Շատերն արդեն պատրաստվում են Նոր տարվան՝ ոմանք գնումներ կատարելով, ոմանք արտասահամն մեկնելու տոմսեր գնելով: «Առավոտ երիտասարդականը» փորձեց հետաքրքրվել, թե որտեղ են պատրաստվում դիմավորել Ամանորը հայ երիտասարդենը: «Ամանորը դիմավորելու եմ տանը՝ ընտանիքիս հետ, հետո նշելու եմ ընկերներիս ու բարեկամներիս հետ՝ այցելելով նրանց տուն»,-ասում է 22-ամյա Նարեկ Գրիգորյանը: Նրա խոսքով՝ կարևորը ավանդական սովորույթները պահպանելն է: «Կարևոր չէ, թե որքան ճոխ կլինի սեղանդ, սակայն Նոր տարին դու պետք է քո հայրենիքում ու քո սիրելի մարդկանց շրջապատում դիմավորես»,-ասում է նա:
Կան նաև մարդիկ, ովքեր արդեն գնել են արտասահման մեկնելու տոմսերը: «Մեկնելու ենք Մոսկվա. մեր բարեկամները հիմնականում այնտեղ են, այստեղ շատ քիչ հարազատներ ունենք: Բացի այդ՝ Մոսկվայում շատ հետաքրքիր է անցնում. մարդիկ մտածում են ոչ թե սեղանի, այլ ժամանցային վայրեր այցելելու, միասին հաճելի օր անցկացնելու մասին»,-ասում է 29-ամյա տիկին Նարինեն:
Նոր տարին եվրոպական որևէ երկրում դիմավորելու համար անհրաժեշտ է բավարար չափով տեղեկացված լինել այնտեղի սովորույթներին, մշակույթին: Մեր երիտասարդները ցանկություն են հայտնում լինել Վիենայում:
Ի դեպ, այսօր տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և «Ավստրիական Ավիաուղիներ ԲԸ Հայաստանի մասնաճյուղի միջև փոխըմբռնման հուշագիր: Ըստ այդմ՝ տոմսերի սակագինը Եվրոպա ուղղության համար սահմանվելու է՝ սկսած 99 եվրոյին համարժեք դրամ, Պեկին և Տոկիո ուղղությունների համար՝ սկսած 399 եվրոյին համարժեք դրամ, իսկ ԱՄՆ ուղղության համար՝ սկսած 299 եվրոյին համարժեք դրամ: Սակագները չեն ներառում օդանավակայանների հարկերը:
Քիչ չեն նաև այնպիսիներն, ովքեր ձգտում են մեկնել Եվրոպա, սակայն ֆինանսական հնարավորություններ չունեն: «Ֆեյսբուքում մի նկար տեսա՝ Իսպանիայի ձմեռը: Այնքան հավանեցի, որ հիմա երազում եմ Ամանորն այնտեղ դիմավորել, հույս ունեմ՝երազանքս մի օր կկատարվի»,-ասոմ է 18-ամյա Սոնան:
Կան նաև կազմակերպություններ, որոնք խոստանում են հաճելի ժամանց և առաջարկում միասին նշել Նոր տարին: Դրանց գները տատանվում են միջինը 5000- 10000՝ կախված սեղանի ճոխությունից: Ամեն դեպքում թե հայրենիքում, և թե արտասահմանում տոները նշելու համար բավարար գումար է հարկավոր, իսկ ամենից առաջ՝լավ տրամադրություն:
Նազենի Բաղդասարյան