Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը մենակ թողեց Հրանտ Բագրատյանին

Դեկտեմբեր 28,2012 10:10

Հայ ազգային կոնգրեսը փաստորեն մենակ թողեց Հրանտ Բագրատյանին` չներելով նրան, որ նա Լևոն Տեր-Պետրոսյանից «անկախ» որոշում կայացրեց: Սա լիովին Կոնգրեսի ոգով է՝ մերժել ամենայն բան, որը չի գալիս Լևոն Տեր-Պետրոսյանից կամ չի ստանում նրա հավանությունը:

Նման մոտեցումներով ընդդիմությունը ամենևին ի զորու չէ գալ իշխանության մի երկրում, որտեղ պետք է նախ և առաջ փոխել հենց նման ավտորիտար, միահեծան համակարգը, որ տարածվել է հասարակությունում վերից վար: Բագրատյանի համար, իհարկե, Կոնգրեսի սատարումը ըստ էության չէր կարող էական օգնություն լինել և օգնել նրան` լուրջ մրցակցություն հաղորդելու նախագահական ընտրություններին:

Առավել հետաքրքրականն այն է, որ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն փաստորեն կայացնում են խիստ միանման որոշումներ: Այսպիսով` ակամայից ստացվում է այնպիսի տպավորություն, որ այս որոշումները պայմանավորված են, կամ առնվազն փորձ է արվում կիրառել պայմանավորվածության տպավորություն թողնող մարտավարություն:

Սա այնքան էլ անիմաստ լինել չի կարող, եթե չկա իրական պայմանավորվածություն: Իրականի դեպքում, իհարկե, հարց է առաջանում, թե ինչ են անելու ընտրություններից այս կերպ հրաժարվող ուժերը: Համենայնդեպս, եթե նրանք ընտրություններից առաջ, ընտրություններին ընդառաջ` ի զորու չեղան որևէ բան անել, ապա ընտրություններից հետո հազիվ թե ընդունակ լինեն որևէ բան անել, և հազիվ թե պայմանավորվածություններ լինեն այս կապակցությամբ:

Այստեղ կարևորը տպավորություն ստեղծելն է: Սա նախ պետք է հասարակության առաջ դեմքը փրկելու համար: Այս առումով տվյալ ուժերն ունեն շահերի ընդհանրություն` անել ամեն ինչ, որ ընտրություններից հրաժարվելը դիտվի ոչ թե որպես անզորության դրսևորում, սնանկության և պարզապես սխալ հաշվարկների վկայություն, այլ ինչ-որ խորիմաստ մի հաշվարկի արգասիք: Այսինքն` հաշվարկն այն է, որ մարդիկ հետևեն այդ որոշումներին և դրանց միանմանությունը ընդունեն իբրև խորհրդավոր ստրատեգիայի մի մաս:

Մյուս կողմից` այստեղ կա նաև իշխանության արձագանքի խնդիր: Ով գիտե, միգուցե Սերժ Սարգսյանն էլ նման մի բան ենթադրի` երևի թե մտածում են այդ ուժերը, և ըստ այդմ էլ որոշի քանդել այդ ընդհանուր խորհրդավոր ստրատեգիան՝ վախից, ու փորձի երեքից որևէ մեկին փոխզիջման տարբերակներ առաջարկել` «եռյակին» ջլատելու համար: Իսկ այդտեղ արդեն արդարաբար՝ ում բախտը որ բերի և ում որ Սերժ Սարգսյանն ավելի «հավատա»:

Այսինքն` ըստ էության առկա է միգուցե որոշակի յուրօրինակ «ռուսական ռուլետկա»` երեք ուժերի կատարմամբ: Համենայնդեպս, որևէ այլ իմաստալից և ռացիոնալ հիմնավորում ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն հասարակությանը չեն ներկայացրել իրենց որոշումների կապակցությամբ, ինչը պարզապես վկայում է այն մասին, որ նրանց որոշումների տակ նման բան պարզապես չկա, և սա իսկապես անզորություն է՝ իշխանությանն ինչ-որ բանում հավատացնելու հարցում բախտը փորձելու որոշակի տարրերով:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31