ՀԱԿ-ը անիմաստ է համարում «ֆարս դարձած ընտրություններին մասնակցությունը եւ որեւէ առաջադրված թեկնածուի պաշտպանումը, ինչը ստեղծված պայմաններում միայն կնպաստի ապօրինի ռեժիմի լիգիտիմացմանը»:
ՀԱԿ-ն իր այս որոշումը պայմանավորել է «կատարելագործված ընտրակեղծարարության մեքենայի» գոյությամբ: Երեկ տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Ռեժիմը հինգ տարի շարունակ հետեւողականորեն զբաղված է եղել ժողովրդավարական, մրցակցային ընտրությունների որեւէ հնարավորության ոչնչացմամբ: Հակառակ Հայաստանի հասարակությանը եւ միջազգային հանրությանը տրված ամպագոռգոռ խոստումներին, հիմնովին կեղծվեցին 2009 թվականի Երեւանի ավագանու, 2012 խորհրդարանական, ինչպես նաեւ այս ժամանակաշրջանում տեղի ունեցած բոլոր տեսակի ՏԻՄ ընտրությունները»:
Սույն դղորդ հայտարարության մեջ ՀԱԿ-ը քանիցս շեշտում է 500-700 հազար ձայների կեղծման մասին. «Ըստ էության ոչնչացված է մրցակցային ընտրությունների մեխանիզմը, ահաբեկվում են ընդդիմությանը սատարող գործարարները, 500-ից 700 հազար ձայների կեղծումով իսպառ բացառվել է ընտրություններով իշխանություն փոխելու որեւէ հնարավորություն»։
Այսպես. ՀԱԿ-ը բոյկոտում է ընտրությունները, անգամ չցանկանալով պաշտպանել Հրանտ Բագրատյանի թեկնածությունը:
Կարդացեք նաև
Անշուշտ, ծիծաղելի են բերված պատճառաբանությունները, ինչպես ծիծաղելի էր նաեւ ՀԱԿ առաջնորդի իր չառաջադրման համար նշած պատճառը, թե տարիքս արդեն այն չէ:
Հինգ տարի ՀԱԿ-ը, տեսնելով, թե ինչպես է ռեժիմը «հետեւողականորեն ոչնչացնում» ժողովրդավարական, մրցակցային ընտրությունների հնարավորությունը, սակայն միաժամանակ շարունակում էր մասնակցել դրանց. մասնակցել է թե Երեւանի ավագանու, թե 2012-ի խոհրդարանական եւ թե ՏԻՄ ընտրություններին: Ընդ որում, բոլոր այդ ընտրություններից առաջ եւ հետո բղավել է «500-700 հազար» ընտրողների ձայները կեղծելու մասին:
Գոռգոռացել է, սակայն երբեք չի կարողացել հիմնավորել: Դե, սուտը ինչպե՞ս կարելի է հիմնավորել: Խոսում է «ապօրինի ռեժիմի» մասին, բայց մեկ տարի առաջ երկխոսություն սկսելու խնդրանքով դիմեց իշխանություններին եւ ավելի քան մեկ ամիս երկխոսում էր «ապօրինի ռեժիմի» ներկայացուցիչների հետ:
Իսկ մայիսի 6-ից հետո, ինչպես հայտնի է, 7 հոգանոց խմբակցություն ձեւավորեց խորհրդարանում, մոռանալով, թե մինչ այդ ինչի մասին էր խոսում: Ինչպես էր հանրությանը վստահեցնում, որ «ընտրությունները ազատ ու արդար չեն լինելու»:
Ուշագրավ է նաեւ ընդդիմությանը սատարող գործարարներին ահաբեկելու մասին «վկայությունը»: Հետաքրքիր է, խոսքը ո՞ր գործարարների մասին է, որոնք իբր սատարում են ՀԱԿ-ին: Չլինի՞ նկատի ունեն Գագիկ Ծառուկյանին: Մեկին, որին ՀԱԿ-ը մեկ տարի շարունակ ձգտում էր «սոսնձվել», բայց ԲՀԿ-ն ու նրա առաջնորդն այդպես էլ մինչեւ վերջ նկատելի տարածությունը պահեցին, եւ ՀԱԿ-ի համագործակցության առաջարկը, կարելի է ասել, մնաց օդում:
«Հայոց աշխարհ»