Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագանու անդամները բողոքում են, քաղաքապետը պարզաբանում է

Դեկտեմբեր 28,2012 12:07

Իջեւան քաղաքի ավագանու արդեն նախկին անդամներ Նարինե Գրիգորյանը եւ Նարեկ Օհանյանը դիմում-բողոք են ուղարկել Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանին: Նրանք քաղաքապետին մեղադրել են օրենքների խախտման մեջ եւ պահանջել չեղյալ համարել իրենց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու 2012թվականի հոկտեմբերի 23-ի արձանագրությունը:

Քաղաքապետ Վ. Ղալումյանին հարցրինք, թե ինչ հիմքով են դադարեցվել ավագանու վերոհիշյալ 2 անդամի լիազորությունները: Քաղաքապետը մեզ տրամադրեց հոկտեմբերի 23-ի արձանագրությունը: Այնտեղ նշված է, որ Նարինե Գրիգորյանը եւ Նարեկ Օհանյանը վերջին մեկ տարվա թվով 26 նիստերից 21-ին անհարգելի բացակայել են, որը կազմում է համայնքի ավագանու նիստերի ընդհանուր քանակի կեսից ավելին:

Արձանագրության մեջ նշված է, որ համաձայն ՏԻՄ օրենքի 21-րդ հոդվածի` այդ պահից դադարեցվում են ավագանու վերոհիշյալ 2 անդամների լիազորությունները: Արձանագրության տակ Իջեւանի ավագանու 6 անդամների եւ Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար, փոխքաղաքապետ Սուրեն Մանուկյանի ստորագրություններն են:

Վարդան Ղալումյանն ասաց, որ ավագանու անդամների լիազորությունները դադարեցվել են օրինական հիմքով, որ ավագանու անդամները կարող են դրա դեմ դատարան դիմել:

Հավելենք, որ մեկ տարի առաջ նույն պատճառով` ավագանու նիստերին անհարգելի բացակայելու համար, դադարեցվել էին Հրաչյա Ներսիսյանի, Կարեն Ներսիսյանի եւ Գարիկ Սուքոյանի` որպես ավագանու անդամի լիազորությունները: Հրաչյա Ներսիսյանը Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի հարազատ եղբայրն է, Կարեն Ներսիսյանը` ազգակից բարեկամը:

2011թ. մայիսի 31-ին ընտրվել էր 15 հոգուց բաղկացած Իջեւանի ավագանի : Ավագանու անդամներից Վարդան Ղալումյանը նոյեմբերին ընտրվել էր քաղաքապետ, ավագանու 5 անդամների լիազորություններն էլ դադարեցվել են: 9 անդամից բաղկացած Իջեւանի ավագանին այսօր` սեպտեմբերի 28-ին կայանալիք նիստում կհաստատի քաղաքի 2013 թվականի բյուջեն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31