Շիրակի մարզխորհրդի նիստից անմիջապես հետո այսօր ավագանու տարեվերջյան նիստ գումարվեց նաև Գյումրու քաղաքապետարանում: Նիստերը,ինչպես տեղեկացրել ենք, բաց ու թափանցիկ են բոլոր լրատվամիջոցների համար:Սակայն այսօր ավագանու նիստը սկսվեց Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ, ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի ու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի թունդ վիճաբանությամբ: Պատճառն այն էր, որ քաղաքապետարանի նախասրահում հավաքված մի խումբ գյումրեցիներ, այդ թվում և աշխատանքից ազատման վտանգի տակ գտնվող բողոքավոր մի խավ` գրադարանավարները, ցանկություն ունեին մասնակցելու ավագանու նիստին: Մինչդեռ, ժամանակին օրենսդիր մարմնի փոխնախագահի պաշտոնը ստանձնած Սամվել Բալասանյանը, անտեսելով իր իսկ ընդունած ՏԻՄ օրենքը, արգելում էր նրանց ներս գալ` իր կաբինետում տեղ չլինելու պատճառաբանությամբ: Լևոն Բարսեղյանի այն պնդումներից հետո էլ, թե դա օրենքի խախտում է, միևնույնն է Սամվել Բալասանյանն անդրդվելի էր:
Ավագանու անդամներից մեկն էլ, կանգնելով քաղաքապետի թասիբին, նետեց. «Էդ սաղդ ժողովրդավար դարձաք, մենք էլ հեչ բան հա՞»:
Քիչ անց ներկաներին ապշահար արեցին ավագանու անդամները: Լևոն Բարսեղյանը ուղերձ էր մշակել՝ ուղղված երկրի նախագահին, կառավարությանն ու ԱԺ-ին Գյումրիում անօթևանության խնդրին վերջ դնելու ու պետական ծրագիր մշակելու համար:Սակայն ավագանին ձայների մեծամասնությամբ դեմ կանգնեց Լևոն Բարսեղյանի` երկրի նախագահին ու ԱԺ-ին իր մշակած ուղերձը ուղարկելու առաջարկին: Ստացվում է, այդ նույն անօթևանների ձայներով ընտրված ավագանու անդամները պատրաստ են իրենց ընտրազանգվածին թողնել փողոցներում:
Լրագրողները, ապշած ավագանու անդամների այսօրվա պահվածքից, միմյանց հարցնում էին. «Էս մարդիկ իրոք հասկանալու պրոբլեմ ունեն, թե՞ պահի տակ լավ չընկալեցին Լևոն Բարսեղյանի հարցի իմաստը»: Նշենք, որ այդ նույն ժամանակ հետևի շարքում նստած տարեց մի կին փնթփնթում էր. Հլը որ իմ տանը հարցը չլուծվի, չեմ ամաչի, կտամ մեջքերդ կջարդեմ, դուք ի՞նչ էիք, որ քաղաքապետարան հասնեիք, այ դավաճաններ» :
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ