Գյումրու այսօրվա ավագանու նիստի ժամանակ նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը ակամայից նորից սկսեց դժգոհեց Վարդան Ղուկասյանից: Բանն այն է, որ Գյումրու մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետի հեռակա բաժինն ավարտած ու պատմաբանի որակավորում ստացած Վարդան Ղուկասյանը, Գյումրու համար նոր արձանախումբ էր պատվիրել, այս անգամ 12 թագավորների` Պապ թագավորի, Տիգրան Մեծի և այլոց արձանները: Ղուկասյանը, քաղաքապետարանի աշխատակիցների ասելով, փորձել է չնեղացնել և ոչ մի երևելի Հայոց թագավորի:
Սակայն պարոն Ղուկասյանի` թագավորների ու զորավարների նկատամամբ ունեցած սերը իսկական կրակն է գցել Սամվել Բալասանյանին:Քաղաքապետարանի քթի տակ գտնվող Վարդանանց արձանախմբի պարտքերը դեռ չփակած՝ այժմ էլ Սամվել Բալասանյանը հարկադրված է փակել Թագավորաց արձանախմբի պարտքերը : «Ի՞նչ անել», -մոլորված ավագանուն էր հարցնում Սամվել Բալասանյանը: «Ինչ-որ արձանախումբ են պատվիրել` 25 միլիոնի, ինչ-որ թագավորներ են, չգիտեմ ինչ, արվեստի այնպիսի ներկայացուցիչ է, ով ասեց, որ ինչ-որ պատ պետք է սարքենք` մոտ 30 միլիոնի, որպեսզի թագավորներին ամրացնենք, մենք ասինք լավ, եկեք 50 միլիոնը դնենք էստեղ», ասաց քաղաքապետը:
Բանն այն է, որ Վարդան Ղուկասյանը պայմանագիր է կնքել քանդակագործի հետ, որին գումարը կեսը վճարվել է: «Մտածեք, էս մեր անապահով երեխաներին նայենք, ձրի մանկապարտե՞զ բերենք, թե՞ թագավորների արձանախմբին: Փողի կեսը տվել են, գործ են արել, հիմա բերենք արձանախմբին իջեցնենք պադվալ, ի՞ նչ անենք»:
Սամվել Բալասանյանը այնպիսի մի անելանելի վիճակում է հայտնվել, որ եթե անգամ հրաժարվի նախորդ քաղաքապետի թագավորաց արձանախումբը Գյումրու պատվավոր տեղերից մեկում տեղադրելուց, ապա նա կկանգնի լուրջ գլխացավանքի առջև, արձանները պատրաստ են, փողը վճարված է, մնում է պատը` իր փողով: Այնպես, որ պարտքերի տակ թաղված Գյումրու բյուջեն, ուզի, թե չուզի՝ պատրաստվում է հյուընկալել Հայոց թագավորներին:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ