իսկ այս դեպքում՝ առավել եւս, առաջին նախագահի որոշումները նույնպես հարգում եմ»,- երեկ պատասխանելով «Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս կգնահատի ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ առաջիկա նախագահական ընտրություններում չմասնակցելու որոշումը, ասաց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Պարոն Աբրահամյանից հետաքրքրվեցինք՝ իր կարծիքով տարիքային ցենզը, որը նման որոշում կայացնելու համար դոմինանտ էր համարել Լեւոն Տեր-Պետրոսյանը, իրակա՞ն պատճառն էր: ԱԺ նախագահը հակադարձեց. «Կլինի՞, որ ես իր փոխարեն չկարծեմ»:

Ի դեպ, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նոյեմբերի 14-21-ը բավականին անսպասելիորեն մեկշաբաթյա արձակուրդ վերցրեց, որն անցկացնելու էր արտերկրում: «Անսպասելի» այն իմաստով, որ խորհրդարանական քառօրյայի աշխատանքներն էին ընթանում, ԱԺ նախագահն անգամ մեկ օր չհամբերեց՝ մինչեւ դրանք ավարտվեն: Այդ օրերին արձակուրդում էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ԱԺ նախագահի արձակուրդը նաեւ համընկավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տարածած հայտարարության հետ: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայտնի առաջարկներին՝ անցում կառավարման խորհրդարանական համակարգի եւ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի: Բազում ենթատեքստեր ունեցող այդ հայտարարության մեջ երկրորդ նախագահը նաեւ ասել էր. «Հատկապես այն «խելամիտներին», այսինքն՝ նրանց, ովքեր ամենուր իմ ստվերն են փնտրում, կառաջարկեի՝ լավ բացել աչքերը, որպեսզի վերջապես տեսնեն, որ ԲՀԿ-ում հավաքվել է քաղաքական թիմ, որն ի զորու է ինքնուրույն ձեւավորել կուսակցության քաղաքական օրակարգը»: Այդ օրերին մամուլում բազմաթիվ վերլուծություններ եղան, որ Քոչարյանն այդպիսով փորձում է կշիռ հաղորդել ԲՀԿ-ին, որ կարդալով հայտարարությունը՝ Սերժ Սարգսյանն արագ իր մոտ է կանչել Հովիկ Աբրահամյանին, որ այնուհետեւ ԱԺ նախագահը արտերկրում հանդիպումներ է ունեցել Գագիկ Ծառուկյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ: Երեկ փորձեցինք այս ամենի վերաբերյալ ստանալ Հովիկ Աբրահամյանի մեկնաբանությունները, թե ի վերջո՝ ի՞նչ կուլիսային իրադարձություններ էին զարգանում այդ օրերին, եւ արդյոք այս հանգուցալուծումը՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի՝ նախագահական ընտրություններին մասնակցությունից հրաժարվելը, դրանց տրամաբանական ավա՞րտն էր: Վերջինս, ի պատասխան մեր հարցի, ասաց. «Մի բան ասեմ՝ դա ընդմիշտ հիշեք՝ ես ում հետ կհանդիպեմ-չեմ հանդիպի, իմ տեսակետները դրանից չեն փոխվի: Կապ չունի՝ օդում կհանդիպեմ, ցամաքում, ջրի վրա, Քոչարյանի հետ կհանդիպենք, Ծառուկյանի հետ՝ ոչ մի բան իմ մոտեցումներում, իմ սկզբունքներում, իմ դիրքորոշումներում չի փոխվում: Իմ պարագայում ամեն ինչ հստակ է եւ պարզ: Ուզում եմ ասել՝ իմ բացակայելը կամ ներկա չգտնվելը ոչ մի անգամ չի փոխում իմ սկզբունքները, ու ես դա ապացուցում եմ գործերով, գործողություններով: Իսկ այդ շաբաթ բացակայել եմ անձնական հարցերով, ուրիշ ոչ մի բան չի եղել»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31