«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանն այսօր առավոտյան աչքերը կարել է՝ պահանջելով, որ իրեն ցուցաբերվի համապատասխան բուժօգնություն, քանի որ ունի առողջական խնդիրներ:
Այդ մասին «Pastinfo.am» -ին տեղեկացրեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ղլեչյանը՝ հավելելով, որ Արտակ Հակոբյանը ենթարկվել է բազմակողմանի բժշկական քննության, սակայն պատոլոգիաներ չեն հայտնաբերվել: Վերջինս գտնվում է բժիշկների, ինչպես նաև հոգեբույժի հսկողության տակ:
Այն հարցին հնարավո՞ր է Արտակ Հակոբյանն ունի հոգեկան լուրջ խնդիրներ, Գոռ Ղլեչյանը նշեց, որ «չի կարող ասել, որ հոգեկան խնդիրներ ունի, քանի որ հոգեբանը եզրակացություն չի արել»:
Նշենք, որ Արտակ Հակոբյանը դատապարտվել է 2011թ. մարտի 29-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով,178-րդ հոդվածի 2-րդ մասով 1 և 3 կետերով, 179 –րդ հոդվածի 1-ին մասով, 182-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ 2-րդ մասով: