Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Թադեւոսյան. «Ա/Ձ-ն ընդամենը 1 աշխատողով, 150 օբյեկտ է ստուգել»

Դեկտեմբեր 28,2012 13:41


Փակ շուկայում պարբերաբար աշխատանքներ են տարվում, մինչդեռ ճարտարապետները վստահեցնում են, մինչեւ շինարարության նախագիծը չհրապարակվի՝ կառուցապատողն իրավունք չունի այնտեղ որեւէ շինարարություն անելու: Այսօր քաղաքաշինության նախարարությունում ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը պատասխանելով Փակ շուկայի վերաբերյալ հարցին ասաց. «Փակ շուկայում շինարարության թույլտվությունը տրված էր զրո նիշից ցածր: Ես հանձնարարություն եմ տվել ուսումնասիրությունից հետո հանրությանը կտեղեկացնենք»:
Պարոն Թադեւոսյանն ամփոփելով անցնող տարին նշեց, որ այս տարի աղետի գոտու անօթեւանների համար Գյումրիում շահագործման հանձնվեց 1756 բնակարանով 38 բազմաբնակարան շենք` «Անի» եւ «Մուշ-2-2» թաղամասերում: Ներկայումս բնակարանային պայմանները բարելավել են 3700 ընտանիք: Ըստ նախարարի, մինչեւ ծրագրի ավարտին այդ ընտանիքների թիվը կավելանա շուրջ 1700-ով: Բնակարանաշինության համար ծախսվել է 85 միլիարդ դրամ:
Լրագրողներից մեկի հարցին, թե «Մուշ-2» թաղամասի աշխատակիցների աշխատավարձերը դեռեւս ամբողջությամբ չեն վճարվել, Սամվել Թադեւոսյանը պատասխանեց. «Այդ հսկածավալ շինարարությունն իրականացնում է «Գլենդել Հիլզ» ընկերությունը, բայց աշխատավարձերը վճարում է ոչ թե «Գլենդել Հիլզը>, այլ իր համապատասխան ենթակապալառուները, ում հետ իրենք կնքել են համապատասխան պայմանագրեր: Խնդրին տեղյակ ենք, բոլորին հրավիրել ենք եւ բոլորին հանձնարարական է տրված, մինչեւ տարեվերջ բոլորի աշխատավարձերը վճարված կլինեն»:
Սամվել Թադեւոսյանի ներկայացմամբ, ոլորտի գերակա ծնդիրներից է հավաքագրել եւ գույքագրել հանրապետության շենք-շինությունները. 1500 շենք-շինությունների տեխնիկական տվյալներն արդեն պատրաստ են: Եկող տարի, առաջնահերթությունը տալով կրթական, մարզական եւ մշակութային հաստատություններին, կավելացնեն եւս 2000 շենքերի տվյալներ, որից հետո կորորշվի, թե որոնք պետք է առաջնահերթ վերանորոգվեն, վերակառուցվեն: Նախարարի տվյալներով, այս տարվա ընթացքում 7,7 միլիարդ դրամի հիմնանորոգման եւ շինարարական աշխատանքներ են կատարվել շուրջ 110 կրթական, մշակութային եւ մարզական օբյեկտներում, որոնցից 33-ի աշխատանքներն արդեն ավարտվել են:

Պարոն Թադեւոսյանը նաեւ հայտնեց, որ շինոլորտում իրականացված վերահսկողության շնորհիվ 600 միլիոն դրամ տնտեսել են: Քաղաքաշինական պետական տեսչության կողմից 1100 հարյուր կազմակերպությունում ստուգումներ են իրականացվել, որոնց արդյունքում նշանակվել են շուրջ 52 միլիոն դրամի տուգանք, որն ամբողջությամբ գանձվել է պետբյուջե: Տեխնիկական հսկողություն իրականացնող 100 հարյուր կազմակերպության զրկել են լիցենզիայից: Նախարարը անուններ չհրապարակեց, եւ միայն մեկ անհատ ձեռներեցի օրինակով ներկայացրեց, որ տվյալ Ա/Ձ-ն ընդամենը մեկ մասնագետով հսկողություն է իրականացրել 150 շինարարական օբյեկտներում:
Պարոն Թադեւոսյանը տարվա ամենակարեւոր ձեռքբերում համարեց շինարարության ոլորտում արատավոր երեւույթների նկատմամաբ «խստագույն վերահսկողություն սահմանելը»: Ամենամեծ բացթողումը նրա կարծիքով այն է, որ իր պաշտոնավարման կարճ ժամանակահատվածով պայմանավորված, չի հասցրել որոշ համակարգային խնդիրներ լուծել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31