Այսօր Aravot.am-ը Շիրակի գեներալ մարզպետ Աշոտ Գիզիրյանին հարցրեց`հնարավո՞ր է դեպի ապահով Հայաստան գնալ Գյումրու սառցակալված փողոցներով, երբ հազիվ կարողացանք առանց ոտք ու ձեռք կոտրելու մի կերպ հասնել մարզխորհրդի նիստին մասնակցելու: Մարզպետը, խորհուրդ տվեց հարցը ուղղել պարոն Բալասանյանին, որն, ի դեպ, ևս մասնակցում էր մարզխորհրդի նիստին, սակայն այնտեղ էր հասել թանկարժեք, տաքուկ մեքենայով:
Այնուհետ Աշոտ Գիզիրյանը մեզ խոստացավ. «Հավատացած եղեք, որ վաղը այդպես չի լինի, հենց հիմա կհանձնարարեմ, որ աղ շաղ տան»:
Նշենք, որ Գյումրին սահադաշտ է հիշեցնում, առանց չափազանցության՝ այս քաղաքում արտակարգ իրավիճակ է. հնարավոր չէ առանց գետին ընկնելու մեկ քայլ անգամ անել, մարդիկ անիծում են իրենց բախտը` ասելով. «Ո՞ւմ է պետք քաղաքիս իշխանափոխությունը, երբ փողոցները նույնն են, ինչ տարբերություն՝ Վարդա՞նն է կառավարել, թե՞ Սամվելը»:
Ըմբռնումով մոտենալով այն խնդրին, որ Սամվել Բալասանյանի գլխավորած կառույցն իրոք պարտքերի տակ է թաղված, նրա համար փողոց մաքրելը այնքան էլ հեշտ չէ, վարկով գումար են վերցրել աշխատակիցներին աշխատավարձ տալու համար, համապատասխան տեխնիկա չունեն և այլն, այդուհանդերձ անկարող ենք չնշել, որ նորմալ քաղաքապետ ունենալ -չունենալը առաջին հերթին զգացվում է փողոցներից:
Կարդացեք նաև
Թե Սամվել Բալասանյանին ձայն տված ինչքան մարդիկ են այս երկու օրերին կոտրվածքներ ստացել ու հիվանդանոց տեղափոխվել, այս մասին պաշտոնական տեղեկատվություն կհաղորդենք ավելի ուշ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ