Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գեներալ մարզպետը ոստիկանապետի խստությամբ խոսեց գյուղապետերի հետ

Դեկտեմբեր 27,2012 21:32

Այսօր Գյումրու «Տիրամայր Հայաստան» կառույցում, որը գյումրեցիների շրջանակում ավելի շատ հայտնի է «քույր Արուսյակի կուսանոց» անվամբ՝ տեղի ունեցավ մարզխորհրդի տարեվերջյան հաշվետու նիստը: Ի տարբերություն նախորդ երկու տարիների, երբ «մենախոսը» Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն էր, այս անգամ բոլոր վարչությունների պետերը հաշվետվություններ ներկայացրեցին 2012 թվականին իրենց ոլորտներում կատարած աշխատանքների մասին:

Սակայն, մինչ բուն թեմային անցնելը սկսվեց ներկա-բացակայի անցկացումը: Փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը տեղեկացրեց, որ մարզի 119 համայքներից ներկա են միայն 113 ղեկավարները, 6-ը հարգելի պատճառներով բացակայում են:

Նիստը սկսվեց սեպտեմբերի 9-ին մարզում ընտրված նոր համայնքապետերին ներկայացնելով: Եվ երբ Աշոտ Գիզիրյանը ընթերցեց նորընտիրների անունները, օրինակ` Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյան, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան, որն, ի դեպ, մարզի ԱԱԾ պետի, ոստիկանապետի ու դատախազի հետ միասին պատվավոր տեղ էր զբաղեցնում Աշոտ Գիզիրյանի կողքին, դահլիճը սկսեց ծափահարել: «Եկեք կոմունիստական ոճի չանցնենք , վերջում կծափահարեք»,- հորդորեց մարզպետը` շարունակելով. «Գիտեք ինչ, հարգելի համայնքապետեր, ընտրվելը ավելի հեշտ է, քան ազգաբնակչության վստահությանը արժանանալը, հավատացած եղեք, որ ես որպես մարզպետ և մարզպետարանը ամեն ինչ կանենք, կաջակցենք, կօգնենք, որ դուք կայանաք, մնացած հարցերը ազգաբնակչության հետ դուք պետք է կարողանաք լուծել»:

Գեներալ Գիզիրյանը այսօր առավել խստապահանջ էր, օրինակ` քաղաքաշինության ոլորտում կատարված աշխատանքների մասին զեկուցելիս, վարչության պետ Ալբերտ Մարգարյանից պահանջեց ոգևորված խոսել: «Ալբերտ, այնպես խեղճ ես ներկայացնում, որ մարդկանց քունը տանում է, հատկապես որ ահագին ներդրումներ են կատարվել, պետք է ոգևորված խոսալ, գլուխը պետք չէ գովել, բայց ոգևորված ներկայացրու»,- խրատեց նախկին ոստիկանապետը:

Ֆինանսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանին էլ հորդորեց անկեղծ լինել ու ազնվորեն բացատրել, թե ինչո՞ւ է որոշ համայքներում հողահարկի հավաքագրումը ցածր տոկոս արձանագրել:

Մարզպետը ոտքի կանգնեցրեց ու դիտողություն արեց նաև ուշացած ու շարքով ներս մտնող գյուղապետերին: Նա դիտողություն արեց նաև Հառիճի գյուղապետ Ռոլանդ Նազարեթյանին, որը բարձրացրեց գյուղի դպրոցի սպորտդահլիճի հարցը: Ըստ մարզպետի, այն լուծման ընթացքի մեջ է, սակայն գյուղապետը առիթը բաց չի թողնում ամեն անգամ տարբեր միջոցառումներին նույնը կրկնել ու համայնքի բնակիչների աչքը մտնել: Այս մասին բարձրաձայնելով` Աշոտ Գիզիրյանը գյուղապետին ասաց.«Հասկացա՞նք իրար, հատկապես որ դու օգնության կարիք չունես, ընտրվել ես շուտվանից, ինչքան եկել ես իմ մոտ հարցը բարձրացրել ես, բացատրել ենք, որ դա լուծման փուլում է, պետք է ելքը գտնել, էլ ինչի՞ ես նորից բարձրացնում, տեղին պետք հարցը բարձրացնել»:

Ինչևէ, սեփական եկամուտների կատարումը մարզում կատարվել է 88, 2 տոկոսով, պետական բյուջեից փոխանցվել է 3 միլիարդ 330 միլիոն դրամի չափով դոտացիա: Ֆինվարչության պետը զեկուցեց, որ հողի հարկը կատարվել է 91 տոկոսով, պլանավորված 404 միլիոն դրամի դիմաց գանձվել է 368 միլիոն դրամի չափով, գույքահարկը կատարվելէ 94 տոկոսով և այսպես շարունակ: Շիրակի մարզում 2012 թվականի ընթացքում գործել են 1030 օբյեկտներ, խանութներ, կրպակներ:

Մարզպետը ուշադրությամբ լսում էր ելույթները ու զարմանում, որ գյուղապետերը հարցեր չունեն տալու բանախոսներին : Այնուհետ դառնալով վարչության պետերին` դարձյալ նկատողություն էր անում. «Քննադատական խոսք չեք ասում, թողնում եք սաղ ինձ»:

Մարզխորհրդի նիստը ավարտվեց համերգային մասով, ելույթ ունեցան տարվա ընթացքում հաղթող ճանաչված պատանի երգիչները, պարգևատրվեցին Հայաստանին համաշխարհային հռչակ բերած սպորտսմենները:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31