Լրահոս
Օրվա լրահոսը

2013թ.-ին Կապանի տեղական բյուջեից հնարավոր չի լինելու շատ ծրագրեր իրականացնել

Դեկտեմբեր 27,2012 23:34

Կապանի քաղաքապետարանում կազմակերպված հանրային լսման ժամանակ քննարկվեց Կապան համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման 2013-2016թթ. ծրագրի եւ համայնքի 2013թ.-ի բյուջեի նախագծերը, որին մասնակցում էին Կապանում գործող հ/կ-ների ներկայացուցիչներ, ավագանու անդամներ (ոչ բոլորը): Հանրային լսմանը ներկա գտնվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նախագծերին ծանոթացել են տեղում: Նրանցից ոմանք նախքան հանրային լսումը մեզ տեղեկացրել էին, որ նախկինում նախագծերի փաթեթները թղթային տարբերակով նախապես պատճենահանվում եւ տրամադրվում էր նրանց, որպեսզի նախապես ծանոթանան եւ մանրամասն ուսումնասիրելու հնարավորություն ունենան: Կապանի քաղաքապետարանի ծրագրերի եւ արտաքին կապերի բաժնի պետ Ավետիք Համբարձումյանի տեղեկացմամբ` դրանք էլեկտրոնային տարբերակով տեղադրված էր քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում: Վերջինս էլ ներկայացրեց քառամյա ծրագիրը, որի մեջ ընգրկված են 62 միջոցառումներ եւ տարբեր աշխատանքներ:

Ըստ պարոն Համբարձումյանի`ծրագիրը կազմելու ժամանակ հաշվի են առնվել համայնքի ֆինանսական հնարավորությունները, ներկայացված են ծրագրեր, որոնք նախատեսում են իրականացնել համաֆինանսավորման սկզբունքով` տեղական, միջազգային եւ մի շարք դոնոր կազմակերպությունների հետ համատեղ: Որոշ ծրագրեր էլ նախատեսված են իրականացնել պետբյուջեից սպասվող ներդրումների հաշվին:

«Ներկա դրությամբ համայնքը չունի հստակ պայմանավորվածություններ եւ պայմանագրեր դոնոր կազմակերպությունների հետ` առաջիկա տարիներին համատեղ աշխատանքների կատարման համար: Բայց փորձը ցույց է տալիս, որ նախատեսելով աշխատանքները համաֆինանսավորմամբ իրականացնելու համար` տարվա ընթացքում բավարար աշխատանքներ տանելով հաջողվել է դոնորների հետ իրականացնել առաջնահերթ շատ աշխատանքներ: Համայնքային բյուջեով հնարավոր չէ շատ աշխատանքներ իրականացնել, բայց չէինք կարող քառամյա ծրագրում չընդգրկել համայնքային կարեւոր նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր` տանիքների վերանորգման, փողոցների ասֆալտապատման, մանկապարտեզների շենքային պայմանների բարելավման խնդիրները, որոնք բավականին գումարներ են պահանջում»,- ասաց Ավետիք Համբարձումյանը: Քառամյա ծրագրի եւ հանրային լսման ժամանակ հնչեցված կարծիքներին ու առաջարկություններին կանդրադառնանք առաջիկայում:

Իսկ ծրագրի ներկայացումից հետո Կապանի քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային բաժնի պետ Իվետա Թադեւոսյանը ներկայացրեց 2013թ-ի համայնքի բյուջեի նախագիծը: Համայնքի բյուջեի վարչական մասը 968 մլն դրամ է, իսկ աշխատավարձի ֆոնդը կազմում է 716 մլն դրամ: Մոտ 75 տոկոսը բաժին է ընկնելու աշխատավարձերին, ուստի տեղական բյուջով հնարավոր չի լինելու շատ ծրագրեր իրականացնել:

«Համայնքն ունենալով սահմանափակ եկամուտներ` շատ քիչ հնարավորություն ունի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի մեջ ընդգրկվածներից իրագործելու: Այդ իսկ պատճառով, քառամյա ծրագրից համայնքային բյուջեի նախագծի մեջ ներառվել է 5 ծրագիր, որը կիրականացվի համայնքի բյուջեի եկամուտների հաշվին եւ մեկ ծրագիր կիրականացվի սուբվենցիայի հաշվին`պետբյուջեի գումարներից», – նշեց Իվետա Թադեւոսյանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31