Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նոր ծրագրեր՝ երիտասարդ ընտանիքների և մայրանալ ցանկացող աղջիկների համար

Դեկտեմբեր 28,2012 11:43

«Մեր խնդիրն է, որ Հայաստանը գրավիչ դառնա երիտասարդ ընտանիքների համար»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը:

ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարությունը առաջիկա հինգ տարիների ընթացքում: Aravot.am-ի զրույցում փոխնախարարն առանձնացրեց ոլորտում զբաղվածության, որակյալ կրթության ստացման, սոցիալական մի շարք խնդիրների ընդհանուր համալիր և տեղեկացրեց. «Երեքի հանրագումարում ունենք մի կարևոր խնդիր, որը 2013-ի համար կառավարությունը ճանաչել է գերակա խնդիր պետական երիտասարդական քաղաքականության համար: Խոսքը ՀՀ-ում ժողովրդագրական պատկերի առողջացմանը միտված երիտասարդ ընտանիքների համալիր աջակցման, մասնավորապես վերարտադրության առողջության պահպանման, երիտասարդ կանանց ծնելիության խթանման համար սոցիալ- տնտեսական, իրավական, մշակութային միջավայրի ներդրման մասին է»:

Հետաքրքրվեցինք՝ 2013-ին սպասվու՞մ են նոր բնակարային ծրագրեր: Պարոն Քարամյանը պատասխանեց. «Սպասվում են ոչ միայն բնակարանային ծրագրեր, այլևս գոյություն ունեցող բնակարանային ծրագրերը 2014-ից ունենալու են հստակ շեշտադրում՝ կախված ծնելիության հանգամանքից: Դա կարող է լինել տոկոսադրույքի ավելի նվազ սահմանում, այն ընտանիքների համար, որոնք ունեն և պատրաստվում են երեխա ունենալ, հնարավոր է պետությունը ամբողջությամբ, կամ մասնակի փոխհատուցի մինչև 20-22 տարեկան մայրանալ ցանկացող կանանց և աղջիկների ուսման վարձերը: Մեր խնդիրն այն է, որ երիտասարդ ընտանիքները գան պետական շոշափելի հոգածության դաշտ, որ երեխաների ծնվելու հանգամանքը երբևէ չպայմանավորեն առկա որոշակի սոցիալ-տնտեսական դժվարություններով: Մյուսը երիտասարդ մարդկանց համար բարենպաստ գործարար միջավայրի ապահովումն է: 2013-ը այս խնդիրների նախապատրաստական, մեխանիզմների ուրվագծման տարի է լինելու»:

Aravot.am-ը փոխնախարարին փոխանցեց «Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին և սպորտսմեններին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շահառուների անհանգստությունը, թե ինչո՞ւ է ուշանում վարկավորման գործընթացը: Պարոն Քարամյանը պարզաբանեց. «Ոչ մի խնդիր չունենք: Գործ ունենք բանկային ֆինանսական համակարգի հետ, իսկ այն ճշգրիտ, գուցե մի քիչ դանդաղ տեմպերով առաջ է ընթանում: Չեմ կարծում, որ ուշացել ենք: Իսկ շահառուներն ինչո՞ւ են ուզում շուտ վարկային տոկոսներ վճարել: Շենքերը կառուցվում են, արդեն շինարարները հասել են 10-րդ հարկ: Անհանգստանալու հարկ չկա: Հիմա գնդակը գտնվում է բանկի դաշտում: Բանկի հետ բանակցություններն ավարտել ենք: Բոլորի վճարումների, բնակարանային տվյալների մասին տեղեկանքները փոխանցել ենք բանկ, և հունվարի 8-ից սկսած բանկը սկսելու է մեծ ծավալով շահառուների վարկավորման գործընթացը. հերթականությամբ շահառուներին կհրավիրեն և համապատասխան ընթացակարգով կկնքվեն պայամանգրերը: Այնպես որ, 100 տոկոսով վստահ եղեք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31