19-ամյա լրագրող Անուշ Առաքելյանի ՝ Ձմեռ պապիկից ստացած ամենահիշվող նվերը եղել է «Փոքրիկ Իշխանը». « Դա իմ ամենասիրելի ու ամենասպասված նվերն էր: Ձմեռ պապիկին նամակ չէի գրել, սակայն վստահ էի, որ նա գիտեր իմ ցանկության մասին: Ցավոք, նրան չեմ տեսել, որովհետև գիշերն ա եկել ու նվերը դրել կողքիս,-պամում է նա ու հավելում,- գրադարանից վերցրել ու վաղուց կարդացել էի գիրքը, մի պահ ինձ թվաց, որ գրադարանի գիրքը դեռ մեր տանն ա, բայց հետո, երբ ուշքի եկա, հասկացա, որ զարդարված գիրքը չի կարող գրադարանինը լինել»: 17-ամյա ապագա վեբ-դիզայներ Հակոբն էլ պատմում է. «Մի քանի տարի առաջ ակնկալում էի խաղալիք համակարգիչ։ Ու հենց այդ տարում էլ պարզեցի, որ Ձմեռ պապ չկա: Խաղալիքս ծնողներիս պահարանում էի գտել, բայց նրանց ոչինչ չասացի»: 40-ամյա շինարար Սարգիսը մինչ այսօր չի մոռանում Ձմեռ պապիկի իրեն բերած ամենասպասված նվերը՝ սահնակը: «11 տարեկան էի, այդ տարի սկսեցի շատ լավ սովորել, որ չջղայնացնեմ Ձմեռ պապիկին: Մինչ առավոտ անհանգիստ էի. գուցե նվերս չբերի, գուցե այդքան էլ լավ չեմ սովորել ու չարաճճի եմ եղել, բայց բախտս բերեց. առավոտյան սահնակը տոնածատռ տակ էր»,-ասում է նա:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լևոն Հայրապետյանը պատմում է. «Ձմեռ պապիկից ստացած իմ ամենահիշվող նվերը գնդակն է եղել: Այդ ժամանակ երևի 10 տարեկան էի: Ես նրան նամակ չէի գրել, բայց ծնողներս գիտեին ցանկությանս մասին»,-ասում է նա ու հավելում՝ նվերը դրված էր տոնածառի տակ: Ի դեպ, Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանը վնասվածք էր ստացել սեպտեմբերին՝ Բուլղարիա-Հայաստան հանդիպման ժամանակ, այնուհետև ենթարկվել էր վիրահատության: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցի ժամանակ ասել էր, որ այժմ իրեն լավ է զգում: Ամանորի կապակցությամբ նա բոլորին մաղթում է առողջություն և հաջողություններ:
Նազենի Բաղդասարյան