Այս տարվա վերջին խմբագրականում ես չեմ անդրադառնա առաջիկա նախագահական ընտրություններին, ոչ էլ նույնիսկ ժողովրդավարության եւ բռնապետության խնդրին՝ մանավանդ, որ ոչ մեկը, ոչ մյուսը Հայաստանում գոյություն չունի: Ես ուզում եմ գրել անձնական թեմայով, քանի որ՝ ա/ Նոր տարին տրամադրում է նման բնույթի հիշողություններ, բ/ հունվարին՝ առաջադրումների, չառաջադրումների եւ այլ «այսրոպեական» խնդիրների, իրադարձությունների համատեքստում նման բան գրելու առիթ չի լինի:
Բանն այն է, որ մոտ 30 տարի առաջ ես առաջին անգամ նստեցի հեռուստախցիկի առաջ եւ եթեր դուրս եկա: Ասում եմ՝ «մոտ», որովհետեւ ստույգ ամսաթիվը չեմ հիշում, գիտեմ միայն, որ դա 1983 թվականի հունվարն էր, երբ ես սովորում էի կոնսերվատորիայի 5-րդ կուրսում եւ դեռ չէի դարձել 23 տարեկան: Աստված հոգիդ լուսավորի, իմ առաջին ռեժիսոր Յուրա Գզոյան, երկար կյանք Ձեզ, իմ առաջին խմբագիր Արմեն Հարությունյան եւ իմ առաջին հնչյունային ռեժիսոր Մեսրոպ Փահլավունի (երաժշտական հաղորդումներում նրա դերը հսկայական է)՝ երեքն էլ բարձրակարգ երաժիշտներ են:
Ինչպես ցանկացած մասնագիտություն, որը սիրում ես, լրագրությունն ընդհանրապես եւ հեռուստատեսությունը՝ մասնավորապես, դարձել է ինձ համար ոչ միայն ապրելակերպ, այլեւ (խնդրում եմ ճիշտ հասկանալ) կրոն եւ հայրենիք: Եվ խնդիրն այստեղ բացարձակապես այն չէ, որ քեզ փողոցում ճանաչում են՝ նման դատարկ բաներով հետաքրքրվողները երբեք պրոֆեսիոնալ չեն դառնա: Խնդիրն ավելի պարզ է եւ ավելի կարեւոր՝ գտնել ուշագրավ պատմություն եւ դրա մասին պատմել ընթերցողներին, հեռուստադիտողներին՝ այնպես, որ դա նրանց հետաքրքիր լինի: Իհարկե, կան մարդիկ, որոնք լրագրության միջոցով պայքարում են հանուն ինչ-որ բանի կամ բիզնես են անում՝ ոչ թե փնտրելով, այլ մոգոնելով պատմություններ: Դա նորմալ է, թող բոլորը հասնեն իրենց նպատակներին: Միայն թե մեր մասնագիտության հետ դա որեւէ կապ չունի: Նույնիսկ ռեժիմը, պատկերացրեք, առանձնապես կապ չունի: Իհարկե, ցանկալի է, որ ազատ արտահայտվելու համար որոշակի պայմաններ ստեղծվեն, ինչպես որ հիմա է, իհարկե, շատ վատ է, երբ իշխանություններն այնքան բութ են գտնվում, որ լրատվամիջոց են փակում: Բայց թող չընդվզեն իմ քաղաքականացված գործընկերները, եթե ասեմ. հետաքրքիր պատմություններ կարելի է գտնել նաեւ կոմունիստների կամ ֆաշիստների օրոք եւ նրանց գրաքննության պայմաններում:
Կիրակի օրվանից կսկսվեն արձակուրդները: Հրաշալի է, որ ավելի շատ կշփվեմ ընտանիքիս հետ: Շատ լավ է, որ սեղանի շուրջ կնստեմ իմ բարեկամների եւ ընկերների հետ: Հոյակապ է, որ կտեսնեմ իմ դասարանցիներին: Բայց արձակուրդների 3-4-րդ օրը կսկսեմ ձանձրանալ՝ ինձ ճնշելու է այն հանգամանքը, որ այսօր խմբագրական չգրեցի, այսօր եթեր դուրս չեկա: Այս 30 տարում ես այդպես էլ չսովորեցի հանգստանալ:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ