Շուրջ 200 օր նախագահական նստավայրի դիմացի մայթին բողոքի ակցիա անցկացնող Էմմա Սահակյանին ոստիկանները թույլ չեն տվել վրան տեղադրել: Երեկ բողոքող կինը Еpress.am-ի հետ զրույցում նշել է, որ իր ինքնազգացոությունը ցրտից կտրուկ վատացել է, ու այլևս չի կարողանում գիշերել բաց երկնքի տակ: Նա պատմել է վրան տեղադրելու առաջին փորձի մասին:
«Հոկտեմբերի 30-ի գիշերը 12-ին տեղադրեցի, առավոտյան ժամը 9-ի սահմաններում եկան, ինձ ու իրերս հանեցին վրանից, հետո վրանը քանդեցին ու կոտրեցին: Հեղինակը Արաբկիրի ոստիկանության աշխատակից Սուրիկ Գրիգորյանն էր, ով իր հետ տարավ վրանը: Ես զանգեցի ՄԻՊ-ի գրասենյակ ու օգնություն խնդրեցի: Աշխատակիցները եկան ու Գրիգորյանի հետ բանակցելուց հետո վերադարձրին վրանը», – նշել է Սահակյանը:
Երկրորդ անգամ վրանը տեղադրելու համար պատճառ է հանդիսացել ցուրտը:
«Այն ժամանակ ցուրտը այսքան չէր նեղում, հիմա պարզապես անհնար է դիմանալ. ամբողջ մարմինս ցավում է, երիկամներս՝ նույնպես, ոտքերս չեն ենթարկվում, ցրտից ծնկներս չեն ծալվում, քայլելուց ընկնում եմ», – ասել է կինը:
Կարդացեք նաև
Ավելի ուշ, երբ կինը փորձել է տեղադրել վրանը, նրան են մոտեցել Բաղրամյան 26-ի մոտ հսկողություն իրականացնող ոստիկանները, այնուհետ՝ պարեկապահակային ծառայության աշխատակիցները և հորդորել հավաքել վրանը:
Ոստիկանները շեշտել են, որ նախագահական նստավայրը հատուկ պահպանման տարածք է, իսկ Սահակյանը հակադարձել է, որ ինքը իրավունք ունի տեղադրել վրանը ցանկացած վայրում, որտեղ անցկացնում է ակցիան:
Ոստիկանները սպառնացել են նրան դուրս հանել վրանից, ինչին Սահակյանը չի համաձայնել:
Բողոքող կինը ոստիկանների ներկայությամբ զանգահարել է ՄԻՊ-ի գրասենյակ և օգնություն է խնդրել: Գրասենյակից կնոջը պատասխանել են , որ իրենց աշխատակիցները ճանապարհին են և շուտով տեղ կհասնեն: Սահակյանը ոստիկաններին խնդրել է մի փոքր համբերել՝ մինչև «օգնությունը տեղ կհասնի»:
Մոտ 10-15 րոպե սպասելուց հետո ոստիկաններն ասել են, որ իրենք այլևս համբերել չեն կարող ու չենթարկվելու դեպքում սպառնացել են կնոջը բաժին տեղափոխել:
Սահակյանը կրկին զանգահարել է ՄԻՊ-ի գրասենյակ՝ պարզելու, թե որքան ժամանակ հետո տեղ կհասնեն աշխատակիցները: Գրասենյակից կնոջը պատասխանել են, որ իրենց աշխատակիցները գալիս են Ծաղկաձորից:
Ոստիկանները կնոջը ուժով դուրս են բերել վրանից ու հավաքել վրանը: Բողոքող կինը ամբողջ ընթացում լացակումած բղավել է, որ ոստիկանները հեռանան:
«Իրենց կարելի է պալատներում ապրել, իսկ ինձ պալատկայի տակ ապրելու իրավունք էլ չկա», – ասել է բողոքող կինը:
Գիշերը 12:30-ին նա կրկին փորձել է վրան տեղադրել, սակայն ոստիկանները դարձյալ չեն թույլ տվել, և վրանը կոտրել են: Այժմ նա պատրաստվում է բողոք գրել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ պահանջելով վերադարձնել վրանը, քանի որ այն իրենը չէր, պարզապես մարդիկ ժամանակավոր տվել էին իրեն պատսպարվելու համար: